«ԱՐՏԱՇԵՍ՝
ԲՂԱՎՈ» Այսպես արձագանքեց Արտաշես Գեղամյանի ելույթին մեր բարեկամ
հպարտ երկրի պատվիրակության ղեկավարը: Ուշագրավն այն է, որ այս օրերին Ստրասբուրգում
ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայոց ցեղասպանության տարելիցի
վերաբերյալ այդպես էլ ոչ մի հիշատակում չէր լինի, եթե ելույթով հանդես չգար «Ազգային
Միաբանություն կուսակցության» ղեկավար Արտաշես Գեղամյանը: Կարծում ենք, հենց այս
պարագայում տեղին կլիներ, որ պարոններ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնաթող
Կառլոս Պետրոսյանի հետ, «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպեին «ջերմ» դիմավորում:
Երեւանի թաղապետարաններն էլ «վերեւից իջեցված» հրահանգով մարդկանց խմբաքանակ ապահովեին՝
համապատասխան բովանդակություն ունեցող պաստառներով, որոնցով կդիմավորեին ԵԽ-ի պատվիրակության
կոալիցիայի մաս կազմող ղեկավարներին, որոնք այդպես էլ ելքը չգտան Մեծ եղեռնի 90-ամյա
տարելիցի օրերին Ստրասբուրգում հնչեցնել 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը դատապարտող
հայտարարություն… Այստեղ է, որ իրավամբ ուզում ենք կրկնել՝ «Բղավո՝ Արտաշես
Գեղամյանին»… Արտաշես Գեղամյանի ելույթը ԵԽԽՎ-ում Ստրասբուրգ,
27 ապրիլի 2005թ. Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ. Հայ
ժողովրդի համար միգրացիայի հարցերն ավելի քան մեկուկես դար է, ինչ չեն կորցնում իրենց
արդիականությունը: Ֆրանսիացի հայտնի գրող Անատոլ Ֆրանսը 1916թ. ցասումով դատապարտել
է եվրոպական կառավարիչներին՝ հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ վերջիններիս անգործունյա
անտարբերության համար: Նա գրել է. «Արեւելքում մահանում է մեր քույրը: Նրա ողջ մեղքն
այն է, որ նա կիսում է մեր զգացմունքները, սիրում է այն, ինչ սիրում ենք մենք: Ինչպես
եւ մենք, նա ներառել ու իր մեջ մարմնավորել է իմաստությունը, արդարացիությունը, պոեզիան,
արվեստը: Ահա դրանում է եւ կայանում նրա «աններելի» հանցանքը: Հայաստանը վերջին շունչն
է փչում, բայց նա կվերածնվի: Այս մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է, թանկագին
արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ»: Մեծ մարդասերն ահա այսպես է բնութագրել
1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հարյուր
հազարավոր հայերի ճակատագիրը: Հրաշքով ողջ մնացած հայերը փախուստով փրկվեցին
արաբական երկրներում: Հարյուր հազարավորները ապաստան եւ կացարան գտան Ռուսական կայսրությունում,
Ֆրանսիայում ու Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: Այդ տարագիրներից շատերի,
վերջիններիս զավակների անունները ոսկե տառերով են գրված նրանց երկրորդ Հայրենիքի
նորագույն պատմության մեջ: Ֆրանսիայում մեծարանքով են վերաբերվում տաղանդավոր գրող
Անրի Թրուայայի եւ կինոռեժիսոր Անրի Վերնոյի ստեղծագործությանը, սիրում եւ հպարտանում
են Շառլ Ազնավուրով: Եգիպտացիները խորին հարգանքով են արտասանում 19-րդ դարի իրենց
լավագույն պրեմիեր-մինիստրներից եւ արտաքին գործերի նախարարներից մեկի՝ պետական նշանավոր
գործիչ-հումանիստ Նուբար Փաշայի անունը, մարդ, որը փրկեց եւ կարգավորեց սիրիական
Դեր-Զորի մահվան անապատից՝ թուրքական յաթաղանից փախած իր տասնյակ հազարավոր հայրենակիցներից
շատերի կյանքը: Արաբական Արեւելքը, ինչու չէ՝ նաեւ Եվրոպան, եւ, անշուշտ, լիբանանցիները
մշտապես բարի զգացմունքներով պետք է հիշեն հայ գաղթականուհու որդուն, Լիբանանի մեծ
զավակին, ահաբեկիչների ձեռքով սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիին:
Երախտապարտ ամերիկացիները հպարտանում են տաղանդավոր գրող Վիլյամ Սարոյանով եւ նկարիչ
Արշիլ Գորկիով, նշանավոր կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանով եւ Կալիֆորնիայի նույնքան
անվանի նահանգապետ, Ռոնալդ Ռեյգանի մերձավոր բարեկամ ու զինակից Ջորջ Դոքմեջյանով:
Մեր պատմության ողբերգական էջերը ցավով են արձագանքվում այսօրվա սերնդի սրտերում,
հատկապես ապրիլյան այս օրերին, երբ աշխարհասփյուռ տասներկումիլիոնանոց հայությունը
եկեղեցիներում եւ տաճարներում մոմեր է վառում ի հիշատակ Անատոլիայում անմեղ սպանված
մեկուկես միլիոն իրենց հայրենակիցների: Մենք նաեւ վերապրում ենք նրանց ճակատագիրը,
քանի որ հայերին բռնի միգրացիայի ենթարկելու վտանգն իր արդիականությունը չի կորցրել
եւ այսօր: Մեջբերում անեմ «Բակինսկի ռաբոչի» թերթի 2002թ. հուլիսի 25-ի համարում
«Զանգվածային լրատվական միջոցները պետք է լինեն ճշմարտության ազդարարը…» խորագրի
ներքո հրապարակված մի նյութից: Հեյդար Ալիեւը, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահը,
ի լուր ամենքի հրապարակեց ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պաշտոնական
Բաքվի քաղաքականության մասին: «Ես խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին,- իր հարցազրույցում
ասում է Ալիեւը,- երբ առաջին քարտուղար էի. այդ ժամանակ շատ եմ օգնել Լեռնային Ղարաբաղի
զարգացմանը: Միաժամանակ ձգտել եմ փոխել տեղի ժողովրդագրությունը: Լեռնային Ղարաբաղը
հարց էր բարձրացրել ինստիտուտ, բուհ բացելու մասին: Մեզ մոտ բոլորը դեմ էին դրան:
Ես մտածեցի, որոշեցի բացել: Մերձակա շրջանների ադրբեջանցիներին սովորելու էինք ուղարկում
ոչ թե Բաքու, այլ այնտեղ… Հիմնադրեցինք կոշիկի մեծ ֆաբրիկա: Մարզը շրջապատող վայրերից
ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ: Այս եւ այլ միջոցներով ես աշխատել եմ, որպեսզի
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թվաքանակը մեծանա, իսկ հայերինը՝ նվազի»: Ավելի
բացահայտ չես ասի: Այդ տարիներին իրականացվող ահա նման քաղաքականության մեջ է թաքնված
Ադրբեջանի հայաբնակ տասնյակ քաղաքներից եւ շրջաններից ավելի քան կես միլիոն հայերի
մասսայական տեղահանման պատճառները: Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի
դուրս հանելու հենց նման քաղաքականությունն էլ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների
պայքարին՝ իրենց ազգային ինքնորոշման համար: Եթե մենք այսօր ԵԽԽՎ-ում խորապես
չուսումնասիրենք Հարավային Կովկասի տարածաշրջանում միգրացիայի պատճառները եւ անհրաժեշտ
միջոցներ չձեռնարկենք դրանց առաջն առնելու համար, ապա պոտենցիալ վտարանդիներ կարող
են դառնալ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 140 հազար բնակիչները, որը տարածաշրջանում
կվերածվի հումանիտար աղետի: Ցավոք, այստեղ՝ ԵԽԽՎ-ում, ոմանք հող են նախապատրաստում
հայերի մասսայական տեղահանության համար՝ նրանց մատնելով մեր հարյուր-հազարավոր այն
հայրենակիցների ճակատագրի կրկնությանը, ովքեր XX դարի սկզբին բնակվել են Օսմանյան
կայսրությունում եւ Նախիջեւանի ինքնավարությունում, պատմական հայկական նահանգ, որի
տարածքը Ադրբեջանը բռնի զավթել է Հայաստանից: Հարգելի գործընկերներ. ապրիլի
առաջին օրերին աշխարհը հրաժեշտ տվեց Հռոմի պապին՝ Հովհաննես Պողոս Երկրորդին: Պապի
մահը սգում էին բոլորը՝ հրեաները, ուղղահավատ մահմեդականները, ինդուսները, քրիստոնյա-բողոքականները,
անգլիականականները, ուղղափառները, լուսավորչականները, ի դեմս իրենց պետության եւ
կառավարության ղեկավարների, հոգեւոր առաջնորդների, որոնք Պոնտիֆիկի հուղարկավորության
համար ժամանել էին Հավերժական քաղաք: Հրեաները Հովհաննես Պողոս Երկրորդին մեծապես
գնահատում էին Հոլոքոստի հանցագործության համար Երուսաղեմում՝ Լացի պատի մոտ կատարած
ապաշխարության համար: Մահմեդականներն արժանին էին մատուցում Պապի արիությանը, որը
կաթոլիկության ողջ պատմության ընթացքում առաջինն այցելեց Դամասկոսի իսլամական սրբավայրերը՝
Օմեյադների մզկիթը եւ սրբատեղին, Տիրոջ գերեզմանն ազատագրելու համար խաչակիրների
արշավանքների ընթացքում մահմեդականների թափված արյան՝ նրա հրապարակային մեղքերի խոստովանության
համար: Ուղղափառ քրիստոնյաները Պապին հարգում էին խաչակիրների կողմից 800 տարի առաջ
կատարածի՝ բյուզանդական սրբությունների, Կոստանդնուպոլսի տաճարի կողոպուտի եւ ավերածությունների
համար խոնարհաբար ապաշխարելու համար: Մեծ Պապը ինչպես հասարակ մարդկանց, այնպես
էլ աշխարհի հզորների սրտերը նվաճել էր այն բանի շնորհիվ, որ ապաշխարում էր այն մեղքերի
թողության համար, որ կատարվել էին ո՛չ իր կողմից եւ ո՛չ էլ իր պապության տարիներին:
Նա գիտակցում եւ սրտով զգում էր իր մեծ կոչումը: Եվ, թվում է, այդ օրերի ապրումներից
առաջին դասը պետք է առնեինք մենք՝ Ազատության եւ Ժողովրդավարության Տաճարի սպասավորներս,
Եվրախորհրդի Պալատի սպասավորներս, ԵԽԽՎ-ի պատգամավորներս: Թվում է, թե մենք պետք
է հետեւեինք նրան՝ փորձելով գիտակցել մեր սեփական կոչումը: Եվ մեզանից պահանջվում
էր, երեւի թե, շատ քիչ բան, մեր նստաշրջանի աշխատանքն սկսել ոտքի կանգնելով եւ մեկ
րոպե լռությամբ հարգելով 1915թ. ցեղասպանության զոհերի՝ մեկուկես միլիոն հայերի հիշատակը:
Եվ, թվում է, որ անհրաժեշտ էր դա անել թեկուզեւ այսօր՝ XX դարի այդ ահավոր ողբերգության
90-րդ տարելիցի առնչությամբ: Եվ միայն այդ պարագայում խորիմաստ եւ սրտառուչ այն խոսքերը,
որ ասվեցին պետությունների, կառավարությունների եւ եկեղեցական ղեկավարների կողմից
Պապին հրաժեշտ տալու օրերին, ոչ միայն հայերի, այլեւ աշխարհի ժողովուրդների կողմից
կընկալվեին որպես ժամանակակից քաղաքակրթությունների առաջնորդների գիտակցված ապաշխարանք՝
դեռեւս ոչ բոլոր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական դատապարտման,
աշխարհում չդադարող պատերազմների, հողագնդի համարյա մեկ միլիարդ քաղաքացիների՝ շարունակվող
սովի ու ծայրահեղ չքավորության համար: Եվ այդ տատասկոտ ճանապարհին որպես Արիադնայի
ուղեցույց թել կարող են ծառայել այն որոշումները, որ մենք ընդունում ենք այստեղ՝
Եվրոպայի սրտում: Առանց ԵԽԽՎ պատգամավորների կողմից իրենց կոչման գիտակցման՝ չի լինի
ոչ մեր մտադրությունների եւ գործողությունների Միաբանություն, ոչ մեզ Արդարացում
եւ ոչ էլ Փրկություն: Ցանկալի չէր լինի, որ մարդասեր-նորվեգացի, հայ ժողովրդի
մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի խոսքերը՝ ասված մեզ համար ողբերգական այն տարիներին,
դառնան մեր նորագույն պատմության վերջաբան: Վերհիշենք եւ մեկ անգամ էլ մտորենք,
թե ինչի մասին էր նախազգուշացնում մեծ նորվեգացին. «Վայ հայերին, որ նրանք ներքաշվել
են եվրոպական քաղաքականության մեջ: Նրանց համար շատ ավելի լավ կլիներ, եթե եվրոպական
ոչ մի դիվանագետ Հայաստանի անունը չարտասաներ»: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԵվրոպական
ժողովրդական կուսակցություններ/ քրիստոնյա-դեմոկրատներ ՀՀ Ազգային ժողովի ատվիրակության
անդամ R