Լարիսա
Ալավերդյանը ներկայացրեց իր առաջին զեկույցը Երեկ ՀՀ մարդու իրավունքների
պաշտպան Լարիսա Ալավերդյանը ներկայացրեց 2004թ. երկրում մարդու իրավունքների ու հիմնարար
ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը: Ըստ պաշտպանի, այն կարող է տարբերվել
այլ երկրների պաշպանների զեկույցներից, քանի որ միասնական ձեւ չկա: Լ. Ալավերդյանը
ներկայացրեց ստացված բողոքների վիճակագրական վերլուծությունը, ըստ որի, 2004թ. մարտի
1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ստացվել է 1294 գրավոր բողոք՝ 2346 քաղաքացուց: Իսկ
այս տարվա երեք ամիսներին ստացված դիմումները (146) 13%-ով ավելացել են: Լ. Ալավերդյանը
նկատեց, որ «սովորության համաձայն, դիմումատուները մարզերից են գալիս գրասենյակ:
Ճնշող մեծամասնությունը սոցիալապես անպաշտպան խավի ներկայացուցիչներ են»: Անդրադառնալով
խոսքի ազատության խախտման դեպքերին, Լ. Ալավերդյանն ասաց. «Հանրապետության նախագահի
մասնակցությունը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման գործընթացին՝
առաջ է բերում անվստահություն հանձնաժողովի անկախության նկատմամբ»: Ի դեպ, խոսքի
ազատության խախտման դեպքերի մեջ տարեկան զեկույցում տեղ չէր գտել «Ա1+» հեուստաընկերության
փակման փաստը: Տիկին Ալավերդյանը տեղեկացրեց նաեւ, որ Բուդապեշտում ազերի Սաֆարովի
կողմից կացնահարված հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանի մայիսյան դատավարությանը կմասնակցի
նաեւ իր ներկայացուցիչը՝ Մարինա Գրիգորյանը: Ըստ տարածքների, իրավապաշտպանին
ամենաշատը բողոքել են երեւանցիները՝ 782, ետ չի մնացել «հայրաքաղաքը»՝ Շիրակի մարզից
2004թ. 10 ամիսներին ստացվել էր 97 բողոք, պատվավոր դիմումատուներ էին նաեւ Լոռու
մարզի բնակիչները: Բողոքի օբյեկտներն են՝ դատարաններ (132), գույքի կառավարման ոլորտ
(256), սոցիալական ապահովություն (189): Տարօրինակ է, որ «Ընտրական իրավունքին» անդրադառնալիս
զեկույցում օմբուդսմենը նշել է. «2004-ին ընտրություններ չեն անցկացվել», այն դեպքում,
երբ համայնքային ընտրություններ, այնուամենայնիվ, եղել են, կայացել է նաեւ Լավանդայի
Արայիկի եւ Սասի Արտակի նշանավոր «ճակատամարտը» խորհրդարանական տեղի համար: Երբ Մարդու
իրավունքների պաշտպանին հորդորեցին անուններ տալ, նա նշեց հատկապես քաղաքապետի հետ
կապված՝ գրասենյակի դժվարությունների մասին: Փաստորեն, Երեւանի քաղաքապետին հասցեագրված
ոչ մի նամակի քաղաքապետը անձամբ չի պատասխանել: Պաշտպանի կողմից քաղաքապետին հասցեագրված
նամակների մի մասի պատասխանները ստացվում են ուշացումներով: Ընդհանրապես, օմբուդսմենի
գրասենյակը, ըստ Լարիսա Ալավերդյանի, տարբեր պետական ատյաններ է ուղարկել 679 նամակ:
Քաղաքապետարան ուղարկվել է 67 նամակ, նախարարություններ՝ 103, իսկ ՀՀ նախագահին,
օրինակ, ուղարկվել է 2 նամակ: Նույնքան նամակ է ուղարկվել նաեւ Ազգային անվտանգության
ծառայությանը եւ ՀՀ վարչապետին: Ի դեպ, զեկույցում տեղ է գտել, որպես բացասական երեւույթ,
2004թ. ապրիլի 12-ին «Արդարություն» դաշինքի գրասենյակ ներխուժելը, գույքին վնաս
պատճառելը: Լարիսա Ալավերդյանը ուշադրություն հրավիրեց Դատական ակտերի հարկադիր կատարման
ծառայության եւ Իրավունքների պետական գրանցման մարմնի («Կադաստր») գործունեության
վրա, նկատելով. «Այս ծառայություններում առավել հաճախակի են մարդու իրավունքների
խախտումները»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ