ԱՌԳՐԱՎԵԼ
ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻ ՏԵՍԱԽՑԻԿԸ Անցած տարի ապրիլի 12-ի գիշերը «Հանրապետություն»
կուսակցության գրասենյակից առգրավված տեսախցիկը պատկանում էր լրագրող Կարապետ Խաչատրյանին:
Նշենք, որ նա համագործակցել է տարբեր հեռուստաընկերությունների հետ,եւ 1994-ից սկսած՝
մշտապես նկարահանել Հայաստանում տեղի ունեցող հանրահավաքները, երթերը, ընտրական տարբեր
հանդիպումները եւ այլն: 2004-ի ապրիլի 12-ին էլ՝ մինչեւ կեսգիշերն անց, նա
իր անձնական տեսախցիկով նկարահանել էր տեղի ունեցող իրադարձությունները, սակայն քանի
որ տեսաերիզն ավարտվում էր ու նաեւ լիցքավորման կարիք կար, տեսախցիկը թողել էր «Հանրապետության»
գրասենյակում: …Կատարվածի մասին Կարապետ Խաչատրյանը իմացել էր միայն առավոտյան:
Շուրջ մեկ ամիս անց տեղեկություն էր ստացել, որ տեսախցիկը գտնվել է, իրավապահները
«Հանրապետությանը» հայտնել են, թե այն իրենց տրամադրության ներքո է: Սակայն սարքն
այդպես էլ չի վերադարձվել: Մեր հարցին, թե դիմե՞լ է ոստիկանություն իր անձնական
սեփականությունը վերադարձնելու խնդրանքով՝ պրն Խաչատրյանը պատասխանեց. «Ես մտածում
էի, թե այն անպայման կվերադարձնեն «Հանրապետության» գույքի հետ միասին: Մի քանի անգամ՝
բանավոր եւ հետո գրավոր դիմեցի կուսակցությանը, եւ միշտ պատասխան էի ստանում, թե
դիմել ենք ոստիկանություն՝ արձագանք չկա, թեեւ նաեւ այլ չվերադարձված գույք կա՝ միայն
տեսախցիկը չէ: Ես նույնիսկ գրեցի, որ դա իմ աշխատանքային գործիքն է, ես աշխատում
եմ պայմանագրով եւ այն ինձ խիստ անհրաժեշտ է»: Մեկ տարի ուշացումով այս բացահայտման
նպատակը դիմելն էր իրավապահներին: Կարապետ Խաչատրյանն առաջարկեց՝ «Եթե տեսախցիկս
չեն կարողանում վերադարձնել՝ գոնե հատուցեն դրա արժեքը, որ ես կարողանամ ձեռք բերել
նորը եւ կարողանամ աշխատել»: Ա. Ի.