Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քցված» եւ ծեծված կոոպերատորը

Ապրիլ 29,2005 00:00

Պարույր Գուլգուլյանը՝ ընդդեմ հեղինակությունների

2003թ. ապրիլի 7-ին, «Մարաթուկ» կոոպերատիվի նախագահ Պարույր Գուլգուլյանը հայտնվեց շտապօգնության հիվանդանոցում՝ գիտակցությունը կորցրած, ճակատին բացված 1,5-2 սմ-անոց վերքով: Ապաքինվելուց հետո նա ստիպված էր դիմել ՀՀ ոստիկանապետին: Գուլգուլյանը կարծում էր, որ իր հետ կատարվածը պատահական չէր, քանի որ նույն այդ օրերին քննվում էր մեկ այլ քրեական գործ, ըստ որի Գուլգուլյանին «քցել» էին 53000 ԱՄՆ դոլար, այդ գործում շոշափվում էին Էրեբունու նախկին թաղապետ Արարատ Խրիմյանի, նրա փեսա Սամվել Կարախանյանի անունները: Նշենք, որ կոոպերատիվի աշխատանքները հարթ չէին ընթացել, Գուլգուլյանը որոշել էր կոոպերատիվի գույքը վաճառել ռեստորանային կահույքով, տրակտորով, ավտոբեռնիչով, էլեկտրակայանով հանդերձ: Նա մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ էր գտնվել Ս. Կարախանյանի հետ: Վարդենիսի շրջանի Փ. Մասրիկ գյուղից այդ ապրանքները տարել-կանգնեցրել էր Կարախանյանի տան մոտ, փողոցում, մինչեւ գնորդ գտնելը: Նրանից պարտքով վերցրել էր $8000՝ տոկոսով: Ապրանքը չէր վաճառվել, Կարախանյանը հրաժարվել էր վերադարձնել գույքը, իր հերթին պահանջելով գումարը: Երեք ատյանի դատարաններում Գուլգուլյանը փորձեց ստանալ իր ապրանքը, սակայն թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչը մերժեցին Գուլգուլյանի հայցը, գտնելով, որ Կարախանյանը չի կնքել գույքը պահելու հետ կապված պահատվության պայմանագիր, չի պարտավորվել պահել այդ գույքը: Այդ ընթացքում Գուլգուլյանի ներկայացուցիչ փաստաբանը (ՍԻՄ կուսակցության իրավապաշտպան Ա. Սողոմոնյան) նրա անունից կնքում է պայմանագիր՝ հրաժարվելով քաղհայցով դատարան դիմելու իրավունքից, ինչպես նաեւ պատճառված նյութական եւ գույքային վնասը հատուցելու պահանջներից:

Գործին միջամտում է դատախազությունը: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ժ. Խառատյանը Երեւան քաղաքի նախկին դատախազ Ա. Թամազյանին է ուղարկում վերոնշյալ քրեական գործը, որտեղ սեւով սպիտակի վրա գրում է՝ «մակերեսային եւ ոչ խորացված քննություն կատարելու հետեւանքով համապատասխան գնահատության չեն արժանացել գործով տուժող Պարույր Գուլգուլյանին պատկանող շուրջ 40000 ԱՄՆ դոլար արժողությամբ բեռնատար ավտոմեքենայի, տարբեր տեսակի ապրանքների հափշտակության հարցում Սամվել Կարախանյանի, Միհրան Մովսիսյանի, Արարատ Խրիմյանի եւ մյուսների գործողությունները… Ս. Կարախանյանը եւ մյուսները իրականացրել են Պ. Գուլգուլյանի, վերջինիս մերձավորների նկատմամբ ֆիզիկական բռնություն, երեխաներին առեւանգելու եւ հրազենի գործադրմամբ սպանության սպառնալիքներով»: Գլխավոր դատախազի տեղակալը խնդրել էր արդյունքների մասին հայտնել գլխավոր դատախազությանը: Մինչ օրս հայտնում են: Եվ, փաստորեն, Գուլգուլյանը մինչ օրս սպասում է: Հետագայում, երբ գլխավոր դատախազ էր դարձել Ա. Թամազյանը, ՍԻՄ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի «գլխավոր իրավաբան» Ա. Սողոմոնյանը միջնորդություն էր ուղարկել նրանց, որտեղ ավելացվել էր Գուլգուլյանի գործով եւս մեկ «ակտիվ մասնակցողի» անուն՝ միլիցիայի մայոր Արմեն Նիկողոսյան, որը «չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ապօրինի ճնշում է գործադրել իր աշխատասենյակում, սպառնալով, որ հակառակ դեպքում ոչ միայն Խրիմյանը, այլ հենց ինքը՝ Նիկողոսյանը Գուլգուլյանի վիզը կկտրի»: Նույնիսկ միջնորդվել էր ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ վերանայել հիշյալ մայորի համապատասխանությունն իր պաշտոնին եւ քննարկել նրա կարգապահական պատասխանատվության հարցը:

Այս գործի քաշքշուկի ընթացքում Գուլգուլյանը մնաց մենակ: Որեւէ պաշտպան (համարձակ, կողմի հետ գործարքի չգնացող) «վիզ չի առնում» վերոնշյալ գործը հասցնել ավարտին: Գումարի չափը գնալով նվազում է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել