Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆԸ ՉԵՍ

Ապրիլ 28,2005 00:00

Եթե պատահի այնպես, որ դուք
ձեր սեփական տանը նստած, անխռով սուրճ վայելելիս հանկարծ ձեր շեմքում նկատեք ԴԱՀԿ
աշխատակիցների, որոնք պահանջում են դուրս գալ ձեր բնակարանից՝ ամենեւին չզարմանաք:
Հիշե՛ք, որ դուք ապրում եք Հայաստանում, որտեղ «հանուն պետական կարիքների»՝
կարող են տեղի ունենալ ամենաանհավատալի իրադարձությունները: Երեւանի քաղաքապետ
Երվանդ Զախարյանի 2004թ. հունիսի 25 թիվ 1160-Ա որոշմամբ, Լալայանց-6 հասցեի բնակչուհի
Կարինե Կարապետյանին, սեփականության իրավունքով պատկանող տան դիմաց, որպես փոխհատուցում
հատկացվել է 216 քմ տարածք՝ Լալայանց 3 հասցեում: Մեր ունեցած տվյալներով,
Կարինե Կարապետյանը «Վեդի ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանի բարեկամներից
է: Պարոն Ղազարյանը, սակայն, «Առավոտին» ասաց, որ նման անունով բարեկամ չունի եւ
այդ կնոջը չի ճանաչում: Կ. Կարապետյանը Լալայանց 6 հասցեում տարիներ առաջ կառուցել
է դղյակ հիշեցնող առանձնատուն: Նրա հարեւանները «Առավոտին» պատմեցին, որ Կ. Կարապետյանը
երկար ժամանակ «բանակցությունների» մեջ է եղել քաղաքապետարանի հետ: Այնուհետեւ նրան
500 հազար դոլար փոխհատուցելու փոխարեն տվել են Լալայանց 3 հասցեում 216 քմ տարածք:
Առաջին հայացքից սա շատ անմեղ որոշում է: Սակայն այս որոշման համաձայն՝ փոխհատուցվել
է այն հողը, որի վրա կառուցված շենքը հանդիսանում է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության
եւ մշակութային կապի հայկական ընկերության սեփականությունը (ԱՕԿՍ): Շուրջ 45 քմ տրվել
է շենքի զբաղեցրած հողից, իսկ մնացած մասը եւս ԱՕԿՍ-ի սեփականությունն է, սակայն
այդ տարածքում շուրջ 50 տարի ապրում է Մարտիրոսյանների ընտանիքը: Եվ ԱՕԿՍ-ի աշխատակիցները,
եւ այդ բնակարանի բնակիչները, մեզ տեղեկացրին, որ նախապես ոչ ոք իրենց չի զգուշացրել
վաճառքի մասին: «Երկար ժամանակ փորձում էինք ձեւակերպել մեր սեփականությունը: Անցյալ
աշուն վերջապես ամեն ինչ հաջողվեց եւ մենք գնացինք կադաստր՝ սեփականության վկայականը
վերցնելու: Բայց գալով տուն, հայտնաբերեցի, որ վկայականում մակագրություն կա այն
մասին, որ գույքը գտնվում է պետության կարիքների համար իրացվող օտարման գոտում, որը
գտնվում է Կ. Կարապետյանին պատկանող հողամասի վրա»,- պատմեց բնակարանատեր Նինա Մարտիրոսյանը:
Նրա ամուսինը եղել է ԱՕԿՍ-ի նախկին 5 ղեկավարների վարորդը: ԱՕԿՍ-ի ղեկավարությունը
տեսնելով, որ նրանք ապրում են ինչ-որ ավտոտնակում՝ առաջարկել են այդ տարածքը, որպես
բնակության վայր: ԱՕԿՍ-ի շենքը հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում
է: Այն կառուցվել է 1914-1915 թթ., ժամանակին եղել է հիվանդանոց եւ միաժամանակ բնակելի
տուն՝ հայտնի վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանի համար: Առանձնատունը 1920 թ. «ազգայնացվել
է»: Փոխարենը ստեղծվել է «Տրոպիկական հիվանդանոց», որտեղ մալարիայով հիվանդներ են
բուժվել: Ուշագրավն այն է, որ չնայած շենքն ամբողջ հատակագծով ներառված է պետության
կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, բայց այն հատվածը, որը պետք է իրացվի՝ պատմական
արժեք չի ներկայացնում, քանի որ դա 1940-ականների կցակառույց է: Սա՝ ըստ Հուշարձանների
պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի տեղեկատվության:
Իսկ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին. «Այդ տարածքը
Հյուսիսային պողոտային կից տարածք է: Այն կառուցապատվելու է ժամանակակից ոգով: Նորակառույցի
հարկայնությունը պետք է համապատասխանի ԱՕԿՍ-ի շենքին: Այն կծառայի, որպես գրասենյակային
եւ բնակելի տարածք»: ԱՕԿՍ-ի տնօրինությունն էլ, իրացման ենթակա մասի բնակիչներն
էլ առանձնապես դեմ չէին քաղաքապետի որոշման կատարմանը, բայց՝ երկու պայմանով. հուշարձանային
հատվածի պահպանում, իսկ քանդվող մասի դիմաց՝ համարժեք փոխհատուցում: ՀՐԱՉՈՒՀԻ
ԵՐԱՆՈՍՅԱՆwww.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել