Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ

Ապրիլ 28,2005 00:00

Ա.
ԴԱՐԲԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎ ԱՐԵՑ «Արժանապատիվ ապագա» կուսակցության 5-րդ
համագումարը պետք է կայանար դեռեւս անցած տարեվերջին: Սակայն անհայտ պատճառներով
այն անընդհատ ձգձգվում էր: Երեկ, ի վերջո, կայացավ այդքան սպասված համագումարը, սակայն՝
գաղտնի, ինչը սպասելի կլիներ ՀՅԴ-ից, բայց ոչ՝ ազատական գաղափարներ դավանող «Արժանապատիվ
ապագայից»: Վերջին պահին «Առավոտի» թղթակցին կուսակցությունից տեղեկացրին,
որ համագումարի փոխարեն տեղի է ունենալու նիստ, որին լրագրողները չեն կարող ներկա
գտնվել: Խոստացվեց ավարտին պես տեղեկություններ տրամադրել «նիստում» քննարկված հարցերի
եւ կայացված որոշումների մասին: Սակայն հարցերի պատասխանները ստանալու երեքժամյա
մեր ջանքերն ապարդյուն անցան: Կուսակցության տարբեր տրամաչափի գործիչները կամ զբաղված
էին, կամ իրավասու չէին: Միակ բանը, որ հաջողվեց ճշտել, այն էր, որ նախորդ ինֆորմացիան
սուտ էր եւ ոչ թե նիստ է եղել, այլ, այնուամենայնիվ, համագումար: Որոշակի փոփոխություններ
են կատարվել նախագահությունում, եւ, ըստ էության, որոշվել է պահպանել սպասողական
կեցվածքը: Տեղի տալով լրագրողական համառությանը՝ արժանապատիվ ապագայի ջատագովները
անկեղծանալով խորհուրդ տվեցին մնացյալ հարցերի պատասխանները ստանալ կուսակցության
նախագահ Արմեն Դարբինյանից: Այստեղ սկսվեց սպասումների նոր փուլ: Պարոն Դարբինյանի
քարտուղարուհին չբավարարվեց այն տեղեկությամբ, որ իր շեֆի հետ ցանկանում է խոսել
«Առավոտ» թերթի թղթակիցը: Հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ է իր շեֆն արդյոք ինձ, ի՞նչ հարցեր
եմ պատրաստվում ուղղել եւ այլն: Այս ամենից հետո պարոն Դարբինյանի քարտուղարուհին
հայտարարեց, որ շեֆը զբաղված է, խնդրեց հեռախոսահամար թողնել, պարտավորվեց 40 րոպեից
միացնել: 40 րոպե հետո, սակայն, Արմեն Դարբինյանի գրասենյակում նույնիսկ քարտուղարուհին
հեռախոսազանգերին չէր պատասխանում: Այսքանից հետո մնում է մեր հարցերը հրապարակայնորեն
ուղղել Արմեն Դարբինյանին՝ ինչո՞վ էր պայմանավորված համագումարի գաղտնիությունը եւ
այդ ինչի՞ն են նրա կուսակիցներն այդքան երկար սպասում: Գուցե արժանապատիվ ապագան
մեզ սպասում է շա՜տ հեռավոր ապագայո՞ւմ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել