Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թույլ են տվել շահագրգիռ անփութություն»

Ապրիլ 28,2005 00:00

«Թույլ են տվել շահագրգիռ անփութություն» Կարծում են բնակիչները 2003թ. գարնանը Երեւանի Շենգավիթ համայնքի Արշակունյաց 44/1 բազմաբնակարան շենքի հարեւանությամբ գտնվող շենքերի 2 բնակիչներ, արհամարհելով հանրային համակեցության տարրական սկզբունքները, ապօրինաբար, իբր ժամանակավորապես, հիշյալ շենքի կանաչապատ եւ ծառաշատ բակում տեղադրեցին մոտակա այլ տարածքից տեղահանված 2 մետաղյա ավտոտնակ: Մենք՝ 44/1 շենքի բնակիչներս, դա սկզբում հանդուրժեցինք, կարծելով, թե շուտով ավելի հարմար տեղ գտնելով՝ կտեղափոխեն: Սակայն հետագայում տեսնելով, որ տերերը օրեցօր բետոնապատում ու ամրացնում են ավտոտնակների հիմքերը, հասկացանք, որ մեզ խաբել են: Փաստորեն, հարեւան շենքերի բնակիչները զավթեցին մեր շենքի կանաչապատ բակի մի զգալի հատվածը, դրանով իսկ խաթարելով բակի ընդհանուր ճարտարապետական տեսքը, բակ մտնող, արտակարգ իրավիճակների առումով կարեւոր նշանակություն ունեցող փողոցի երթեւեկությունը, ինչպես նաեւ ոտնահարելով 44/1 շենքի շուրջ 300 բնակչի, այդ թվում երեխաների՝ սահմանադրությամբ ամրագրված հանգստի իրավունքները: Ավելացնենք նաեւ, որ այդ ավտոտնակների անմիջապես կողքով անցնում են մոտակայքի մեկ տասնյակ բազմաբնակարան շենքերը սնող բարձրավոլտ էլեկտրական մալուխը եւ կոյուղագիծը: Ունենք համապատասխան փաստաթղթերը: Իսկ մինչ այդ, հարեւան շենքի մեկ այլ բնակիչ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ հատել էր 44/1 շենքի բակի 3 հաստաբուն ծառ: Բնակիչների (16.12.02) ահազանգով ժամանած Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության աշխատակիցները, մեզ համար զարմանալիորեն, արձանագրեցին, որ «ծառահատման փաստ չի հայտնաբերված» (պետ՝ Հ. Մուրադյան, կատ.՝ Մ. Սիմոնյան, 10.01.03): Մինչդեռ նրանցից մոտավորապես մեկ ամիս հետո եկած նույն գերատեսչության «Կանաչապատում» ՊՓԲԸ աշխատակիցները փաստեցին հակառակը՝ «բակում հատվել է 2 (3-րդի հետքերը չէին հայտնաբերել- Հ. Մ.) կենսունակ 28-30 տարեկան ծառ» (տնօրեն՝ Ա. Ղազարյան, կատ.՝ Ս. Մաքսապետյան, 12.02.03): Իսկ Շենգավիթի ՆԳԲ-ում, վրդովված 3 բնակիչներիս հայտնեցին, թե քանի որ գրությունը ստացել են վաղեմությունն անցած, ապա հնարավոր չէ պատժել օրինազանցին (պետ՝ Հ. Մակարյան, կատ.՝ Մ. Մեսրոպյան, 25.02.03): Արձանագրությունները պահպանվում են: Ահա այդպես. մեկը գրեց, թե ծառեր չեն հատվել, մյուսը՝ հատվել են, երրորդն էլ՝ չնայած հատվել են, սակայն չենք կարող հանցագործին պատժել: Իսկ անպատժելիության մթնոլորտը այլ բնակիչների՝ բակում նոր ծառեր հատելու եւ նոր ավտոտնակներ տեղադրելու տրամադրության է դրդել: Մեծ եղավ մեր զարմանքը, երբ ստացանք քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պատասխանը, որում ասված է. «Արշակունյաց 44/1 հասցեի բակային տարածքում տեղադրված երկու թիթեղյա ավտոտնակներն ունեն տարիների վաղեմություն եւ ներկայումս տվյալ տարածքում որեւէ շինարարական աշխատանքներ կամ ծառահատում չի հայտնաբերվել» (պետ՝ Գ. Խանգելդյան, կատ.՝ Վ. Ալեքսանյան, 21.03.05): Կարծում ենք, որ այս հարցում քաղաքապետարանի աշխատակիցները թույլ են տվել շահագրգիռ «անփութություն»: Կարծում ենք, որ կանաչ տարածքը պահպանելով նաեւ կարելի կլինի ամրապնդել բնակիչների հավատը՝ ապօրինությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ: 44/1 շենքի բնակիչների անունից՝?Հ. ՄԻՆԱՍՅԱՆ, Է. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել