Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Ապրիլ 27,2005 00:00

Ինչ է լինելու 2008-ին եւ հետո

Կա ծեծված մի արտահայտություն. կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Դա Հայաստանի դեպքում միանգամայն ճիշտ է: Բայց ոչ այն պատճառով, որ մեծ է սխալվելու վտանգը: Ճիշտ հակառակը՝ նման վտանգ բացարձակապես գոյություն չունի: Ուրեմն, ո՞ւմ համար է պետք պատմել այն, ինչ բոլորին վաղօրոք հայտնի է: Ի՞նչ է, մեծ խե՞լք է պետք՝ գուշակելու համար, թե ինչ են վաղը մամուլի ասուլիսում հայտարարելու Արշակ Սադոյանը կամ Պարույր Հայրիկյանը: Պարզ է, որ նույնը, ինչ ասում էին առնվազն 17 տարի շարունակ: Իսկ ուրիշ ասողներ առանձնապես չկան: Եվ չեն լինելու, եթե այսպես շարունակվի:

Ցավն այն է, որ մարդիկ չեն ուզում 1000-րդ անգամ լսել նույն արտահայտությունները: Նրանք ընդհանրապես չեն ուզում ոչ մեկին լսել: Մարդիկ ուզում են լավ ապրել: Իսկ որ դա չի ստացվի՝ կարելի է ապացուցել պարզ հաշվարկով: Ընդունենք, որ միջին (ոչ առաջատար) եվրոպական երկրի բյուջեն 8 միլիարդ դոլար է (եւ բնակչության թիվը համեմատելի է մերի հետ), իսկ Հայաստանի բյուջեն՝ 800 միլիոն: Ուրեմն պաշտոնապես հայտարարված 10 տոկոսանոց տարեկան տնտեսական աճի դեպքում մենք տվյալ եվրոպական երկրի կյանքի ներկայիս ստանդարտներին կհասնենք ուղիղ 100 տարի հետո: Բայց այն երկրները, որոնց մենք ուզում ենք նմանվել, եւս զարգանալու են, եւ հարյուր տարի հետո այն անդունդը, որը մեզ բաժանում է զարգացած երկրներից, կլինի ոչ թե նույնը, այլ՝ ավելի մեծ: Եթե այսպես շարունակվի:

Դեռեւս 19-րդ դարի առաջին կեսին ֆրանսիացի պետական գործիչ Ալեքսիս Տոկվիլը նկատել էր, որ շուկայական տնտեսությունը սովորաբար հետեւյալ քաղաքական արդյունքն է տալիս. կյանքի մակարդակն աճելու է, իսկ բնակչությունը, որն առաջ բավարարվում էր քչով, պահանջելու է ավելին ու ավելին: Հայաստանի տնտեսությունը չի կարող լինել ոչ շուկայական, բարգավաճող երկրների կյանքը ցույց տվող հեռուստացույցը չես արգելի, ինտերնետը չես փակի: Եթե նույնիսկ ՀՀ որեւէ քաղաքացի կյանքի մասին իր պատկերացումները կառուցի բացառապես «Հայլուրի» լավատեսական տեղեկատվության հիման վրա եւ ուրիշ ոչ մի հաղորդում ու ոչ մի ալիք չնայի, ապա անգամ այդ դեպքում միջազգային լուրերի բլոկում նա կտեսնի դրվագներ ուրիշ կյանքից՝ այն կյանքից, որով Հայաստանում են ապրում մի 20-30 իշխանամերձ «պուզատի»: «Այս» եւ «այն» կյանքի համեմատությունը կշարունակի կոմպլեքսավորել մեր քաղաքացիներին: Եթե այսպես շարունակվի:

Հետաքրքիր է՝ այդ ո՞ր մի խելահասը պիտի լուրջ ներդրումներ անի փոքր, աղքատ եւ անկարգ երկրի մեջ: Բացի դրանից՝ նաեւ մի երկրի մեջ, որը խնդիրներ ունի հարեւանների հետ: Շրջապատված է թշնամիներով, սահմանների փոխարեն ճակատներ ունի: Կապիտալը փախչում է նման տեղերից, որքան էլ դրանք լիբերալ (իբր) հարկային օրենսդրություն ունենան: Միայն Հարավային Կովկասի երեք պետությունները միասին կարող են ինչ-որ հետաքրքրություն ներկայացնել խոշոր համաշխարհային կապիտալի համար: Առանձին վերցրած մեր աղքատությամբ եւ խնդիրներով հանդերձ մենք նրանց համար շուկա չենք ներկայացնում: Եվ դա հավասարապես վերաբերում է նաեւ Վրաստանին եւ Ադրբեջանին: ԱՄՆ-ը կարող է որոշ ժամանակ քաղաքական նպատակներով (ի հեճուկս ռուսի) սնել Վրաստանին: Բայց դա, ի վերջո, պատրանք է: Իրական զարգացման հիմքում ընկած է նյութական շահագրգռվածությունը. հովանավորով կամ դոտացիայով եվրոպական երկիր չես դառնա: Ադրբեջանը նույնպես կարող է կարծել, որ նավթը կբերի երկրի բարգավաճման: Բայց դա նույնպես պատրանք է. նավթը կբերի լավագույն դեպքում Ալիեւի ընտանիքի բարգավաճման: Դե, իսկ Հայաստանն ապրելու է առանց տնտեսապես զարգանալու պատրանքների եւ առանց հույսի: Եթե այսպես շարունակվի:

Փոխարենը աճելու եւ զարգանալու են
այլ տիպի պատրանքներ: «Ազգային»: Եթե չես կարող մարդուն արժանապատիվ կյանք տալ, ապա պետք է սնես նրան հեքիաթներով՝ թե վաղը-մյուս օրը մեր պատմական հողերը թուրքերից կվերցնենք, Ղարաբաղն էլ Հայաստանին կմիացնենք: Հավանաբար, Շվարցենեգերը կօգնի. կհագնի Տերմինատորի զենք ու զրահը եւ մեն-մենակ կջարդի թշնամու ասքյարին: Ճիշտ է, Երեւանի փողոցներն ավելի կեղտոտ են եւ մութ, քան, ասենք, Հելսինկիինը, բայց փոխարենը մեր մայրաքաղաքը Հռոմից 43 տարով մեծ է: Եվ ընդհանրապես, ամբողջ մարդկությունն առաջացել է հայերից, եւ «մաթեմատիկայի» արմատը «մատն» է: (Խոսքը, բնականաբար, ռուսական «մատի» մասին չէ, այլ մեր ձեռքի մատների մասին): Այդպիսի անհեթեթ առասպելներով էլ շարունակելու ենք սնվել: Եթե այսպես շարունակվի:

Եվ վերջին կանխատեսումը: 2008 թվականին նախագահ է հռչակվելու Սերժ Սարգսյանը: (Քանի որ 2003 թվականի բոլոր իրադարձությունները ճիշտ էի կանխագուշակել, համարձակություն ունեմ անելու հետագա կանխատեսումները): Նրանք, ովքեր ասում են, որ Ս. Սարգսյանը նախագահ չի լինելու, որ այս անգամ չի ստացվելու, ժողովուրդը կամ Եվրոպայի խորհուրդը չեն թողնի, այդ մարդիկ իրենց պարզապես «դուխ» են տալիս: Ճիշտ նույնը նրանք ասում էին 2003-ին: 2008-ին նույնպես ընդդիմությունը մի-երկու միտինգ կանի, ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն եւ ԱՄՆ պետդեպարտամենտը կհայտարարեն, որ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ստանդարտներին, ԱՊՀ դիտորդները կասեն, որ դրանք միանգամայն արդար էին, իսկ ՍԴ-ն դրանք կհաստատի: Իշխանությունն այնուհետեւ կքարոզի, որ ընտրությունների արդյունքները վիճարկողները ազգի դավաճաններ են, ապակայունացնում են իրավիճակը, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին եւ երկրի կեղտոտ լվացքը տանում են Ստրասբուրգ: Այդ ամենն այնքան կրկնվող է եւ տրիվիալ, որ իսկապես կանխատեսել չարժե՝ ճիշտ այդպես օրը փոխվում է գիշերով, իսկ ձմեռը՝ գարունով: Միակ էկզոտիկ երանգը 2008 թվականի ընտրություններում լինելու է այն, որ պատվավոր երկրորդ տեղը զբաղեցնելու է Տիգրան Կարապետովիչը: Իրականում նա հավաքելու է ամենաշատ ձայները (ինչն, անշուշտ, խոսում է մեր ընտրողների բարձր մտավոր մակարդակի մասին), բայց նախագահ դառնալ նրան թույլ չեն տա: Եթե, իհարկե, ամեն ինչ այսպես շարունակվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել