Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ԿՐԿԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ 28,2005 00:00

Մայիսի 21-ից հունիսի 20-ը Ռուսաստանի կրկեսային ասոցիացիայի 40-ամյա «Կրկեսը սառույցի վրա» ծրագիրը (գեղարվեստական ղեկավար՝ Նատալյա Աբրամովա) առաջին անգամ հանդես կգա Երեւանում:

Մինչ արտիստների ժամանումը, հանդիպեցինք ծրագրի տնօրեն Տատյանա Լուկյանովային:

Զրույցի սկզբում տնօրենը տեղեկացրեց, որ իրենց կրկեսում միաժամանակ գործում է 4 ծրագիր՝ 100 արտիստներով ու բազմազան կենդանիներով: «Նախատեսված էր Երեւանում ներկայացնել առաջին ծրագիրը: Երեք շաբաթ առաջ Հնդկաստանում հնդիկ իմպրեսարիոյի շահադիտական նկատառումների հետեւանքով այրվեցին մեր տեխնիկան, կոտյումները, անգամ գազանները: Դա արվել էր այն նպատակով, որ ծրագրի՝ Ռուսաստան վերադառնալու վրա գումար չծախսվեր: Այսօր այդ հնդիկը կանգնած է դատարանի առջեւ: Ինչեւէ, Երեւանում կներկայացնենք մեր կրկեսի երկրորդ ծրագիրը՝ 35 արտիստների, կենդանիների (արջեր, շներ, կապիկներ, աղավնիներ եւ այլն) մասնակցությամբ: Շուտով նրանք իսրայելյան հյուրախաղերից կվերադառնան Երեւան»,- ասաց տիկին Լուկյանովան: Հետաքրքրվեցինք՝ ծրագիրը Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներո՞ւմ է:

Մեր զրուցակիցը ափսոսանքով նշեց, որ ինքը Ռուսաստանի տարվա մասին իմացել է Պուտինի՝ Երեւան կատարած այցից հետո. «Սա մեր եւ Երեւանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի համատեղ նախաձեռնությունն է»: Տ. Լուկյանովան հավաստիացրեց, որ Ռուսաստանում, պաշտոնյաներին չհաշված, ժողովրդի մեծամասնությունը անգամ տեղյակ չէ, որ 2005-ը Հայաստանում Ռուսաստանի տարի է հայտարարված. «Մինչդեռ ամբողջ Մոսկվան ողողված է հսկայածավալ պաստառներով, որոնք իրազեկում են Ռուսաստանում Ադրբեջանի տարվա մասին»: «Կրկես սառույցի վրա» ծրագրի տնօրենը ցավով փաստեց, որ 21-րդ դարում, ի թիվս մշակույթի այլ ոլորտների, կրկեսի արտիստներն էլ են ստիպված լինում իրենց գլխի ճարը տեսնել:

Խնդրեցինք մանրամասնել, թե կոնկրետ ինչ նկատի ունի: «Օրինակ՝ Երեւան միայն 30 տոննա սառույց բերել-տանելը՝ «ԻԼ-76» ինքնաթիռով, արժե $100 000: Ավելորդ եմ համարում խոսել այն մասին, թե ինչքան գումար է անհրաժեշտ հյուրախաղի ընթացում կենդանինեին այսքան օրեր այստեղ պահելու համար: Ոչ մոսկովյան, ոչ էլ հայկական որեւէ կազմակերպություն այդպես էլ չաջակցեցին այս հյուրախաղերի անկացմանը: Այս օրերին Երեւանում պաշտոնապես դիմել եմ ու կշարունակեմ դիմել տարբեր ատյանների: Ի դեպ, ձեր Անկախության օրվա՝ մայիսի 28-ի եւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի ներկայացումները բարեգործական են լինելու: Այսինքն՝ ողջ հասույթը (երկու շուոները միասին արժեն $ 10000) կնվիրենք Երեւան քաղաքին: Թե կոնկրետ ինչ նպատակով, առայժմ մտածում ենք: Իսկ երբ կավարտվեն մեր հյուրախաղերը, այն ժամանակ էլ կտամ բոլոր ձեր այն պաշտոնյաների ու կազմակերպությունների անունները, ովքեր սիրով հրավիրում են «Գլյուկոզա», Կիրկորով, բայց չեն մտածում երեխաների մասին: Չէ՞ որ մանկական հիշողություններում տպավորվում են հենց կրկեսային ներկայացումները, եւ մանկական տարիքում է ճաշակ ձեւավորվում: Ուզում եմ ձեր մշակութային միջոցառումներ կազմակերպող պետական օղակներին եւ ոչ պետական ընկերություններին տեղեկացնել, որ ձեր հայրենակից, ՌԴ ժողովրդական արտիստ Միքայել Բաղդասարովը արդեն քանի~ տարի երազում է իր վարժեցրած 14 վագրերի հետ ելույթներ ունենալ Հայաստանում: Նույն ցանկությունն ունի հայազգի Յանա Շեւչենկոն, որը ղեկավարում է «Կրկեսը ջրի վրա» ծրագիրը»,- պատմեց Տ. Լուկյանովան: Նա հումորով ներկայացրեց իրենց ներկայացումների տոմսերի արժեքը՝ «2000-4000 դրամ, այսինքն՝ 1 կգ երշիկի գին»:

Զրույցի ավարտին Տատյանա Լուկյանովան հավելեց, որ մշակույթի հայաստանյան պատասխանատուները փոքր-ինչ բարի կամք դրսեւորեն, իրենք պատրաստ են «Կրկեսը՝ սառույցի վրա» ծրագրի հմտություններն ու գաղտնիքները փոխանցել հայ պատանիներին:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել