Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը խլում է սեփականատիրոջ գույքը

Ապրիլ 27,2005 00:00

Եվ տալիս մեկ ուրիշին՝ այն դեպքում,
երբ, ըստ սեփականության իրավունքի վկայականի, քաղաքացու սեփականության երաշխավորը
պետությունն է: Անցյալ տարի Հյուսիսային պողոտայի տների աղմկալի իրացումից
հետո նախագահ Քոչարյանը Երեւանի քաղաքապետին հանձնարարեց հեռու պահել իր կառույցն
իրացման հետագա գործընթացից, դա թողնելով տարածքի գնորդներին, որպեսզի վերջիններս
լեզու գտնեն տնատերերի հետ: Սակայն իրականում պատկերը չի փոխվել՝ կառավարության 2004թ.
թիվ 909-Ն որոշմամբ, առանց մրցույթի սեփականատեր դարձած ընկերություններն իրենք են
գնահատում տների արժեքը եւ դատարանների օգնությամբ վտարում արդեն նախկին դարձած սեփականատերերին:
Ըստ Սահմանադրության 28-րդ հոդվածի՝ սեփականության օտարումը հասարակության
եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի
հիման վրա, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այնինչ, կառավարությունը, ընդունելով
մի քանի որոշումներ, իրեն է վերապահել սեփականատերերի գույքն իր հայեցողությամբ գնահատելու
եւ օտարելու իրավունքը, չմեկնաբանելով, թե ինչ բացառիկ դեպքի մասին է խոսքը: Ի դեպ,
այդ դեպքերը մինչ օրս սահմանված էլ չեն: Չկա նաեւ 1998 թ. Սահմանադրական դատարանի
92-րդ որոշմամբ պահանջվող համապատասխան օրենքը: Փաստորեն, կառավարությունը, խախտելով
օրենք ու որոշում, ինքն իրեն լիազորել է անշարժ գույքի օտարման իրավունք՝ իր թելադրած
պայմաններով: Սա դեռ քիչ է, անցյալ տարվա 909 որոշմամբ գործադիրն առանց մրցույթի
Գլխավոր պողոտան մաս-մաս անելով տրամադրեց նոր սեփականատերերի՝ թվով 5 ընկերության,
հիմնական սեփականատերերից զավթելով իրենց սեփականությունը: Պատահական չէ, որ Բուզանդի
15 հասցեի բնակիչների բողոքին, թե ո՞ր օրենքով պետք է դուրս գան իրենց բնակարաններից,
պատասխան չունեին թե՛ վտարող «Վիզկոն» ընկերության ներկայացուցիչները, թե՛ դատավոր
Պարգեւ Օհանյանը: Նրանք վկայակոչում էին միայն կառավարության որոշումները, որոնք
վավերացրել է երկրի նախագահը: «Առավոտին» «Վիզկոնի» իրացման գծով պատասխանատու
ներկայացած Էդիկ Չինարյանն ասաց, թե իրենք առաջարկել են լավագույն փոխհատուցում՝
բնակարան Արամի փողոցում նախատեսված նորակառույց շենքում: Ի դեպ, շենքի կառուցումը
դեռ չի սկսվել, որովհետեւ տարածքը դեռեւս իրացման փուլում է: Իսկ եթե այստեղ էլ բարդություններ
առաջանան կամ էլ «Վիզկոն» ՍՊԸ-ն լուծարվի՞: Ո՞վ է երաշխավորում, որ բնակիչները հիմա
էլ դրա համար չեն ընկնի դատարանների դռները: Չէ՞ որ կառավարությունն այդ տարածքը
հատկացրել էր «Ավանտուր» ՍՊԸ-ին, իսկ հետո նույն տարածքը, այս անգամ քաղաքապետի որոշմամբ,
անցել է «Վիզկոնին»: Պատմությունը կարող է եւ կրկնվել, քանի որ համաձայն քաղաքապետարանի
հետ կնքված կառուցապատողի առուվաճառքի պայմանագրի, գնորդն իրավունք ունի կառուցապատման
իրավունքն օտարել երրորդ անձի: Ումի՞ց ուզեն իրենց բնակարանները բնակիչները՝ պայմանագրով
նախատեսված 25 ամիսն անցնելուց հետո: «Եռակողմ պայմանագիրը պետության կողմից կնքում
է Երեւանի քաղաքապետարանը, նա էլ գլխավոր երաշխավորն է, բացի այդ, մեր իրավահաջորդը
կժառանգի այդ պարտավորությունը»,- պատասխանեց «Վիզկոնի» ներկայացուցիչը: Տեղին
է մեջբերել ընկերության կանոնադրության 1.7 կետը. «Պետական եւ տեղական ինքնակառավարման
մարմինները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար»
եւ՝ ընդհակառակը: Դե արի ու հավատա պետության կողմից երաշխավորողին, այս ու այլ ընկերություններին
եւ այս գործի մեջ թաթախված որեւէ մեկին ընդհանրապես: Զուր չէ, որ շատերը գերադասում
են «նաղդ» ու քիչ գումարը՝ ապագայում խոստացվող «շքեղ բնակարանից»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան
Լարիսա Ալավերդյանը «Առավոտին» ասաց, որ Սահմանադրության այս խախտումն ուշադրության
առնելու խնդրանքով դիմել է հանրապետության նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել