ԵԽԽՎ-Ն ԼՂ ԽՆԴՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵՑ Որում ընդգրկված է Թուրքիայի ներկայացուցիչը «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ապրիլի 25-ին որոշում է կայացվել ստեղծել ԵԽԽՎ Ղարաբաղի խնդրի կարգավորման ժամանակավոր կոմիտե: Նորաստեղծ կառույցը ղեկավարում է Վեհաժողովի նախկին նախագահ, բրիտանացի պատգամավոր լորդ Ռասսել Ջոնսթոնը». փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Ըստ այդմ, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներից բացի, կոմիտեի կազմում կլինեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Շվեդիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ԵԽԽՎ այլ կոմիտեների ներկայացուցիչները: Բացի այդ, նորաստեղծ կառույցի շրջանակներում իրենց գործունեությունը կշարունակեն ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի համազեկուցողներ Անդրեաս Գրոսն ու Անդրես Հերկելը։ Նախատեսվում է, որ կոմիտեի յուրաքանչյուր անդամ պատրաստելու է Ղարաբաղի հարցով տարեկան հաշվետվություն: Այդ կապակցությամբ սպասվում են կոմիտեի անդամների պարբերական այցերը Հայաստան, Ադրբեջան եւ Ղարաբաղ: Արդյոք սա չի՞ նշանակում, որ հակառակ ՀՀ իշխանությունների պնդումների եւ փայփայած հույսերի՝ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրով, բացի ԵԱՀԿ-ից, սկսում են ակտիվորեն զբաղվել ԵԽԽՎ-ում եւ ԵՄ-ում: Եվ ընդհանրապես, դրանից բխող ի՞նչ զարգացումներ են սպասվում ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում: Մեր զրույցի ժամանակ «Ազգային եւ ռազմավարական կենտրոնի» փորձագետ Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ այդ նախաձեռնությունը անակնկալ համարել չի կարելի: «Դեռ մինչեւ ԵՄ հայտարարած «Նոր հարեւանություն» ծրագիրը, արդեն մի քանի տարի միջազգային փորձագիտական շրջանակներում շատ լուրջ քննարկումներ էին գնում, որ Եվրոպայում անվտանգությանը խոչընդոտող կամարներ չպետք է լինեն՝ նկատի ունենալով հակամարտությունները: Երբ Կովկասը հայտարարվեց ԵՄ եւ ՆԱՏՕ-ի շահերի գոտի, Եվրոպայում եկան այն եզրակացության, որ հակամարտություններն այդ տարածաշրջանում այլեւս կառավարելի լինել չեն կարող: Մինչ այդ խնդիրը դրված է եղել ոչ այնքան հակամարտությունները լուծելու, որքան դրանք կառավարելի դարձնելու, ասել է թե՝ նոր պատերազմներ թույլ չտալու տեսանկյունից: Հիմա շատ ակտիվ անցում է կատարվել հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, կարգավորման գործընթացին: Մեկ տարի առաջ եվրոպական լուրջ փորձագիտական կենտրոններ եւ փորձագետներ, ինչպիսին օրինակ՝ Մայքլ Էմերսոնն է, որոնք սպասարկում են եվրոպական տարբեր հեղինակավոր կառույցների, շրջանառության մեջ էին դրել մի գաղափար, ըստ որի՝ նաեւ ԼՂ հակամարտող կողմերն իրենց մեջ ուժ չունեն խնդիրը կարգավորելու: Հիշեցնեմ նաեւ տարբեր մակարդակներում հնչած այն հայտարարությունները, թե կողմերը կարգավորման տարբեր պատկերացումներ ունեն, իշխանությունները չեն ուզում խնդիրը կարգավորել եւ այլն: Այդ նույն փորձագետների եզրակացությունները հիմք ընդունելով՝ ԵՄ-ն սկսեց աստիճանաբար ներգրավվել հակամարտության կարգավորման գործընթացում»,- նշեց պրն Սաֆարյանը։ Անդրադառնալով ԵԽԽՎ Ղարաբաղի խնդրի կարգավորման ժամանակավոր կոմիտեում Թուրքիայի ներգրավմանը՝ Ս. Սաֆարյանն ասաց, թե դա վտանգներ, անշուշտ, պարունակում է. «Շատ լուրջ աշխատանք, մշակված քաղաքականություն պետք է տարվի, որի հիմնական երաշխիքը պետք է լինի մեր երկրի ժողովրդավարացման աստիճանը: Եթե մենք մեր տարածաշրջանում դա չապահովենք՝ պարզ է, որ տանուլ կտանք»: Ի դեպ, փորձագետը, որ ապրիլի կեսերին մասնակցել էր Լոնդոնում Միջազգային հարաբերությունների թագավորական ակադեմիայի՝ «Չեթեն հաուսի» նախաձեռնած մի հանդիպման, որտեղ քննարկվել էր ԼՂ հակամարտության հարցն ու դրա ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման վրա, պատմեց, որ այդ քննարկումների հանրագումարում մասնակիցները եզրակացրել էին, որ վրացական կամ ուկրաինական սցենարները Հայաստանում չեն կարող կրկնվել, որովհետեւ կեղծված ընտրությունները ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում հասարակական զանգվածներին փողոց դուրս չեն բերում: «Եզրահանգումը մեկն էր. ԼՂ հակամարտության լուծումը միջազգային հանրությունը տեսնում է այսօրվա ստատուս-քվոն վերացնելու մեջ՝ միաժամանակ հասկանալով, որ դա չպետք է հանգեցնի ռազմական գործողությունների: Այդ իմաստով նկատի էր առնվում հատկապես հակամարտության լուծման աջարական սցենարը: Իսկ դրա հիմնական ելակետը ԵՄ պաշտոնական շրջանակներում համարում են հակամարտող երկրներում կլանների վերացումը՝ նկատի ունենալով, որ հակամարտությունների առանցքը հենց կլաններն են, որոնք փլուզելու դեպքում հակամարտությունները հնարավոր կլինի լուծել: Իսկ կլանները եւ Ադրբեջանում, եւ Հայաստանում ջարդելու համար քննարկման մասնակիցները անհրաժեշտ են համարել, որ այդ երկրների հասարակությունները փողոց դուրս բերվեն: Միակ գործոնը, որը կարող է դա կենսագործելի դարձնել, ըստ միջազգային փորձագետների, ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրն է: Այս ամենը, ըստ իս, կատարվում է հենց այդ համատեքստում, եւ հիմնական նպատակը այդ երկրներում իշխանափոխություն իրականացնելն է»,- այսպիսի եզրահանգում արեց Ս. Սաֆարյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ