Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՊՆ ԱՄՈՒՐ Է

Ապրիլ 29,2005 00:00

Երեկ մայրաքաղաքի «Արարատ» հյուրանոցային համալիրում սկսվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի այս տարվա առաջին վեհաժողովը:

Այն բացեց համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը: Օրակարգային հարցերը ներկայացրեց համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ռոլանդ Շառոյանը:

Վեհաժողովում ընդգծվեց, որ Համահայկական խաղերը նշանակալի դեր են կատարում ինչպես օտար երկրներում ապրող մեր քույրերին ու եղբայրներին հայրենիքին կապելու, այնպես էլ հենց Հայաստանում ֆիզկուլտուրան, սպորտը տարածելու եւ զարգացնելու գործում: Նաեւ համոզմունք հայտնվեց, որ Խաղերի սփյուռքահայ մասնակիցները պետք է Երեւան գան ոչ միայն զբոսաշրջիկի կարգավիճակով, այն օգտագործեն որպես հայրենիքը տեսնելու առիթ, այլեւ իրենց ցուցադրեն որպես մարտունակ, բարձրակարգ մարզիկներ: Դա հնարավորություն կընձեռի նաեւ նրանցից լավագույններին ընդգրկել Հայաստանի օլիմպիական եւ ազգային հավաքականներում: Անհրաժեշտ է Համահայկական խաղերի մարզական հեղինակությունը էլ ավելի բարձրացնել, որպեսզի դրանք ծառայեն հենց այն նպատակին, որի համար էլ հիմնադրվել են:

Հաջող մեկնարկից հետո Խաղերում ընդգրկված մարզաձեւերի քանակը տարեցտարի ավելանում է: Այս անգամ էլ առաջարկ եղավ անցկացնել նաեւ երկար մրցատարածությունների վազք՝ «Երեւանյան մարաթոն» անվանումով: Աշխարհում մեծ մասսայականություն վայելող նման վազքարշավ կազմակերպելով կգովազդվեն ոչ միայն Համահայկական խաղերը, այլեւ աթլետիկան, մարզաձեւ, որում հայերը վերջին քսան տարիներին կամ հանդես չեն գալիս, կամ առանձնակի բարձր արդյունքներ չեն ունենում:

Ժամանակին որոշում է ընդունվել, ըստ որի Համահայկական խաղերն այսուհետեւ կազմակերպվելու են չորս տարին մեկ, այսինքն հաջորդը կայանալու է 2007 թվականին: Սակայն հաշվի առնելով հատկապես բասկետբոլի վայելած մեծ հեղինակությունն ինչպես մասնակիցների, այնպես էլ հայաստանցի մարզասերների շրջանում, այս տարի դրանց ծրագրով Մարզահամերգային համալիրում անցկացվելու է մարզաձեւի մեծ մրցաշար: Նշվեց, որ արդեն քաղաքից ավելի քան մեկուկես տասնյակ մասնակցության հայտ է ստացվել ու այդ թիվն օրավուր աճելու միտում ունի:

Վեհաժողովում Խաղերի հիմնադրման ու կայացման գործում ունեցած անչափ մեծ ծառայությունների համար ամերիկահայ գործարար, բարեգործ ու մեկենաս Ալբեր Բոյաջյանին շնորհվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հուշամեդալ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել