Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմկուսն ընդդեմ արեւմտյան արժեքների

Ապրիլ 27,2005 00:00

Կոմկուսն ընդդեմ արեւմտյան արժեքների ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առիթով հայ ժողովրդին ուղղված ուղերձը նաեւ հայ կոմունիստներին է դժգոհելու առիթ տվել: Մասնավորապես, երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ այդ ուղերձով «Բուշը հերթական անգամ համայն հայությանը դրեց շատ ծանր եւ անհարմար վիճակի մեջ, քանզի իր նախընտրական ողջ շրջանում խոստանում էր, որ կօգտագործի գոնե ցեղասպանություն բառը»: Հայ կոմունիստներին դուր չի գալիս Ջորջ Բուշի պահվածքն առհասարակ. «Այն պահին, երբ Իրաքի հարցով սրվել էր Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, Բուշը հայտարարեց, որ եթե Թուրքիան հնարավորություններ չստեղծի Իրաքի ժողովրդին ջարդելու, ապա ինքը ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսպիսի մտածելակերպ ունեցող անձնավորությունը այսօր եւս իր վարած քաղաքականությամբ ապացուցում է, որ ինքն արհեստականորեն ուզում է դառնալ համայն աշխարհի տիրակալը: Մեկ հեղափոխություններ է արտահանում, այսօր հարձակվում է Իրանի վրա, վաղը՝ Սիրիայի… Մեզ համար ծանր օրերին, երբ համայն աշխարհի առաջադեմ մարդկությունը նշում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը, անգամ այդ դեպքում նա չբարեհաճեց օգտագործել «ցեղասպանություն» բառը: Դրա հետ միասին էլ իբր թե աշխատելու է ազատ-անկախ Հայաստանի զարգացման համար: Նույնիսկ խրախուսում է, որ Հայաստանը մասնակցեց Իրաքի դեմ տարվող «հակաահաբեկչական» գործողություններին»: Այս ամենից հետո Հայկոմկուսը Հայաստանի արեւմտամետ ուժերին «խելքի գալու» կոչ է անում. «Արեւմուտքի նկատմամբ ստրկացուցիչ վերաբերմունք դրսեւորելուց առաջ թող լավ մտածեն եւ մեկընդմիշտ հասկանան, որ ԱՄՆ-ն ու նրա նախագահը երբեք չեն եղել ու չեն լինի հայամետ: Ուղղակի իրենց պետական շահերն են նրանց այսօր ստիպում խոսել անկախ Հայաստանի ապագայի ու զարգացման մասին»: ՀԿԿ-ն չի ժխտում Արեւմուտքի հետ հարաբերություններն ընդհանրապես, բայց՝ «Մեկընդմիշտ պետք է հասկանանք, որ Արեւմուտքը եւ նրա «ժողովրդավարությունը», «արժեքները» չպետք է արտահանվեն մեր երկիր, չաղավաղեն մեր բարքերն ու մատաղ սերնդին»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել