Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԼԻՆԵՆՔ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ»

Ապրիլ 29,2005 00:00

«ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԼԻՆԵՆՔ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ» Խոստանում է պատգամավոր Ստեփան Զաքարյանը Ե՞րբ է սկսվելու, ի՞նչ է սկսվելու, ումո՞վ է սկսվելու եւ ինչո՞վ է ավարտվելու: Երեկ մենք զրուցեցինք «Արդարություն» խմբակցության անդամ, ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանի հետ եւ նրան ուղղեցինք վերոհիշյալ հարցերը: Ստեփան Զաքարյանի գնահատմամբ, այսօր կոալիցիան բացարձակ զուրկ է ինքնուրույն գործելու հնարավորությունից եւ կարողությունից, իսկ այն, ինչ կատարվում է կոալիցիայում, իսկապես հետաքրքիր է. «Իսկապես երեւում է, որ կոալիցիայի ներսում շիկանում են նախընտրական կրքերը: Դա երեւում է ե՛ւ «Օրինաց երկրի» պահվածքից, ե՛ւ Դաշնակցության վերջին «ընդդիմադիր» ակտիվացումներից, հատկապես վերջին նախաձեռնությունը նկատի ունեմ, երբ իրենց պաշտպանության տակ առնվեց Արամ Կարապետյանը: Բայց նաեւ երեւում է, որ կոալիցիայի ինքնուրույնությունը տեւում է այնքան ժամանակ, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը չի խոժոռել հոնքերը: Հենց չորրորդ կողմը որոշի հոնքերը խոժոռել, իշխանական քաղաքական ուժերը անմիջապես կդառնան հլու-հնազանդ: Սա այսպես էլ կշարունակվի, քանի դեռ հստակ չէ, թե ով է Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը: Պայքարը իշխանության ներսում դեռ կշարունակվի: Իհարկե, պայքարը կշարունակվի իրավահաջորդի հետ կապված, սակայն իրենք ներքին զգացողություն ունեն, թե ով է ի վերջո դառնալու իրավահաջորդը: Պաշտպանության նախարարի ակտիվացումն հենց այնպես չի»: Ստեփան Զաքարյանի գնահատմամբ, ինչ էլ լինի, ով էլ լինի կամ՝ չլինի իրավահաջորդը, պատասխանատվությունը լինելու է բոլորինը, բոլոր այն ուժերինը, որոնք այսօր իշխանության մաս են կազմում. «Բայց նույնիսկ եթե ոչինչ չկատարվի, որքան մոտենա ԱԺ նոր ընտրությունների ժամկետը, կոալիցիայի ներքին խնդիրները ավելի կշատանան եւ այս երեւույթներն ավելի կակտիվանան: Կարծում եմ, որ այս աշուն բավականին լուրջ իրադարձություններ տեղի կունենան, եւ մենք արդեն սեպտեմբերին կլինենք լուրջ փոփոխությունների շեմին: Չեմ ուզում ասել, թե ինչպիսի փոփոխություններ, ինչ կարգով եւ ինչպես, բայց ակնհայտ է, որ դրանք լինելու են»: Ընդդիմությունը ժամանակին պնդում էր, որ փոփոխությունների, համաժողովրդական ընդվզումի նոր ալիք հնարավոր է բարձրանա սահմանադրական հանրաքվեի ժամանակ, որը, ըստ որոշ ընդդիմադիր գործիչների, չի բացառվում, որ վերածվի վստահության հանրաքվեի: Արդյո՞ք հենց այս ժամկետները նկատի ունենալով է մեր զրուցակիցը շեշտում աշնան սկիզբը, մանավանդ՝ սահմանադրական հանրաքվեն հնարավոր է անցկացվի ամռան վերջին: Ընդդիմությունը պնդում էր նաեւ, որ իշխանությունները ամենեւին էլ շահագրգիռ չեն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցում: Իսկ եթե գործընթացն սկսվի՝ ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու ընդդիմությունը: Մանավանդ՝ նախորդ օրը նախագահականում «Ընտրական օրենսգրքի» հետ միասին կոալիցիոն ուժերը քննարկել են նաեւ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ, ըստ ամենայնի, մայիսի երկուսին սկսվող ԱԺ հերթական քառօրյայում սահմանադրական փոփոխությունների հարցը նույնպես կընդգրկվի: Ուրեմն, հիմա ի՞նչ է ասվելու, երբ կոալիցիան կարծես թե պատրաստվում է փոփոխությունները քննարկել խորհրդարանում: Ստեփան Զաքարյանի ներկայացմամբ. «Սահմանադրական փաթեթի հերթական քննարկումը նախագահականում դարձյալ ցույց է տալիս, որ, այսպես կոչված, կոալիցիայի նախագիծը ոչ թե նույն կոալիցիայինն է, այլ Ռոբերտ Քոչարյանինը, եւ իշխանությունը դարձյալ մտածել է, թե որտեղ կարող է թոզ փչել Վենետիկի հանձնաժողովի աչքին. կարծում եմ, իրականում իրենք հենց սա են քննարկել եւ ոչ թե բուն սահմանադրական փոփոխությունները»: Իսկ ընդդիմության, մասնավորապես՝ «Արդարություն» դաշինքի դիրքորոշումը ո՞րը պետք է լինի՝ մասնակցելո՞ւ են սահմանադրական քննարկումներին, թե՞ բոյկոտը այս դեպքում եւս շարունակվելու է: Սակայն, մյուս կողմից, դաշինքը հայտարարել էր, որ երկրի համար կարեւորագույն հարցերի քննարկումներին իրենք չեն կարող ձեռքերը ծալած նստել: Ստեփան Զաքարյանը հիշեցրեց, որ իրենք ժամանակին կոալիցիային ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների իրենց տարբերակը եւ առաջարկությունները, սակայն կոալիցիան, որ շարունակ միայն խոսում է ընդդիմության հետ երկխոսության մասին, այս դեպքում լռեց. «Նոր առաջարկ մենք կոալիցիայից չենք ստացել, բայց, իհարկե, մեզ մտահոգում է, որ այս իշխանությունները ամեն ինչ անում են իմիտացիոն կարգով: Այս առումով առայժմ չեմ կարող ասել, թե նրանք հանուն իմիտացիայի ուրիշ ի՞նչ քայլերի կարող են գնալ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել