Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽՔԸ

Ապրիլ 28,2005 00:00

ՋԱՎԱԽՔԸ ԿԻՆՏԵԳՐՎԻ Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ տարածաշրջանը լիովին կինտեգրվի երկրի հասարակական-քաղաքական կյանքին 10-20 տարի անց: Այս մասին գերմանական russland.ru ինտերնետ-թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին: Ըստ նրա, Վրաստանի կառավարությունը մտադիր է խրախուսել հայերին՝ սովորել վրացերեն: «Ի տարբերություն այլ էթնիկ փոքրամասնությունների՝ հայերը հիմնականում չեն տիրապետում վրացերենին: Նրանք ավելի շատ խոսում են ռուսերեն ու հայերեն, շատ քչերն են ազատ տիրապետում վրացերենին: Հայերի ընտանիքներն իրենց երեխաներին բարձրագույն կրթության են ուղարկում ոչ թե Թբիլիսի, այլ Մոսկվա կամ Երեւան: Շատ հայեր պատճառաբանում են, որ վրացերենի չիմացության պատճառով աշխատանք չեն գտնում Վրաստանում»,- նշել է Սահակաշվիլին: Սամցխե-Ջավախքի խնդիրներին է անդրադարձել նաեւ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին: Նա համոզվածություն է հայտնել, որ Ախալքալաքի ռուսական ռազմակայանի դուրսբերումից հետո երկրի իշխանություններին կհաջողվի այլընտրանքային աշխատատեղեր ապահովել տեղի հայկական բնակչության համար: BBC-ին տված հարցազրույցում մեկնաբանելով այն փաստը, որ ռուսական զինվորականների դուրսբերման դեմ հանդես է գալիս Ախալքալաքի առավելապես հայկական բնակչությունը, Զուրաբիշվիլին նշել է. «Զարգացած երկրներում մարդկանց միջեւ էթնիկական տարբերություն չեն դնում. դա ընդունված էր Խորհրդային Միության ժամանակ: Մենք բոլորս Վրաստանի քաղաքացիներ ենք, առկա է տեղային բնույթի խնդիր, որը մենք կհաղթահարենք: Մենք դեռ ժամանակ ունենք՝ մինչեւ ռուս զինվորականները կլքեն Ախալքալաքը: Արդեն այս տարվանից մենք զբաղվում ենք տարածաշրջանի տնտեսական զարգացմամբ, ինչը կլրացնի այն բացերը, որոնք կառաջանան ռազմակայանի դուրսբերումից հետո: Մենք նույնիսկ քննարկել ենք այս հարցը Հայաստանի ղեկավարի հետ եւ հավաստիացրել, որ ոչ մի խնդիր չկա»: Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն ասել էր, որ Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերումը կարող է սկսվել արդեն այս տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել