Այսպես
է գնահատում «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի եթերազրկումը «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական
կենտրոնի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը: – «Նոյյան տապանը» մասնակցություն
չունեցավ «Ի պաշտպանություն ազատ խոսքի» վերջին միջոցառումներին: Եվ ընդհանրապես,
քանի որ «ՆՏ»-ն ասուլիսներ չի հրավիրում, ցույցեր չի կազմակերպում՝ կարող է տպավորություն
առաջանալ, թե դադարեցրել եք պայքարը եւ համակերպվել եթերազրկմանը: Իրոք այդպե՞ս է:
– Այդ միջոցառումները երկրորդ տարին են անցկացվում մի խումբ հասարակական կազմակերպությունների
նախաձեռնությամբ: Դեռ անցած տարի դիմեցի կազմակերպիչներին եւ փորձեցի հասկանալ, թե
ինչու են միջոցառումներն ուղղված միայն «Ա1+»-ի պաշտպանությանը, քանի որ մինչ այս
մեր երկու ընկերությունները, որոնք նույն պատճառների հետեւանքով արժանացել էին նույն
«բախտին»՝ կարծես ընթանում էին զուգահեռ: Կազմակերպիչները չկարողացան տալ որեւէ հստակ
պատասխան: Մեզ անգամ միշտ չէ, որ հրավիրում են լուսաբանելու այդ միջոցառումները:
Չեմ համարում, թե սա պատահական երեւույթ է, քանի որ գաղտնիք չէ, որ այս մի
քանի տարիների ընթացքում մեր երկու ընկերություններն ուս ուսի տված եւ միասնական
չեն փորձել դիմագրավել դժվարություններին: Մեր հարաբերություններում եղել են նաեւ
ավելի սուր շրջաններ եւ միանշանակ՝ ոչ մեր մեղքով: Իսկ ոչ միաբանությունը միշտ էլ
բերում է կորուստների: – Այնուամենայնիվ, չե՞ք ընդունում, որ «Ա1+»-ն ավելի
ակտիվորեն է պայքարում իր ոտնահարված իրավունքների համար, քան «ՆՏ»-ն: – Չեմ
կարծում: Պայքարի ձեւերը տարբեր են լինում: Մենք մեր պայքարը տանում ենք բացառապես
իրավական հարթության վրա. մեր իրավունքների խախտման հարցով դիմել ենք հայաստանյան
դատարաններ, անցել բոլոր փուլերը եւ գործը փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական
դատարան, որն արդեն գործն ընդունել է մասնակի վարույթ: Որքան գիտեմ, սա առաջին գործն
է, որ Եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանից: Սա համարում եմ մեր իրավունքների
պաշտպանության հարցում արդեն լուրջ հաջողություն: Հուսով եմ, որ «Ա1+»-ի հայցն էլ
շուտով կընդունվի վարույթ, եւ այս երկու գործերը իրար լրացնելով՝ կհանգեցնեն ինչ-որ
արդյունքի: Ուղղակի այժմ, երբ մենք դատական վիճարկման գործընթացում ենք՝ պայքարի
որեւէ այլ դրսեւորումներով հանդես գալը համարում եմ աննպատակահարմար: – Այս
փուլում առավել նպատակահարմար եք համարում իրավակա՞ն պայքարը, քան քաղաքական կամ
հասարակական կազմակերպությունների օժանդակությանը դիմե՞լը: – Ի սկզբանե էր
մեր դիրքորոշումը տարբերվում այս հարցում «Ա1+»-ի եւ որոշ լրատվամիջոցների դիրքորոշումից:
Մենք այս պայքարը դիտում ենք ոչ որպես ընդդիմության եւ իշխանության, կամ երկրի նախագահի
եւ հեռուստաալիքի տնօրենի, այլ համակարգային պայքար՝ անկախ նրանից, թե ովքեր են այսօր
իշխանության ղեկին: Երկրում ստեղծված է այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները մշտապես
փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել էլեկտրոնային լրատվամիջոցները, իսկ
չենթարկվողներին այս կամ այն ճանապարհով դուրս մղել ոլորտից: Չմոռանանք, որ մեր այս
պայքարը սկսվել է դեռեւս 1997-ից, եւ մենք ոչ թե 3, այլ 8 տարի է, ինչ պայքարում
ենք եթեր ստանալու համար: Հենց ստեղծված համակարգն է, որ չի տալիս ոչ մի երաշխիք,
որ իշխանությունների փոփոխման պարագայում այսօր գործող հեռուստաընկերություններից
որոշները եւս չեն հայտնվի մեր վիճակում: – Արդյոք չե՞ք նսեմացնում սուբյեկտիվ
գործոնը, որ անկախ հեռուստաալիքներին եթերից զրկելը քաղաքական վերնախավի որոշումն
էր: – Ես ոչ թե նսեմացնում եմ, այլ ընդգծում եմ դա: Կատարվածն իհարկե՛ իշխանության
սուբյեկտիվ որոշումն էր, բայց դրա բուն նպատակը հասարակական կարծիքի վրա առավել մեծ
ազդեցություն ունեցող ողջ էլեկտրոնային մամուլը կոշտ վերահսկողության տակ վերցնելն
էր: Եվ մեզ ու «Ա1+»-ին հեռուստաոլորտից հեռացնելը հետապնդում էր այս նպատակը: Եթե
հարցին մոտենանք այս ըմբռնումով՝ ակնհայտ է, որ ազատ խոսքի եւ պետության ժողովրդավարական
զարգացման արժեքային համակարգի գաղափարակիրները պետք է համախմբվեին հենց այս երեւույթի
դեմ: Բայց դրա փոխարեն՝ երեւույթին տրվում է մասնավոր բնույթ. այն է, թե «իշխանությունները
սկզբունքի են ընկել», «խնդիրն անձնական թշնամանքի մեջ է» եւ այլն: Բացի դրանից, ոչ
իրավացիորեն այս հարցը սկսում են մեկնաբանել իշխանություն-ընդդիմություն հակամարտության
հարթության մեջ, ելնելով այն թեզից, թե «Ա1+»-ն էր այն միակ տեղը, ուր ընդդիմությունը
կարող էր դրսեւորել իրեն եւ այն փակեցին: – Այդպես չէ՞: – Այդպե՛ս
է, բայց «Ա1+»-ը միակ ամբիոնը չէր, որը բաց էր ընդդիմության համար: Թե՛ ընդդիմության
եւ թե՛ իշխանությունների համար միշտ բաց է եղել նաեւ «ՆՏ»-ի եթերը: Եվ բացի դրանից,
որ պակաս կարեւոր չէ, այս երկու հեռուստաընկերությունների եթերում գտնվելու հանգամանքը
ստիպում էր մյուս հեռուստաալիքներին լինել շատ ավելի համարձակ: Եթերից հանելով սկզբում
«ՆՏ»-ն, իսկ հետո նաեւ «Ա1+»-ն՝ իշխանությունները լուծեցին շատ ավելի մեծ խնդիր.
ցույց տվեցին, թե ինչ է սպասում բոլոր անհնազանդներին, զրկելով հասարակությանը լիարժեք
տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Բացի դրանից, իշխանություններն արեցին
ամեն ինչ, որ մեր ընկերություններն իրենց դեմ հանդես չգան միասնական՝ թուլացնելու
համար մեր պայքարը: Ցավոք, այդ խայծը կուլ տվեցին նաեւ մեր որոշ ազդեցիկ հասարակական
կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու պատգամավորներ, որոնք դրանով իսկ, փաստորեն,
թուլացրեցին պայքարը բուն երեւույթի դեմ՝ ջուր լցնելով նրա՛նց ջրաղացին, ովքեր պնդում
են, թե խոսքն, այնուամենայնիվ, մի առանձին վերցրած կազմակերպության նկատմամբ անարդարացի
վերաբերմունքի մասին է: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ