Թատրոնի
հույսը նախագահն է Մեկուկես ամիս առաջ Երաժշտական կամերային թատրոնի կոլեկտիվը
38 ստորագրությունով մի նամակ էր հղել մշակույթի նախարարին, որտեղ խոսվում էր իրենց
թատրոնում տիրող անառողջ մթնոլորտի մասին: Մինչ օրս կոլեկտիվի նամակն անպատասխան
է: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը երեկ հրավիրված ասուլիսում
կարդաց ՀՀ նախագահին ուղղված նամակը, որի տակ ստորագրել էին Սոս Սարգսյանը, Երվանդ
Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը: Նամակում մեղադրվում էր մշակույթի
նախարարությունը, որը «ստեղծում է բոլոր պայմանները կրկնելու Փոսի թատրոնի ճակատագիրը.
այն սեփականաշնորհումից հետո զրկվել է շենքից եւ թափառականի կարգավիճակում է»: «Երաժշտական
կամերային թատրոնի նորանշանակ տնօրեն, «Ալֆաել» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար,
երկու ճաշարանների տեր Լեւոն Աբրահամյանը բազմիցս տեղին եւ անտեղին շահարկելով ձեր
(Ռ. Քոչարյանի) անունը, հայտարարում է, որ իբր ձեր համաձայնությունն է ստացել թատրոնի
շենքը եւ տարածքը սեփականաշնորհելու»,-ասված էր նամակում: Ա. Մելիքսեթյանը տեղեկացրեց,
որ ապրիլի 1-ին առանց իրեն եւ գեղարվեստական խորհրդին տեղյակ պահելու, տնօրենը աշխատանքից
ազատել է երգչուհի Աննա Մուսայելյանին, որը զբաղված էր ընթացիկ խաղացանկում եւ գլխավոր
դերակատարն էր Արամ Սաթյանի նոր բեմադրվող «Լիլիթ» փոփ օպերայի: Թատրոնի գեղարվեստական
ղեկավարը մեղադրում էր Լ. Աբրահամյանին նոր դերասանների մուտքը թատրոն խոչընդոտելու,
միեւնույն ժամանակ «թատրոնին առայժմ պետք չեկող դերասանների» պայմանագրերը երկարաձգելու
մեջ: Ա. Մելիքսեթյանը կարծում է, որ թատրոնի կոլեկտիվին պետք է հնարավորություն տրվի
ընտրել տնօրենի իր թեկնածուին, քանի որ «դրսից նշանակվածները թատրոնը դիտում են որպես
օբյեկտ ու առքուվաճառքի տարածք»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ իսկ կոլեկտիվն ունի՞
տնօրենի թեկնածու, եթե այո՝ ո՞ւմ մասին է խոսքը: «Երեւի ունի: Միանգամից ասեմ՝ դա
իմ դուստրը չէ (Մելիքսեթյանի դուստրը եւս թատրոնում է աշխատում- Գ.Հ.), դա նաեւ ես
չեմ: Եթե իմանամ, որ ներկայիս տնօրենը՝ Լեւոն Աբրահամյանը մեզ իսկապես կլքի, այն
ժամանակ էլ կխոսենք այդ մասին»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Անդրադարձ
եղավ նաեւ Լ. Աբրահամյանի՝ մամուլում արած այն հայտարարությանը, որ ինքն այլեւս ցանկություն
չունի աշխատելու Մելիքսեթյանի հետ. «Եթե 3 ամսվա տնօրենը ցանկություն չունի աշխատելու
ինձ հետ, դա իր խնդիրն է, ոչ թե իմ: Ի դեպ, ինքը դերասաններին հեռացնում է աշխատանքից,
երբ իրեն չեն բարեւում»: Մելիքսեթյանն ասաց, որ վերջին 20-30 օրերի ընթացքում նորանշանակ
տնօրենը իրեն եւ դերասաններին տարբեր առիթներով շուրջ 20 նկատողություն է տվել: Հարցրինք՝
ինչի՞ համար է ինքը նկատողության արժանացել: «Ասում է՝ հայհոյել եմ մեր աշխատակիցներին:
Ինքն անում է ամեն ինչ, որ դուրս գամ հունից: Վերջին հաշվով՝ ես բռնկվող անձնավորություն
եմ եւ դա թատրոնում չի կարելի որակել որպես խուլիգանական դրսեւորում»: Ասուլիսի
կեսից ներս մտավ բիզնեսմեն եւ թատրոնի նոր տնօրեն Լեւոն Աբրահամյանը, որի մուտքը
նշանավորվեց կողմնակիցների ծափերով ու ոգեւորող բացականչություններով: Լեւոն Աբրահամյանից
հետաքրքրվեցինք, իսկապե՞ս նոր մարդկանց է ընդունել աշխատանքի, մինչդեռ մեր թերթին
տված հարցազրույցում ասում էր, որ ընդհակառակը՝ պիտի կրճատել: «Այո, ես ավելացրել
եմ PR-մենեջերի հաստիք, որը պետք է զբաղվի գովազդներով, ընդունել եմ իրավաբանի, պիրոտեխնիկի…
մի հատ էլ մարդ եմ վերցրել, որը պետք է զբաղվի միջազգային կապերով»,- ասաց նա: Լ.
Աբրահամյանը հերքեց, որ չբարեւելու համար աշխատակիցներին պատժում է: Ասաց, որ Մելիքսեթյանին
իսկապես նկատողություն է տվել հայհոյելու, մի նկատողություն էլ ներկայացումը (որի
տոմսերը վաճառված էին) տապալելու համար: «էս թատրոնում 7-8 տնօրեն ա փոխվել, չգիտեմ՝
էլ ինչ ա ուզում, մի հատ էլ պպզեմ՝ վրայովս թռնի՞»,- իր հերթին բողոքեց Լ. Աբրահամյանը:
Նա նորից պատմեց թատրոնում կատարած իր ներդրումների մասին, ասաց, որ տեխնիկայի
մի մասը գեղարվեստական ղեկավարը իր տուն է տարել: «Արմեն Մելիքսեթյանը հենց սկզբից
տեղյակ էր թատրոնի սեփականաշնորհման մասին: Նույնիսկ իր ճանաչված բարեկամի հետ եկել-սակարկել
են գումարի շուրջ ու փոխհամաձայնության չենք եկել… Հետո էլ նախարարն ասաց, եթե
կոլեկտիվը դեմ է, ոչինչ չի սեփականաշնորհվելու»,- իր հակափաստարկները ներկայացրեց
Լեւոն Աբրահամյանը: Նշենք, որ բիզնեսմենի կողմնակից միտինգավոր կանայք ողջ ասուլիսի
ընթացքում բարձրաձայն փնովում էին Մելիքսեթյանին ու գոռում «կողմնապահ» լրագրողների
վրա: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ