Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ

Ապրիլ 28,2005 00:00

ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԳԱՆՁԵՐՆ ՈՒ ԱԶԱՏ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԸ ՀՌԱՀ նախագահն ազատ կապուղիների մասին պնդումները համեմատում է եգիպտական փարավոնների գանձերի որոնումների հետ: «Ա1+»-ի նախագահը հիշեցնում է, որ գանձերի այդ որոնումները պսակվում են հաջողությամբ: Հիմնավոր են նաեւ ազատ կապուղիների մասին պնդումները: Ահա թե ինչ անսպասելի շրջադարձ ունեցավ ազատ հաճախությունների առկայության շուրջ բանավեճը: Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները նախաձեռնել են ստորագրահավաք, որի պահանջներից մեկն այդ կապուղիների ցանկը հրապարակելն է: Թե քանի մարդ է միացել այդ պահանջին՝ պարզ կդառնա մայիսի 3-ին: Իսկ մինչ այդ՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հերթական անգամ պնդել է, թե Երեւանում չկան հեռուստատեսային հեռարձակման ազատ հաճախություններ: Նաեւ նշել է, թե «Ա1+»-ի ներկայացուցիչները կարող են պնդել 100 ազատ հաճախություններին մասին, սակայն այդ հայտարարությունն արվել է դիլետանտների կողմից: Եվ այս համատեքստում է պրն Ամալյանն ազատ հաճախությունների առկայության հարցը համեմատել եգիպտական փարավոնների գանձերը որոնելու հետ՝ հավելելով, թե կան միջազգային որոշակի չափանիշներ, որոնք սահմանափակում են հեռարձակման հաճախությունների օգտագործումը: «Չգիտեմ, թե ՀՌԱՀ նախագահն ո՛ւմ է համարում դիլետանտ,- այս առնչությամբ ասաց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:- Եթե դիլետանտների խումբ է պետական այն մարմինը, որ պարտավոր է զբաղվել հաճախությունների վերահսկմամբ՝ չեմ զարմանա, քանի որ ամբողջ երկիրն է հիմնված դիլետանտների վրա: Բայց ինձ առավել զարմացնում է պրն Ամալյանի համեմատությունը փարավոնների գանձերի որոնումների վերաբերյալ: Նախ, ինձ զարմացնում է, որ նա ինչ-ինչ տեղեկություններ ունի նաեւ Եգիպտոսի պատմության վերաբերյալ: Բայց դրանք որոշակիորեն թերի են, քանի որ փարավոնների այդ գանձերի որոնումները ոչ միայն մինչ այսօր շարունակվում են, այլեւ դրանք նաեւ գտնվում են՝ արվում են նոր հայտնագործություններ»: Շարունակելով զուգահեռը՝ ասենք, որ «Ա1+»-ը վաղուց է գտել, որ Երեւանում ակնհայտորեն կան 10-ից ավելի ազատ կապուղիներ: Այսինքն՝ դրա համար հայտնագործողի առանձնակի ջանք հարկավոր էլ չէ. «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանն առաջարկում է ուղղակի նայել հաճախությունների ամբողջական ցանկին. «Երեւանի դեցիմետրային տիրույթում գտնվող 21-69 հեռուստահաճախությունները զբաղեցվում են մեկումեջ հաջորդականությամբ: Բայց կան որոշ հաճախություններ, որոնք ազատ են: Օրինակ՝ 31-րդ հաճախությունը զբաղեցված է «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության կողմից, 35-ը՝ «Շողակաթի»: Եվ 33-րդ կապուղին ազատ է՝ դրանով հեռարձակում չի իրականացվում նաեւ Երեւանի մերձակա բնակավայրերում: Կամ՝ 41-րդ կապուղին զբաղեցրել է «Շանթ» հեռուստաընկերությունը, 45-ը՝ «Հայ-ԹիՎի»-ն: 43-րդ կապուղով անարգել կարող են իրականացվել հեռարձակումներ՝ այս հաճախությամբ էլ հարակից մարզերում չի իրականացվում հեռարձակում, որ ենթադրեինք, թե կարող են լինել եթերային խանգարումներ: Եվս մի օրինակ՝ զբաղեցված է 51-րդ հաճախությունը («Երեւան» հեռուստաընկերություն) եւ 56-ը («Հուսաբեր» ՓԲԸ): Կարող էին մրցույթ հայտարարել 53 կամ 54 կապուղիներով հեռարձակումների համար: Եվ վերջապես՝ ազատ են 63-69 բոլոր մնացած դեցիմետրային հաճախությունները եւ կարող է մրցույթ հայտարարվել դրանց համար»: Նշենք, որ Սուսաննա Օհանջանյանը մասնագիտությամբ ռադիոինժեներ է, եւ այս պարագայում, շա՜տ մեղմ ասած, դժվար է ասել՝ արդյոք նրա՞ պնդումներն են դիլետանտական, թե՞ կրթությամբ ֆիզիկոս Գրիգոր Ամալյանինը: Ի դեպ, «Ա1+»-ի նախագահին եւս մի հարց ուղղեցինք, որ վերաբերում էր արդեն նրան, թե ինչու ազատ հաճախությունների ցանկի անհապաղ հրապարակման եւ այլ պահանջներով անցկացվող այս միջոցառումներին չի հրավիրվում նաեւ «Նոյյան տապանը»: Չէ՞ որ, ինչպես նշել էր «ՆՏ»-ի գլխավոր տնօրենը՝ սա թուլացնում է անկախ հեռուստաընկերություններին եթեր չտրամադրելու դեմ պայքարը՝ ջուր լցնելով նրանց ջրաղացին, ովքեր պնդում են, թե խոսքը միայն մի ընկերության նկատմամբ անարդարացի վերաբերմունքի մասին է: Ի պատասխան Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Մեր հեռուստաընկերությունն ընդամենը միացել է հասարակական կազմակերպությունների ակցիաների շարքին, ակտիվորեն մասնակցել եւ ինչով հնարավոր է՝ օժանդակել այդ միջոցառումներին, որ դրանք կայանան: Սակայն ընդգծում եմ՝ կազմակերպիչն «Ա1+»-ը չէր՝ մենք ընդամենը միացել ենք այդ պահանջներին: Կուզենայի, որ միանար նաեւ «Նոյյան տապանը»: Քննարկման որեւէ խնդիր չկա՝ միայն ուրախ կլինեինք մեր գործընկերներին տեսնել այդ շարքերում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել