Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ

Ապրիլ 29,2005 00:00

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՍԿԵՊՏԻՑԻԶՄԻ Վրաց խորհրդարանի շենքի վրա՝ Եվրախորհրդի եւ Վրաստանի իրար մոտ փակցված դրոշների կողքին երեկ հայտնվել էր նաեւ հայկական եռագույնը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ Վրաստան պաշտոնական այցի առաջին օրն իսկ հանդիպումներ կայացան Միխեիլ Սահակաշվիլու եւ Նինո Բուրջանաձեի հետ: Բոլոր այս հանդիպումների համար առանցքային էին Ջավախքին եւ երկաթուղային փոխադրումներին վերաբերող հարցերը: Վրաստանի նախագահը Հայաստանի պատվիրակության հետ հանդիպումը սկսեց հենց Ջավախքին անդրադարձով. «Մեկնում եմ ամենամեծ գյուղը՝ Նինոծմինդա, որտեղ այսօր սկսում ենք զրոյից կառուցել հայկական նոր, մեծ դպրոց, որը շահագործման կհանձնենք մինչեւ սեպտեմբերի 1-ը: Եվ ընդհանրապես, մենք սկսել ենք շատ լրջորեն զբաղվել Ջավախքի խնդիրներով»: Միխեիլ Սահակաշվիլին մասնավորապես հայտնեց, թե զբաղվելու են ճանապարհների վերակառուցմամբ եւ բարեկարգմամբ: Նաեւ տեղեկացրեց. «Սկսում ենք սոցիալական ռեաբիլիտացիայի մեծ ծրագիր, այդ թվում՝ նաեւ այն մարդկանց համար, որոնք այժմ աշխատում են ռուսական ռազմակայաններում: Այդ ծրագիրն իրականացվելու է նրանցից յուրաքանչյուրի համար: Մենք չենք պատրաստվում այնտեղ բացել նոր զորամաս, բայց առաջարկում ենք նրանց, ովքեր ցանկություն կունենան՝ նույն աշխատավարձով կամ առավել մեծ աշխատավարձով, որ նրանք այսօր ստանում են՝ ծառայել վրացական զինված ուժերի մերձակա զորամասերում: Իսկ ով նման ցանկություն չունի՝ նրանց համար կիրականացնենք սոցիալական ռեաբիլիտացիայի առանձին ծրագիր՝ բիզնեսի կամ այլ ոլորտներում, որ այդ մարդիկ չկարծեն, թե նրանք ինչ-որ բան են կորցրել»: Հետո Արթուր Բաղդասարյանի եւ Նինո Բուրջանաձեի համատեղ ասուլիսի ընթացքում «Ազգի» թղթակիցը հարց ուղղեց Վրաստանի խորհրդարանի նախագահին, թե քանի՞ նոր աշխատատեղ են ստեղծել վերջին տարիներին, որ հիմա ռեաբիլիտացիայի առանձին ծրագիր են իրականացնելու Ջավախքի համար: Նինո Բուրջանաձեն ի պատասխան հույս հայտնեց, թե հարցում չկա սկեպտիցիզմ, սակայն նաեւ անկեղծորեն խոստովանեց, որ աշխատատեղերի առումով՝ «Առանձնապես պարծենալու բան չունենք»: Ի դեպ, նաեւ հայտարարեց, թե Ջավախքում ոչնչով վատ չէ իրավիճակը, քան ցանկացած այլ տարածաշրջանում. «Անկեղծ ասած, ես կողմնակիցը չեմ, որ առանձնակի ջերմոցային պայմաններ ապահովեն առանձին տարածաշրջանների համար: Ինչպես պետք չէ հավելյալ խնդիրներ առաջացնել եւ խտրականություն կիրառել մարդկանց նկատմամբ, այդպես էլ պետք չէ նրանց հանդեպ դրական խտրականություն կիրառել եւ ստեղծել ջերմոցային պայմաններ: Հենց նրա8217 համար, որ այդ մարդիկ զգան, թե լիարժեք քաղաքացիներ են, այնպիսին են, ինչպիսին մնացածները, եւ ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները պետության առջեւ»: Ասուլիսի ընթացքում Վրաստանի եւ Հայաստանի օրենսդիր մարմինների ղեկավարները մեկնաբանեցին նաեւ Ջավախքին ինքնավարություն տրամադրելու կոչերը: Նինո Բուրջանաձեն ընդգծեց, թե գնահատում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, թե դա Վրաստանի ներքին գործն է եւ դրան չեն միջամտելու: Իսկ Արթուր Բաղդասարյանը շեշտադրեց. «Մեզ համար շատ կարեւոր հարց է, որ մեր հայրենակիցներն ապրեն Վրաստանում բնականոն պայմաններում, որ չլինի խտրականություն»: Երկրորդ հիմնախնդրի առնչությամբ՝ Միխեիլ Սահակաշվիլին հանդիպման ընթացքում խոստացավ. «Կանենք ամեն ինչ, որ հայկական տարանցիկ բեռնափոխադրումների առնչությամբ չլինեն խնդիրներ Վրաստանի տարածքում»: Նինո Բուրջանաձեի եւ Արթուր Բաղդասարյանի համատեղ ասուլիսի ընթացքում բեռնափոխադրումների վերաբերյալ հարց ուղղեց վրացի լրագրողը՝ նշելով, թե Հայաստանը մեկ անգամ չէ, որ շահագրգռություն է հայտնել Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկմամբ, եւ հետաքրքրվեց, թե այս կապակցությամբ ի՞նչ աջակցություն կարող է ցուցաբերել հենց հայկական կողմը, եւ արդյոք այս հարցերը քննարկվո՞ւմ են այս այցի ընթացքում: Հայաստանի խորհրդարանի նախագահն ի պատասխան ասաց, որ թե8217 Սահակաշվիլու, թե8217 Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ ցուցաբերվել է լիակատար փոխըմբռնում, թե անհրաժեշտ է որոշակի քայլեր անել, որ աբխազական երկաթուղին վերսկսի գործել. «Մենք լսեցինք Վրաստանի նախագահի պաշտոնական հայտարարությունը, թե պատրաստ են քննարկել այդ հարցը: Սա համարում ենք քաղաքական կարեւոր հայտարարություն եւ գտնում ենք, որ դրանից հետո մեր կառավարությունը եւ խորհրդարանը կփորձեն որոշակիորեն աջակցել, որ այդ ծրագիրը կարողանա իրապես գործել»: Արթուր Բաղդասարյանը նաեւ նշեց, որ եթե քաղաքական կամք ցուցաբերվի հիմնական գործընկերների կողմից՝ «կարծում եմ, հնարավոր կլինի նաեւ գումարներ գտնել: Ինչպես ասաց նախագահ Սահակաշվիլին՝ կարող են լինել նաեւ որոշակի ներդրումներ»: Հանդիպումների այս շարքում արժե առանձնացնել հայ պատգամավորների շփումները Վրաստանի խորհրդարանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների մշտական պատվիրակության հետ: Զրույցի առանցքն էլի, իհարկե, Ջավախքի բնակչության ցավագին արձագանքն էր ռուսական ռազմակայանների դուրսբերմանը ու բեռնափոխադրումները: Սակայն եղան նաեւ այլ հարցադրումներ, որոնք առաջադրում էին վրացի երկու պատվիրակները, որոնցից մեկը ներկայացնում էր խորհրդարանական ընդդիմությունը՝ «Նոր աջերը»: Ահա նրանք հետաքրքրվեցին. «Ինչպե՞ս է ձեզ մոտ, Երեւանում: Էլի բոյկոտո՞ւմ են»: Հետո հարցրին Դավիթ Շահնազարյանի մասին, թե ինչ է անում նա: Մեկ այլ հարց էլ վերաբերում էր Հրանտ Բագրատյանին, թե արդյոք նա ստեղծե՞լ է քաղաքական ինչ-որ ուժ: Նկատի ունեցեք, որ մեր պատվիրակության մեջ բացառապես իշխանությունը ներկայացնող պատգամավորներ են, եւ նրանք հարկադրված էին պատասխանել նման հարցերի, որոնց երբեմն չէին էլ տիրապետում: Օրինակ, եթե չլիներ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի օգնությունը՝ նրանք թերեւս չկարողանային ճշգրիտ նշել Բագրատյանի կուսակցության անունը, որն, ի դեպ՝ ՕԵԿ պատգամավոր Մեխակ Մխիթարյանն իր վրաց գործընկերներին ներկայացրեց իբրեւ չգործող քաղաքական ուժ: Վերջում նշենք, որ Նինո Բուրջանաձեն երեկ նաեւ հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-վրացական միջխորհրդարանական մի հանձնաժողով ստեղծելու մասին, որը կզբաղվի փոխշահավետ համագործակցության եւ արդյունավետության բարձրացման հարցերով: Նաեւ քննարկվել է միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների գործունեության կոորդինացման հարցը: Իսկ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց, որ երկու երկրների խորհրդարանների գործունեությունն արդյունավետ լինի Հարավային Կովկասի միասնական միջխորհրդարանական վեհաժողով ձեւավորելու հարցում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԹբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել