Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐՆ

Ապրիլ 27,2005 00:00

ԹՈՒՐՔԵՐՆ ԷԼ ԻՐԵՆՑ «ԴԱՎԱՃԱՆՆ» ՈՒՆԵՆ Երեկ հայ գրողները հյուրընկալել էին իրենց թուրք գրչակցին՝ Դողան Աքհանլըին, որն իր քաղաքական հայացքների համար 3 տարի անցկացրել է Ստամբուլի ռազմական բանտում, այնուհետեւ արտաքսվել Թուրքիայից: Նրա հայերեն բարեւը եւ սրտառուչ ողջույնը ընդունվեց ծափահարություններով: 1991-ից Դողան Աքհանլըն ապրում է Գերմանիայում, աշխատում է «Քյոլնի կոչն ընդդեմ ռասայական խտրականության» ընկերությունում եւ հոդվածներ է գրում թուրքալեզու թերթերի համար: «Ծնվել եմ մի հողում, որը հայերի բնօրրանն է եղել»,- երեկ հայտարարեց թուրք գրողը, որ Հայաստան էր եկել Եղեռնի 90-րդ տարելիցի առիթով: 7 տարի առաջ Ստամբուլում լույս է տեսել նրա «Անհետացած ծովեր» եռագրությունը, որի վերջին գիրքը՝ «Ահեղ դատաստանի դատավորները» 1915թ. Հայոց ցեղասպանության մասին է: Դ. Աքհանլըն ասաց, որ գերմաներենից թուրքերեն է թարգմանել նաեւ Թալեաթ փաշայի դատավարությունը, իսկ մայիսին պատրաստվում է հրատարակել իր 6-րդ գիրքը, որտեղ զուգահեռներ են տարվում հրեաների ողջակիզման ու Հայոց ցեղասպանության միջեւ: «Եթե ես չգայի Գերմանիա, ամենայն հավանականությամբ, չէի դառնա գրող եւ չէի գրի գիրք, որի ավարտը տեղի է ունենում այստեղ, Երեւանում՝ 1915թ. թուրքերի կողմից իրագործված Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Եվ ես համարձակություն եւ ուժ չէի գտնի իմ մեջ՝ այսօր Արարատի դիմաց կանգնել եւ խոսել… Շնորհակալ եմ, որ ինձ՝ հանցանք կատարած հասարակության ներկայացուցչիս, հնարավորություն տրվեց մտորելու իմ ազգի ամոթի ու անպատվության մասին»,- ասաց պրն Աքհանլըն, որին Թուրքիայում դավաճան են հայտարարել: Նա երազում է, որ Թուրքիան Ցեղասպանության ճանաչումը համարի իր պատմության վերագնահատման սկիզբ՝ նախքան կմեկնարկի 2015 թվականը, երազում է, որ Ստամբուլում կառուցվի Հայոց ցեղասպանության թանգարան, իսկ Թուրքիայում մեկուկես միլիոն նռնենիներ տնկվեն՝ ի հիշատակ Հայոց եղեռնի զոհերի: «Այսօր ես էլ հայերիդ նման արմատախիլ եմ արվել իմ ծննդավայրից, իհարկե բնավ հակված չեմ համեմատելու իմ վիճակը 1915-ին իրենց բնօրրանից տեղահանվածների վիճակի հետ: Ես հենց սկզբից գիտեի՝ ինչ էր ինձ սպասվում, իսկ 1,5 մլն հայերը չգիտեին, թե ինչ էր ծրագրել Օսմանյան կայսրությունը, որի քաղաքացիներն էին իրենք: Եղեռնի կազմակերպիչները մարդիկ էին, ինչո՞ւ նրանց մեջ հանկարծ հրեշն արթնացավ: Ինձ մի բան է անհանգստացնում, որ Թուրքիայի հասարակության մեջ այդ հրեշը դեռ ապրում է»: Ըստ թուրք գրողի, ներկայումս Գերմանիայի Դաշնությունում ապրում է շուրջ 2,5 մլն թուրք եւ 30-35 հազար հայ, իսկ իրենց կազմակերպության խնդիրը հայկական հարցի վրա դրված թուրքական տաբուն հաղթահարելն է. «Գերմանիայում ծնված թուրքերը տեսնում են, որ հրեաների ողջակիզման պատասխանատուները՝ գերմանացիները այդ մասին իրենց դասագրքերում գրում են առանց թաքցնելու, թուրքերն էլ պիտի քաջություն ունենան Հայոց ցեղասպանության մասին խոսել ու կատարվածը դատապարտել»: Պրն Աքհանլըն տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում հայկական հարցի վերաբերյալ: Օրինակ, մի անգամ Քյոլնից ավտոբուսով թուրք երիտասարդներին տարել են բեռլինյան այն փողոցը, որտեղ Սողոմոն Թեհլերյանը սպանել է Թալեաթ փաշային: Երիտասարդների մեջ են եղել նաեւ Թուրքիայից ժամանած 5 համալսարանականներ: Աքհանլըի պատմելով, անգամ վեճ է ծավալվել գերմանաբնակ եւ թուրքաբնակ թուրքերի միջեւ՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս: Առաջինները դատապարտել են իրենց նախնիներին, վերջիններս արդարացրել: «Բացատրական» աշխատանքից հետո հայերին դատապարտող կեցվածք ունեցող 5 թուրքերից մեկը, ըստ թուրք գրողի, վերադառնալով Թուրքիա, ստորագրահավաք է կազմակերպել Հայոց ցեղասպանության դատապարտման համար, իսկ մյուս երիտասարդը դոկտորական թեզ է պաշտպանել 1915թ. ցեղասպանության մասին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել