Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԻՍԸ 5000 ԴՐԱՄԻ ԿՌԻՎ

Ապրիլ 27,2005 00:00

ԱՄԻՍԸ 5000 ԴՐԱՄԻ ԿՌԻՎ Չգործող ընկերություններն ու ձեռնարկությունները փակելու մասին տնտեսական քաղաքականությունն իրականացնողների տրամաբանությունն անհասկանալի է: Կամ գոնե ոչ հեռատեսական: Ինչպես հայտնի է, անցած տարվա դեկտեմբերին հապշտապ ընդունված հարկային փոփոխություններից մեկով էլ նախատեսվում է, որ անկախ այն հանգամանքից՝ ձեռնարկությունը գործում է, թե ոչ՝ ընկերությունը պարտադիր պետք է ունենա վճարովի հիմունքներով աշխատող հաշվապահ, նույնիսկ եթե ֆինանսական որեւէ գործունեություն չի իրականացնում. «Գլխավոր հաշվապահը կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարը պետք է լինի վարձու աշխատող»: Հասկանալի է, որ հարկային ծառայությունն այս փոփոխությունը նախաձեռնեց պետբյուջեի եւ սոցապհիմնադրամի մուտքերը համալրելու նպատակով: Սակայն հերթական անգամ սեփական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու փոխարեն դա արեց գործարար կամ պոտենցիալ գործարար հատվածի ռեսուրսի հաշվին: Բացի այդ, հարկային մարմինների վերջին գործողությունների նկատմամբ բողոքներին ի պատասխան, հնչում էին նաեւ պաշտոնական պատճառաբանություններ, թե գրանցված են հազարավոր ձեռնարկություններ, որոնք չեն գործում. այդ դեպքում նրանց գոյության իմաստը ո՞րն է: Այսպիսի վերապահումներ, թերեւս, կարող է իրեն թույլ տալ այնպիսի մի համակարգ կամ տնտեսական քաղաքականություն իրականացնող պետություն, որն անթերի է կատարում բիզնեսի նկատմամբ իր վարչարարական պարտականությունները, որտեղ բիզնեսի դաշտի մուտքի խոչընդոտներ գրեթե չկան, որտեղ տնտեսական ստվերի մասին միայն ենթադրություններ կարող են լինել, այլ ոչ թե հստակ գնահատականներ: Մենք այս բոլոր առումներով անելիքներ ունենք: Մեկ օրինակ նշենք, որը կհիմնավորի, որ հարկային օրենսդրությունում կատարված այս փոփոխությունը, այնուամենայնիվ, նպատակահարմար չէր: 1998 թ. Արաբկիրի հարկային տեսչությունում գրանցված «Սոցիալական հաղորդակցության կենտրոն» ՍՊԸ-ն տարիներ շարունակ հաջողությամբ հանձնել է իր հաշվապահական հաշվետվությունները, սակայն օրենքի փոփոխությունից հետո, բնականաբար, սոցիալական բաժինը հրաժարվում է այն այլեւս ընդունել. անհրաժեշտ է մեկ վճարովի աշխատողի համար սոցապ վճարումներ կատարել՝ չնայած ֆինանսական գործունեություն այս ՍՊԸ-ն երբեւէ չի իրականացրել: Սակայն այստեղ մի քանի հետաքրքիր հանգամանքներ ու հակասություններ կան. նախ, ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանի տեղեկատվությամբ, միեւնույն հաշվետվությունն արդեն իսկ ընդունել է հարկային ծառայությունը: Այսինքն, չնայած որոշակի գործառույթներով միացվել են այս երկու ծառայությունները, բայց իրար հակասող մոտեցումներ են ցուցաբերում: Հետաքրքիր է նաեւ այն, որ այս ընկերությունը նպատակ է ունեցել գործել միայն պատվերներով, սպեցիֆիկ ոլորտ է, եւ ընկերության ղեկավարը նպատակահարմար է գտնում այն պահպանել՝ պատվերների դեպքում նոր ընկերություն գրանցելու քաշքշուկից խուսափելու նպատակով: Ըստ նրա. «լուծարելն էլ է ծախսատար, քաշքշուկի հետ կապված, նորը բացելը՝ առավել եւս: Եթե հետո պատվեր գա՝ էլի մի ամիս, էլի պետռեգիստր: Իսկ լուծարելը եւս վատ է. 1000 ձեւի ստորագրություն պիտի հավաքես: Բարդություններ են»: Հետաքրքիր է նաեւ այն, որ երբ 2000 թվականին բոլոր ձեռնարկությունները վերագրանցվել են, այս մեկը՝ ոչ: Այսինքն, կոպիտ ասած, այս ընկերությունն իրավաբանորեն գոյություն չունի, սակայն հարկայինը տարիներ շարունակ նրանից հաշվետվություններ է ընդունել, ալարելով անգամ ստուգել ինչ-ինչ փաստեր: Ավելին, ամիսը 5000 դրամի համար պատրաստ են այսուհետեւ եւս չհետաքրքրվել ընկերության հիմքերով: Մինչդեռ շուկայական զարգացած տնտեսության ձգտող պետությունում առաջնայինը ոչ թե պետբյուջեի շահերն են, այլեւ բիզնեսինը: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել