Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԴԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Ապրիլ 28,2005 00:00

Ռ.
Քոչարյանի պատասխանը Էրդողանին Հայաստանի քաղաքական շրջանակներում տարակարծություններ
առայժմ չի առաջացրել։ Քննարկելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը
Թուրքիայի վարչապետ Էրդողանին՝ հանրապետության քաղաքական ուժերը զարմանալի միակարծիք
էին, նույնիսկ ընդդիմությունը հիմնական կետերում համաձայն էր Ռոբերտ Քոչարյանի նամակի
շեշտադրումներին: ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի գնահատականը հետեւյալն
է. «Կարծում եմ, նախագահի պատասխանը ճշգրիտ է, որովհետեւ նախքան որեւէ գիտական խումբ
ստեղծելը կամ կառավարական մակարդակից ցածր նախաձեռնությունները, նախ հարկավոր է,
որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան, մենք այդ մասին բազմիցս ասել ենք, ունենան պաշտոնական,
դիվանագիտական հարաբերություններ: Ի դեպ, մենք այս մասին խոսել ենք ոչ միայն Էրդողանի
հայտարարությունից հետո, այլ նաեւ ասել ենք հատկապես Թուրքիայի հետ տնտեսական կապերի
ջատագովներին ի պատասխան, որովհետեւ որոշ գործարար շրջանակներում խոսվում էր, թե
Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերի սերտացումն այսօր անհրաժեշտություն է: Մինչդեռ
մենք միշտ նշել ենք, որ նախ պետք է պաշտոնական դիվանագիտական կապեր հաստատվեն, որոնք
էլ նույն տնտեսական կապերի համար կարող են պարարտ հող ստեղծել: Կարծում եմ, հանրապետության
նախագահի առաջարկությունը արտացոլում է այն անհրաժեշտությունը, որը գոյություն ունի
Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում եւ դրանք կարող են ստեղծվել միայն դիվանագիտական
կապերով»: Հրայր Կարապետյանը ասաց նաեւ, որ Դաշնակցության համար ընդունելի չեն հաշտեցման
տարբեր նախաձեռնություններ, հանձնախմբերի ստեղծումներ, որոնք չեն կարող ունենալ այն
արդյունավետությունը, ինչ կարող են ունենալ կառավարական շփումները: Այնուամենայնիվ,
արդյո՞ք Դաշնակցության համար կարող են ընդունելի լինել Ռ. Քոչարյանի նամակում տեղ
գտած այն տողերը, ըստ որոնց, Հայաստանը առաջարկում է առանց նախապայմանների մեր երկու
երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Հրայր Կարապետյանը կարծում է,
որ նամակում ներկայացված նախապայմանների տակ պետք է նկատի ունենալ Թուրքիայի կողմից
հրապարակային պայմաններ չառաջարկելը. «Մեր կարծիքով, այստեղ նախապայմանների տակ պետք
է նկատի ունենալ Թուրքիայի կողմից պայմաններ չառաջադրելը, հիմնականը երկու պայման
է՝ Արցախով պայմանավորված նախապայմանը, որ միայն եւ միայն ադրբեջանանպաստ զարգացումների
դեպքում իրենք կարող են գնալ Հայաստանի հետ շփումների, եւ երկրորդը՝ ցեղասպանության
խնդրի չարծարծելը: Առանց նախապայմանների տերմինը սրան է վերաբերում»: Հրայր
Կարապետյանը, ինչպես նաեւ մեր մյուս զրուցակիցները, չի կասկածում, որ իր նամակով
Թուրքիայի վարչապետը պարզապես ԵՄ-ին ուղղված ռեւերանս է անում, սակայն մյուսների
պես նա էլ համաձայն չէ, որ պատասխանելով Էրդողանի նամակին՝ Քոչարյանը ջուր է լցնում
Թուրքիայի ջրաղացին. «Կարծում եմ, հանրապետության նախագահի պատասխանն ամեն ինչ դրեց
իր տեղը, ֆուտբոլային տերմինով ասած՝ այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է»: «Արդարություն»
խմբակցության անդամ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի կարծիքով, Քոչարյանի կողմից
առաջ քաշված հարցադրումները ճիշտ են, սակայն պետք է ավելի պարզ ասվեր, որ ցեղասպանությունը
քննարկելի հարց չէ. «Իսկ մնացած մասով՝ միջպետական հարաբերություններ, դիվանագիտական
եւ տնտեսական հարաբերություններ, բոլորն ընդունելի է»: Գրիգոր Հարությունյանի կարծիքով
եւս Թուրքիայի նպատակը ոչ թե Հայաստանն է, այլ՝ ԵՄ–ի աչքին թոզ փչելը. «Իհարկե, Թուրքիան,
այսպես ասած, հայերից չի վախենում, բայց հասկանում է, որ քաղաքական հաշվեհարդարի
հարց կա, Եվրոպան չի ուզում, որ Թուրքիան լինի ԵՄ կազմում, բնականաբար, իրենք էլ
այս ձեւով պետք է փորձեն ներկայանալ, իբր, տեսեք, մենք քայլեր անում ենք՝ հայերը
չեն ուզում»: Իսկ մեր դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը արդյո՞ք իր պատասխանով ջուր չի
լցնում նույն Թուրքիայի ջրաղացին, Գրիգոր Հարությունյանը ասաց. «Չէ, ամեն դեպքում
պետք է պատասխանվեր, եւ պատասխանի մեջ ճիշտ կլիներ հնչեցնել, որ ցեղասպանության հարցը
քննարկման առարկա չի կարող դառնալ, դա փաստ է, որը պետք է ընդունել»: ՀԴԿ
նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Գ. Սարգսյանը եւս Ռոբերտ Քոչարյանի
պատասխանի շեշտադրումներին համամիտ է. «Իրոք, ցեղասպանության խնդիրը պատմաբանների
խնդիրը չէ, եւ այդտեղ ես համամիտ եմ: Ինչ վերաբերում է քաղաքական շփումներին, կարծում
եմ, պետք է օգտագործել այս առիթը՝ որոշակի հարցադրումներ անելու համար: Բայց, չունենալով
ընդհանուր քաղաքական հայեցակարգ, միշտ էլ լինելու են իրավիճակային պատասխաններ»:
«Հանրապետական» խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանի համար նախագահի պատասխանը
հարյուր տոկոսով ճիշտ է. «Կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի պատասխանը Էրդողանին
արտահայտում է այն հետեւողական դիրքորոշումը, որ Հայաստանի կառավարությունը ունեցել
է եւ ունի: Այդ դիրքորոշումն արդյունավետ է, այն ժողովուրդների ապագայի, ճակատագրի
համար պատասխանատու մարդկանց դիրքորոշում է: Անկախ նրանից, թե ինչպիսին է եղել անցյալը,
այսօր մենք պատասխանատու ենք Հայկական բարձրավանդակում ապրող ժողովրդի վաղվա օրվա,
այն սերնդի համար, որին մենք էստաֆետ ենք հանձնում: Մենք պետք է կարողանանք հանձնել
արդյունավետ, ապահով պետություն, խաղաղ հարեւաններ եւ տարածաշրջանային համագործակցություն:
Այս ամենը պետք է արվի, բայց ոչ երբեք մեր արժանապատվության կամ՝ պատմությունը մոռանալու
հաշվին»: Ի դեպ, թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի արտգործնախարարությունը
այս պահին ուսումնասիրում է ՀՀ նախագահի պատասխանը, որից հետո այն կուղարկվի վարչապետին:
Երեկ սպասվում էր նաեւ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Նամիք Թանի հայտարարությունը Ռոբերտ
Քոչարյանի պատասխանի վերաբերյալ: Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները վկայում են,
որ Թուրքիայի կառավարության պատասխանը կարող է լինել դրական՝ «Թուրքիա-Հայաստան սահմանը
ճանաչելու» եւ «ցեղասպանության գաղափարներին անդրադառնալու երաշխիքի առկայության»
պայմանով: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել