Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տուժում է երկրի հեղինակությունը»

Ապրիլ 28,2005 00:00

Վստահ
է Արթուր Բաղդասարյանը Ժամանակին ԱԺ նախագահը մտահոգություն էր հայտնել ավիացիայում
տիրող վիճակի մասին: Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է փոխվել դրանից հետո: Ըստ էության՝
ոչինչ: Արթուր Բաղդասարյանի պատասխանից երեւաց, որ իր թռիչքների ընթացքում երկրի
երկրորդ դեմքը եւս ավիացիայի հետ կապված որոշ խնդիրներ է ունենում. «Վերջին
շրջանում, ցավոք, շատ են դժգոհությունները՝ կապված «Արմավիա» ընկերության չվերթների
հետ: Չգիտեմ, թե ինչ մոտեցումներով է առաջնորդվում «Արմավիայի» սեփականատերը, բայց
համոզված եմ, որ եթե նույն վիճակը ստեղծվեր «Սիբիրավիա» ընկերության կողմից Սիբիրի
ուղեւորների համար, ապա բողոքները բազմաթիվ կլինեին: Պատկերացրեք՝ եթե ԱԺ պաշտոնական
պատվիրակությանը 9 ժամ սպասեցնել են տալիս, ինչպես կվարվեն այլ ուղեւորների հետ:
Համոզված եմ, որ մեր ավիացիայում լուրջ բարեփոխումներ են հարկավոր, ավելին, նաեւ
լուրջ ստուգումներ եւ ուսումնասիրություններ՝ վիճակը շտկելու համար: Ավիատոմսերի
գները չափազանց բարձր են, ավիակերոսինը՝ նույնպես, սպասարկման մակարդակը խիստ ցածր
է, իսկ չվերթների ուշացումներն արդեն սովորական են դարձել, էլ չեմ խոսում գիշերային
ժամերի մասին: 29 չվերթներից 21-ը գիշերն է կատարվում: Ցավոք, ԱԺ-ն չունի
այնպիսի լիազորություն, որը հնարավորություն կտար շտկել իրավիճակը: Բայց մենք այս
խնդիրը պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, բարձրացնելու ենք եւ հետեւելու
ենք, որ իրոք ժողովրդի եւ երկրի հեղինակության հետ հաշվի նստեն: Օդանավակայանը երկրի
դարպասն է: Պատկերացրեք՝ եթե ուղեւորը ժամանում է եւ հարկադրված է ժամեր սպասել իր
ուղեբեռին կամ գիշերը ժամը 4-ին չվերթ է նշանակված եւ մի քանի ժամ ուշացվում է…
Ապրիլի 24-ին, բազմաթիվ պատվիրակություններ եկան Երեւան եւ ես 24-ի լույս
25-ի գիշերը ոմանց ճանապարհում էի: Ցավալի էր տեսնել, թե Երեւան-Փարիզ չվերթի ուշացումը
ինչքան էր զայրացրել եվրոպացի պատգամավորներին, որոնց չվերթը իրականացվեց առավոտյան
7:30-ին: Արդյունքում՝ տուժում է երկրի հեղինակությունը: Ասեմ, որ այս հարցով դիմել
եմ ՀՀ նախագահին, եւ կրկին պետք է ահազանգենք մինչեւ լուծումներ գտնվեն: Եթե հիշում
եք, վերահսկողական ծառայության առաջին փուլի ստուգումներից հետո վիճակը բարելավվել
էր, հիմա, սակայն, կրկին մտահոգությունները շատ են: Մարդիկ պետք է մտածեն ոչ միայն
ամեն գնով փող աշխատելու մասին, այլ՝ իրենց բիզնեսին զուգահեռ, պարտավոր են մտածել
Հայաստանի հեղինակության, մեր ավիացիայի զարգացման եւ ի վերջո, ամենակարեւորը՝ ուղեւորի
իրավունքների մասին»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել