Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը

Ապրիլ 27,2005 00:00

Կառավարությունը խլում է սեփականատիրոջ գույքը Եվ տալիս մեկ ուրիշին՝ այն դեպքում, երբ, ըստ սեփականության իրավունքի վկայականի, քաղաքացու սեփականության երաշխավորը պետությունն է: Անցյալ տարի Հյուսիսային պողոտայի տների աղմկալի իրացումից հետո նախագահ Քոչարյանը Երեւանի քաղաքապետին հանձնարարեց հեռու պահել իր կառույցն իրացման հետագա գործընթացից, դա թողնելով տարածքի գնորդներին, որպեսզի վերջիններս լեզու գտնեն տնատերերի հետ: Սակայն իրականում պատկերը չի փոխվել՝ կառավարության 2004թ. թիվ 909-Ն որոշմամբ, առանց մրցույթի սեփականատեր դարձած ընկերություններն իրենք են գնահատում տների արժեքը եւ դատարանների օգնությամբ վտարում արդեն նախկին դարձած սեփականատերերին: Ըստ Սահմանադրության 28-րդ հոդվածի՝ սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այնինչ, կառավարությունը, ընդունելով մի քանի որոշումներ, իրեն է վերապահել սեփականատերերի գույքն իր հայեցողությամբ գնահատելու եւ օտարելու իրավունքը, չմեկնաբանելով, թե ինչ բացառիկ դեպքի մասին է խոսքը: Ի դեպ, այդ դեպքերը մինչ օրս սահմանված էլ չեն: Չկա նաեւ 1998 թ. Սահմանադրական դատարանի 92-րդ որոշմամբ պահանջվող համապատասխան օրենքը: Փաստորեն, կառավարությունը, խախտելով օրենք ու որոշում, ինքն իրեն լիազորել է անշարժ գույքի օտարման իրավունք՝ իր թելադրած պայմաններով: Սա դեռ քիչ է, անցյալ տարվա 909 որոշմամբ գործադիրն առանց մրցույթի Գլխավոր պողոտան մաս-մաս անելով տրամադրեց նոր սեփականատերերի՝ թվով 5 ընկերության, հիմնական սեփականատերերից զավթելով իրենց սեփականությունը: Պատահական չէ, որ Բուզանդի 15 հասցեի բնակիչների բողոքին, թե ո՞ր օրենքով պետք է դուրս գան իրենց բնակարաններից, պատասխան չունեին թե՛ վտարող «Վիզկոն» ընկերության ներկայացուցիչները, թե՛ դատավոր Պարգեւ Օհանյանը: Նրանք վկայակոչում էին միայն կառավարության որոշումները, որոնք վավերացրել է երկրի նախագահը: «Առավոտին» «Վիզկոնի» իրացման գծով պատասխանատու ներկայացած Էդիկ Չինարյանն ասաց, թե իրենք առաջարկել են լավագույն փոխհատուցում՝ բնակարան Արամի փողոցում նախատեսված նորակառույց շենքում: Ի դեպ, շենքի կառուցումը դեռ չի սկսվել, որովհետեւ տարածքը դեռեւս իրացման փուլում է: Իսկ եթե այստեղ էլ բարդություններ առաջանան կամ էլ «Վիզկոն» ՍՊԸ-ն լուծարվի՞: Ո՞վ է երաշխավորում, որ բնակիչները հիմա էլ դրա համար չեն ընկնի դատարանների դռները: Չէ՞ որ կառավարությունն այդ տարածքը հատկացրել էր «Ավանտուր» ՍՊԸ-ին, իսկ հետո նույն տարածքը, այս անգամ քաղաքապետի որոշմամբ, անցել է «Վիզկոնին»: Պատմությունը կարող է եւ կրկնվել, քանի որ համաձայն քաղաքապետարանի հետ կնքված կառուցապատողի առուվաճառքի պայմանագրի, գնորդն իրավունք ունի կառուցապատման իրավունքն օտարել երրորդ անձի: Ումի՞ց ուզեն իրենց բնակարանները բնակիչները՝ պայմանագրով նախատեսված 25 ամիսն անցնելուց հետո: «Եռակողմ պայմանագիրը պետության կողմից կնքում է Երեւանի քաղաքապետարանը, նա էլ գլխավոր երաշխավորն է, բացի այդ, մեր իրավահաջորդը կժառանգի այդ պարտավորությունը»,- պատասխանեց «Վիզկոնի» ներկայացուցիչը: Տեղին է մեջբերել ընկերության կանոնադրության 1.7 կետը. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար» եւ՝ ընդհակառակը: Դե արի ու հավատա պետության կողմից երաշխավորողին, այս ու այլ ընկերություններին եւ այս գործի մեջ թաթախված որեւէ մեկին ընդհանրապես: Զուր չէ, որ շատերը գերադասում են «նաղդ» ու քիչ գումարը՝ ապագայում խոստացվող «շքեղ բնակարանից»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Առավոտին» ասաց, որ Սահմանադրության այս խախտումն ուշադրության առնելու խնդրանքով դիմել է հանրապետության նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել