Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԷՔՍՊԱՆՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ապրիլ 30,2005 00:00

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝
Վրաստան պաշտոնական այցի ընթացքում երեկ ունեցած հանդիպումների առանցքում հայկական
եկեղեցիներին առնչվող խնդրահարույց հարցերն էին: Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի
հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը խնդրեց նրա աջակցությունը, որ լուծվի
Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակի հարցը, որ
դրանք ունենան ոչ թե մասնավոր ընկերության կարգավիճակ, այլ դառնան հանրային իրավունքի
սուբյեկտ: Նաեւ արծարծեց Նորաշեն եւ Ախալցխայի Սուրբ Նշան հայկական եկեղեցիներին
առնչվող վերջին զարգացումների խնդիրը՝ ընդգծելով, թե միայն այս երկուսի մասին են
խոսում, թեեւ իրականում 9 եկեղեցու խնդիր կա, որոնց վրացական կողմն առաջադրում է
ինչ-ինչ պահանջներ: Իլիա Երկրորդն իրավական կարգավիճակի հարցը լուծելի համարեց
օրենսդրական կարգավորման՝ «Կրոնի մասին» օրենքի միջոցով: Սակայն ի պատասխան Նորաշենի
վերաբերյալ պնդման՝ մի երկիմաստ ակնարկ արեց, թե դուք հղում եք անում պատմությանը,
մե՛նք էլ պատմություն ունենք՝ եկեք ուսումնասիրենք՝ այն հայկակա՞ն եկեղեցի է, թե՞
ոչ: Ավելի որոշակիացրեց, թե ժամանակին Նորաշենը կառուցվել է վրացական եկեղեցու հիմքերի
վրա: Ի վերջո, պայմանավորվեցին ստեղծել մի աշխատանքային խումբ, որ կքննի հայկական
եկեղեցիներին առնչվող տարաձայնությունները: Նշենք նաեւ, որ Իլիա Երկրորդն ազգային
փոքրամասնությունների մշակութային ժառանգության վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանեց.
«Կարծում եմ, մեր կառավարությունը բավականաչափ մեծ ուշադրություն է հատկացնում Վրաստանի
էթնիկ փոքրամասնություններին: Եվ եթե կան էլ տնտեսական, սոցիալական ինչ-որ խնդիրներ՝
դրանք նույնն են ոչ միայն փոքրամասնության, այլեւ Վրաստանի բոլոր բնակիչների համար»:
Իսկ ԱԺ նախագահը վրաց պատրիարքի հետ հանդիպումից հետո նրա այս պնդումների
վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նկատեց. «Լավագույն տարբերակը ոչ թե առճակատումն
է, այլ այդ աշխատանքային խմբի ստեղծումը: Մենք էլ մեր պատմական փաստաթղթերն ու արխիվներն
ունենք: Եվ 9 եկեղեցիներից եթե գոնե մի քանիսի հարցը հաջողվի լուծել…»: Ի դեպ,
Իլիա Երկրորդը նաեւ նշել էր, որ եթե հայկական եկեղեցին իր թեմի առաջնորդն ունի Վրաստանում՝
վրաց եկեղեցին չունի նման ներկայացուցիչ: Մեր խորհրդարանի ղեկավարն առաջարկեց սահմանել
վրաց եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում: Իսկ պատասխանելով լրագրողի
հարցին, որ եթե առաջնորդ ունենան՝ առանց հավատացյալների, դա ի՞նչ է տալու իրենց՝
Արթուր Բաղդասարյանն ասաց. «Պատրիարքը պնդում է, թե Հայաստանում կան վրացի հավատացյալներ:
Համենայն դեպս, այս ներկայացուցիչը մի լրացուցիչ մեխանիզմ կլինի եկեղեցական խնդիրները
քննարկելու համար: Չեմ ուզում հայտարարություններ անել, որոնք կվնասեն այս գործին,
բայց առանց այդ էլ՝ 30-ից ավելի հայկական եկեղեցիների ճակատագրի առնչությամբ այս
տարիների ընթացքում եղել են տարբեր վիճահարույց իրողություններ: Գոնե եղածի կապակցությամբ
պետք է կարողանանք հետեւողական լինել: Կարգավիճակի բացակայության պայմաններում իրոք
շատ հեշտ է մանիպուլյացիաներ անելը: Եթե լինի կարգավիճակ՝ եկեղեցին արդեն իրավական
գրանցում կունենա, սեփականության վկայագրեր եւ կարող է տեր կանգնել եկեղեցապատկան
հողերին»: Նշենք, որ այս ամենն ԱԺ նախագահն ասում էր հայ մշակութային եւ հասարակական
գործիչների՝ պանթեոն այցելության ընթացքում: Պանթեոնը նորոգվել է 2002-ի նոյեմբերին՝
«Հզոր Հայրենիք» կուսակցության, «Երեւան» հիմնադրամի, Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետարանների,
Վրաստանում Հայաստանի դեսպանատան ջանքերով: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ երկու
տարի առաջ այս պանթեոնը փաստացի դարձել էր ավերակ: Մինչդեռ այստեղ են թաղված Հովհաննես
Թումանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Ղազարոս Աղայանը եւ մեր այլ մեծեր: «Կարծում
եմ, որ այս պանթեոնի խնդիրը նույնպես պետք է մշտապես առաջադրենք Վրաստանի իշխանություններին,
որ այն առնվի հատուկ պահպանության տակ»,- ասաց ԱԺ նախագահը՝ հիշեցնելով 2 տարի առաջ
պանթեոնում կատարված գողությունը: Երեկ պատվիրակությունը այցելեց նաեւ Թբիլիսիի
հայկական դրամատիկական թատրոն, որտեղ է՛լ պայթյուն էր եղել, է՛լ հրդեհ: Թեեւ այս
թատրոնի համար Հայաստանի բյուջեով առանց այն էլ նախատեսվում է որոշ գումար՝ ԱԺ նախագահն,
ընդառաջելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի խնդրանքին, խոստացավ նրանց նաեւ մեքենա
տրամադրել՝ հյուրախաղերի համար: Ի դեպ, Վրաստանի բյուջեով ադրբեջանական թատրոնին
ավելի շատ գումար է հատկացվում, քան հայկականին: Այս հանգամանքն ընդգծվեց
հայ համայնքի ներկայացուցիչների հետ ԱԺ նախագահի հանդիպման ընթացքում: Այստեղ հնչեցին
բազմաթիվ բողոքներ: Մասնավորապես՝ Ախալցխայի հայկական դպրոցի տնօրեն Լյուբա Մաթեւոսյանը
հայտարարեց, թե դեռ չեն տեսնում Հայաստանի կողմից իրականացվող քայլեր ուսուցիչների
վերապատրաստման ուղղությամբ, մինչդեռ Վրաստանում կա շուրջ 150 հայկական դպրոց (Արթուր
Բաղդասարյանը խոստացավ, թե Վրաստան կայցելի նաեւ Հայաստանի կրթության նախարարը):
Իսկ վիրահայ գրողների «Վերնատուն» միության նախագահը պնդեց, թե վրացական հեղափոխությունից
հետո ստեղծված վիճակն այնքան էլ բարենպաստ չէ Հայաստանի համար՝ փաստարկելով վրացերենի
չիմացության պատճառով աշխատանքից ազատման բազմաթիվ դեպքերը եւ որպես դրա անուղղակի
հետեւանք՝ ավելացած արտագաղթը: Իբրեւ այս երկօրյա այցի ամփոփում՝ Վրաստանում
Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւին լրագրողները խնդրեցին գնահատել, թե կայացած հանդիպումները
որքանով կնպաստեն կուտակված խնդիրների լուծմանը: Նա պատասխանեց, թե խնդիրները չեն
լուծվում 1-2 հանդիպումներով. «Դա պահանջում է հետեւողական աշխատանք»: Սակայն նաեւ
նշեց, թե օգտակար է, որ Վրաստանում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ շեշտվեն հայ
հանրությանը հուզող հարցերը, որպեսզի պարզ դառնա, թե դրանք ոչ ոք չի հանել օրակարգից:
Իսկ Արթուր Բաղդասարյանն այս այցելության ընթացքում բազմիցս արձանագրեց, թե հայ-վրացական
շփումներում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ուստի ինքը հանդես է գալիս գործնական,
այլ ոչ թե զուտ «արարողակարգային բարեկամության» օգտին: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել