Ծաղկաձորի անտառները համայնքին՝ Ծաղկաձորի քաղաքապետարանին են տրվել 2002-ին՝ կառավարության որոշմամբ, իսկ նման իրավունք օրենքով սահմանված չէր:
Երեկ գյուղնախարար Դավիթ Լոքյանը «ավետեց», որ կառավարությունը ընդունել է Անտառային նոր օրենսգիրքը: Ի թիվս այլ փոփոխությունների, օրենսգրքով նախատեսվում է անտառային որոշ հատվածներ փոխանցել մարզպետարանների ու քաղաքային համայնքների ենթակայությանը: «Առավոտի» հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր կառավարությունը երկու տարի առաջ որոշում ընդունել ծաղկաձորյան անտառները քաղաքապետարանին հանձնելու մասին, երբ օրենսգիրքը դեռ չէր ընդունվել ԱԺ-ի կողմից: Երկար-բարակ ներկայացնելով, թե ինչպես է 2002-ին, նախագահի հրամանով Ծաղկաձորի անտառներն ուսումնասիրվել եւ երկու փուլով հատկացվել Ծաղկաձորի քաղաքապետարանին՝ իբրեւ թե հետագա հողազավթումներից անտառը փրկելու նպատակով, պարոն Լոքյանը անորոշ պատասխանեց. «Կառավարությունը կարողացավ հատկացում անել»: Մի հետաքրքիր հանգամանք էլ. նախարարը տեղեկացրեց, որ դեռ մեկ ամիս առաջ օրենսգրքի նախագիծն ուղարկվել է ԱԺ՝ «որ ծանոթանան»: Դարձյալ խախտում՝ նախ կառավարությունը քննարկում եւ ընդունում է օրենքի նախագիծը, որից հետո ուղարկում ԱԺ՝ ուսումնասիրության:
Օրենսգրքի մեկ այլ փոփոխությամբ անտառները բաժանվել են երեք օգտագործման գոտիների՝ հատուկ նշանակության, պաշտպանական եւ արտադրական: Ընդ որում, սահմանազատում դեռ չի արվել: Թերեւս սպասում են անտառզավթումների ավարտին: Թեպետ նախարարը վստահեցրեց, որ արտադրական անտառների տարածքը պետք է սահմանափակվի 10000 հա-ով, իսկ ընդհանուր անտառային հողերը կազմում են 350000 հա: Հստակեցված չէ նաեւ, թե որ հատվածներում է թույլատրվում որսորդությունը: Նախարարի ասելով, օրենսգրքի ընդունումից հետո կառավարությունը կսահմանի դրանց կարգը: Չնայած դրան, Վայոց ձորում արդեն «Սաֆարի ինթերնեյշընըլ» ՍՊԸ-ն, որի 50% բաժնետերը ԱԺ պատգամավոր Վարդգես Մաթեւոսյանն է, 2000 հա-ի վրա սկսել է զբաղվել մուֆլոնի բազմացմամբ, հետագայում «արքայական որս» կազմակերպելու նպատակով: Այսօր մուֆլոնը գրանցված է ՀՀ կարմիր գրքում:
Նախարարին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել ճապոնական դրամաշնորհով ստացված տրակտորների իրացման շուրջ մամուլում բարձրացած աղմուկը: «Լոքյանն առաջին անգամ է տրակտոր ստացել՝ 39 հատ, եւ դրանք բոլորը դեռեւս կանգնած են Նուռնուսի պահեստում: Կառավարության որոշմամբ այդ տրակտորները կտրամադրվեն մարզպետարաններին: Բաշխումը դեռ չի կատարվում, որովհետեւ նախագահը նոր է ստորագրել որոշումը: Իսկ եթե մարզպետները թույլ տան, որ ես խառնվեմ բաշխման գործընթացի՜ն…»,- կիսահեգնանքով պատասխանեց նախարարը:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ