Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքում

Ապրիլ 27,2005 00:00

Բողոքում են կադաստրից, ԴԱՀԿ-ից եւ ուրիշներից Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց իր առաջին զեկույցը Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց 2004թ. երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը: Ըստ պաշտպանի, այն կարող է տարբերվել այլ երկրների պաշպանների զեկույցներից, քանի որ միասնական ձեւ չկա: Լ. Ալավերդյանը ներկայացրեց ստացված բողոքների վիճակագրական վերլուծությունը, ըստ որի, 2004թ. մարտի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ստացվել է 1294 գրավոր բողոք՝ 2346 քաղաքացուց: Իսկ այս տարվա երեք ամիսներին ստացված դիմումները (146) 13%-ով ավելացել են: Լ. Ալավերդյանը նկատեց, որ «սովորության համաձայն, դիմումատուները մարզերից են գալիս գրասենյակ: Ճնշող մեծամասնությունը սոցիալապես անպաշտպան խավի ներկայացուցիչներ են»: Անդրադառնալով խոսքի ազատության խախտման դեպքերին, Լ. Ալավերդյանն ասաց. «Հանրապետության նախագահի մասնակցությունը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման գործընթացին՝ առաջ է բերում անվստահություն հանձնաժողովի անկախության նկատմամբ»: Ի դեպ, խոսքի ազատության խախտման դեպքերի մեջ տարեկան զեկույցում տեղ չէր գտել «Ա1+» հեուստաընկերության փակման փաստը: Տիկին Ալավերդյանը տեղեկացրեց նաեւ, որ Բուդապեշտում ազերի Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանի մայիսյան դատավարությանը կմասնակցի նաեւ իր ներկայացուցիչը՝ Մարինա Գրիգորյանը: Ըստ տարածքների, իրավապաշտպանին ամենաշատը բողոքել են երեւանցիները՝ 782, ետ չի մնացել «հայրաքաղաքը»՝ Շիրակի մարզից 2004թ. 10 ամիսներին ստացվել էր 97 բողոք, պատվավոր դիմումատուներ էին նաեւ Լոռու մարզի բնակիչները: Բողոքի օբյեկտներն են՝ դատարաններ (132), գույքի կառավարման ոլորտ (256), սոցիալական ապահովություն (189): Տարօրինակ է, որ «Ընտրական իրավունքին» անդրադառնալիս զեկույցում օմբուդսմենը նշել է. «2004-ին ընտրություններ չեն անցկացվել», այն դեպքում, երբ համայնքային ընտրություններ, այնուամենայնիվ, եղել են, կայացել է նաեւ Լավանդայի Արայիկի եւ Սասի Արտակի նշանավոր «ճակատամարտը» խորհրդարանական տեղի համար: Երբ Մարդու իրավունքների պաշտպանին հորդորեցին անուններ տալ, նա նշեց հատկապես քաղաքապետի հետ կապված՝ գրասենյակի դժվարությունների մասին: Փաստորեն, Երեւանի քաղաքապետին հասցեագրված ոչ մի նամակի քաղաքապետը անձամբ չի պատասխանել: Պաշտպանի կողմից քաղաքապետին հասցեագրված նամակների մի մասի պատասխանները ստացվում են ուշացումներով: Ընդհանրապես, օմբուդսմենի գրասենյակը, ըստ Լարիսա Ալավերդյանի, տարբեր պետական ատյաններ է ուղարկել 679 նամակ: Քաղաքապետարան ուղարկվել է 67 նամակ, նախարարություններ՝ 103, իսկ ՀՀ նախագահին, օրինակ, ուղարկվել է 2 նամակ: Նույնքան նամակ է ուղարկվել նաեւ Ազգային անվտանգության ծառայությանը եւ ՀՀ վարչապետին: Ի դեպ, զեկույցում տեղ է գտել, որպես բացասական երեւույթ, 2004թ. ապրիլի 12-ին «Արդարություն» դաշինքի գրասենյակ ներխուժելը, գույքին վնաս պատճառելը: Լարիսա Ալավերդյանը ուշադրություն հրավիրեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ Իրավունքների պետական գրանցման մարմնի («Կադաստր») գործունեության վրա, նկատելով. «Այս ծառայություններում առավել հաճախակի են մարդու իրավունքների խախտումները»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել