Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավելի քան «կամերային» կրքեր

Ապրիլ 27,2005 00:00

Ավելի քան «կամերային» կրքեր Երաժշտական կամերային թատրոնում հակամարտությունը շարունակվում է «Հեռու չէ այն ժամանակը, երբ մեր ղեկավարությունը կհասկանա, որ անիմաստ է այսքան պետական թատրոն պահելը եւ այս ոլորտում էլ կսկսվի սեփականաշնորհումը»,- վստահ է Երաժշտական կամերային թատրոնի նորանշանակ տնօրեն Լեւոն Աբրահամյանը: «Առավոտի» հետ զրույցի սկզբում Լ. Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ եթե պետությունը իր հովանավորության տակ գտնվող ավելի քան 20 թատրոններից թողնի, օրինակ՝ 5-ը, խնայված գումարով (յուրաքանչյուր թատրոնի տարեկան դոտացիան կազմում է 20-25 մլն դրամ) մնացած մշակութային օջախները հնարավորություն կստանան բեմադրել բարձրակարգ ներկայացումներ, որոնց շնորհիվ կմեծանա հանդիսատեսի հոսքը թատրոն: Ըստ Լ. Աբրահամյանի, այդպիսով թատրոնների միջեւ կստեղծվի մրցակցություն ու թատրոնը կունենա եկամուտ: Մեր հարցին՝ «Այսօր ձեր թատրոնը անեկամո՞ւտ է աշխատում», տնօրենը պատասխանեց. «Թատրոնի գոյության 7 տարիների արդյունքը ընդամենը երեք ներկայացում է՝ «Բրոդվեյ-Բրոդվեյ», «Կատուներ», «Քվազիմոդո եւ Էսմերալդա»: Եթե յուրաքանչյուր ներկայացմանը վաճառվում է միջինը 30 տոմս՝ ի՞նչ եկամուտի մասին կարող է խոսք լինել»: Երաժշտական կամերային թատրոնում ապրիլի 9-10-ին չկայացան վաղօրոք հայտարարված ներկայացումները ձեր եւ գեղարվեստական ղեկավարի տարաձայնության պատճառով: Ապրիլի 23-ին կայացած ներկայացումից հետո կարելի՞ է մտածել, թե թատրոնի լարված բարոյահոգեբանական մթնոլորտը հանդարտվել է: Ի պատասխան տնօրենը նշեց, որ ներկայացումների տապալման համար համապատասխան մարդիկ ստացել են նկատողություն, իսկ կրկնվելու դեպքում նույնիսկ կհեռացվեն աշխատանքից: Նաեւ չթաքցրեց, որ մթնոլորտը շարունակում է մնալ շիկացած: «Սա պետական թատրոն է, ստանում ենք պետական աշխատավարձ: Պետք է անձնական ամբիցիաները մի կողմ դրվեն: Ես ունեմ իմ բիզնեսները, բայց առաջնահերթ ուշադրությունս թատրոնն է՝ հասկանալի պատճառով: Կրկնում եմ՝ սա պետական աշխատանք է: Որպես տնօրեն, ունեմ իմ սկզբունքները. այո, դեմ եմ, որ մեր թատրոնը ունենա մոտ 40 դերասան: Թող լինեն 10-ը, որոնք լավ կգովազդվեն, ի վերջո, հանդիսատեսը թատրոն գալիս է այս կամ այն ճանաչված դերասանի համար»,- նշեց տնօրենը: Թատրոնի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ձգձգվում Ա. Սաթյանի «Լիլիթ» ռոք օպերայի պրեմիերան, որի համար դեռ անցյալ տարի պետությունը հատկացրել էր 2 մլն դրամ: Լ. Աբրահամյանի խոսքերով. «Լիլիթի» գումարը ստացված եւ նախօրոք բաժանված է: Ներկայացումը պետք է բեմադրվեր 8 ամիս առաջ: Անկեղծ ասած, չգիտեմ կոնկրետ ինչ է արված, որովհետեւ երեւացող ոչինչ չկա: Գտնում եմ, որ ձգձգման հիմնական պատճառը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի ու եկած-գնացած տնօրենների միջեւ կոնֆլիկտն է»: Ըստ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի հետ հակասություններն այլեւս անհաղթահարելի են. «Հաշտվելու ոչ մի եզր չի մնացել հասկանալի պատճառով՝ Արմեն Մելիքսեթյանը թատրոն է բերել Թատերականի իր ղեկավարած կուրսի ուսանողներին, վերջիններս էլ, բնականաբար, կախում ունեն իրենից: Մի խոսքով, մեր թատրոնը կարելի է անվանել ուսանողական: Այս թատրոնում բեկումային փոփոխություններ են պետք: Որպես տնօրեն, նպատակահարմար չեմ գտնում նրա հետ հետագա համագործակցությունը»: Նույն հարցով «Առավոտը» դիմեց նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին: Ստացանք հակիրճ պատասխան. «Հաշտության եզրեր այլեւս չկան»: Ինչ վերաբերում է «Լիլիթին» ու քիչ թվով դերասաններ պահելուն, այս մասին էլ պրն Մելիքսեթյանը հետեւյալն ասաց. «Այո, 2 մլն դրամ ստացել ենք ներկայացման համար: Դերասաններին եւ մյուս մասնագետներին, բացի չնչին աշխատավարձերից, հավելավճարներ եմ տվել $100-200-ի չափով: Որոշակի գումար դեռ մնացել էր, Լեւոն Աբրահամյանի տնօրեն նշանակվելուց հետո այդ գումարի ճակատագիրն ինձ անհայտ է: Ինչ վերաբերում է դերասանների թիվը կրճատելուն, դա ոչ թե տնօրենի, այլ գեղարվեստական ղեկավարի խնդիրն է ու որոշելիքը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել