Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տուժում

Ապրիլ 28,2005 00:00

«Տուժում է երկրի հեղինակությունը» Վստահ է Արթուր Բաղդասարյանը Ժամանակին ԱԺ նախագահը մտահոգություն էր հայտնել ավիացիայում տիրող վիճակի մասին: Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է փոխվել դրանից հետո: Ըստ էության՝ ոչինչ: Արթուր Բաղդասարյանի պատասխանից երեւաց, որ իր թռիչքների ընթացքում երկրի երկրորդ դեմքը եւս ավիացիայի հետ կապված որոշ խնդիրներ է ունենում. «Վերջին շրջանում, ցավոք, շատ են դժգոհությունները՝ կապված «Արմավիա» ընկերության չվերթների հետ: Չգիտեմ, թե ինչ մոտեցումներով է առաջնորդվում «Արմավիայի» սեփականատերը, բայց համոզված եմ, որ եթե նույն վիճակը ստեղծվեր «Սիբիրավիա» ընկերության կողմից Սիբիրի ուղեւորների համար, ապա բողոքները բազմաթիվ կլինեին: Պատկերացրեք՝ եթե ԱԺ պաշտոնական պատվիրակությանը 9 ժամ սպասեցնել են տալիս, ինչպես կվարվեն այլ ուղեւորների հետ: Համոզված եմ, որ մեր ավիացիայում լուրջ բարեփոխումներ են հարկավոր, ավելին, նաեւ լուրջ ստուգումներ եւ ուսումնասիրություններ՝ վիճակը շտկելու համար: Ավիատոմսերի գները չափազանց բարձր են, ավիակերոսինը՝ նույնպես, սպասարկման մակարդակը խիստ ցածր է, իսկ չվերթների ուշացումներն արդեն սովորական են դարձել, էլ չեմ խոսում գիշերային ժամերի մասին: 29 չվերթներից 21-ը գիշերն է կատարվում: Ցավոք, ԱԺ-ն չունի այնպիսի լիազորություն, որը հնարավորություն կտար շտկել իրավիճակը: Բայց մենք այս խնդիրը պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, բարձրացնելու ենք եւ հետեւելու ենք, որ իրոք ժողովրդի եւ երկրի հեղինակության հետ հաշվի նստեն: Օդանավակայանը երկրի դարպասն է: Պատկերացրեք՝ եթե ուղեւորը ժամանում է եւ հարկադրված է ժամեր սպասել իր ուղեբեռին կամ գիշերը ժամը 4-ին չվերթ է նշանակված եւ մի քանի ժամ ուշացվում է… Ապրիլի 24-ին, բազմաթիվ պատվիրակություններ եկան Երեւան եւ ես 24-ի լույս 25-ի գիշերը ոմանց ճանապարհում էի: Ցավալի էր տեսնել, թե Երեւան-Փարիզ չվերթի ուշացումը ինչքան էր զայրացրել եվրոպացի պատգամավորներին, որոնց չվերթը իրականացվեց առավոտյան 7:30-ին: Արդյունքում՝ տուժում է երկրի հեղինակությունը: Ասեմ, որ այս հարցով դիմել եմ ՀՀ նախագահին, եւ կրկին պետք է ահազանգենք մինչեւ լուծումներ գտնվեն: Եթե հիշում եք, վերահսկողական ծառայության առաջին փուլի ստուգումներից հետո վիճակը բարելավվել էր, հիմա, սակայն, կրկին մտահոգությունները շատ են: Մարդիկ պետք է մտածեն ոչ միայն ամեն գնով փող աշխատելու մասին, այլ՝ իրենց բիզնեսին զուգահեռ, պարտավոր են մտածել Հայաստանի հեղինակության, մեր ավիացիայի զարգացման եւ ի վերջո, ամենակարեւորը՝ ուղեւորի իրավունքների մասին»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել