Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ

Ապրիլ 27,2005 00:00

Օրերս
հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ զեկուցող Անդրեաս Գրոսսը ԵԱՀԿ ԽՎ Ադրբեջանի զեկուցող
Անդրեաս Գրոսսը, որ վերջերս Ադրբեջանում էր, խոսելով իր այցելության նպատակների եւ
դրա արդյունավետության մասին՝ «Day.az» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում
նկատել է, թե այս տարի աշնանը Ադրբեջանում սպասվող խորհրդարանական ընտրությունները
որոշելու են Ադրբեջանի հետագա ճակատագիրը: «Ես գիտեմ, որ այդ ընտրություններին մեծ
նշանակություն են տալիս եւ իշխանության, եւ ընդդիմության ճամբարներում: Ցանկալի չէր
լինի, որ այդ ընտրությունները վերածվեին կյանքի եւ մահվան պայքարի: Մրցակցող կողմերն
այդ ընտրություններին պետք է վերաբերվեն որպես նորմալ ժողովրդավարական պրոցեդուրայի,
որի արդյունքների հետ համաձայն կլինեն բոլորը: Ադրբեջանում յուրաքանչյուր ընտրությունից
առաջ ինչ-որ նյարդայնություն է նկատվում: Մենք շատ ենք զգուշանում նման տրամադրություններից,
որոնք կարող են հանգեցնել անկանխատեսելի ծանր հետեւանքների: Մեր խնդիրն է, եւ մենք
դրա մասին ուղղակիորեն ասել ենք նախագահին, կանխել այս կամ այն ուժերի կործանարար
քայլերը: Միայն հիմարն է կրկնում իր սխալները: Մենք կոչ ենք անում իշխանություններին
եւ ընդդիմությանը խուսափել սխալներից, որոնք թույլ էին տրվել անցած ընտրությունների
ժամանակ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում ձեռնպահ մնալ բռնություններից, հակառակ
դեպքում կարող է ծավալվել եւս մեկ արյունալի դրամա, իսկ դա պետք չէ ոչ ադրբեջանական
ժողովրդին, ոչ Եվրոպային»,- ասել է Գրոսսը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք
Ադրբեջանում տիրող նախընտրական իրավիճակը կարելի՞ է համարել ժողովրդավարական, պարոն
Գրոսսը խոստովանել է, որ Ադրբեջանում նախընտրական իրավիճակ չի էլ նկատվում: «Ընդհանուր
առմամբ, ամեն ինչ հանգիստ է, բայց ես դա կանվանեի հանգստություն ալեկոծությունից
առաջ: Նման կարծիքի ես հանգեցի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ունեցած
հանդիպումների արդյունքում: Բոլոր նման հանդիպումներում ես ինչ-որ ագրեսիվություն
էի զգում: Իսկ այնտեղ, որտեղ ագրեսիվություն կա, նշանակում է այն կարող է պայթել
ու տխուր հետեւանքներ ունենալ: Ադրբեջանում ոչ ոք ոչ մեկին չի վստահում: Ափսոս, որ
այստեղ մինչ օրս իշխանությունների եւ ընդդիմության միջեւ լիարժեք երկխոսություն չի
սկսվել, ինչը շատ կարեւոր գործոն է լարվածությունը թուլացնելու համար: Երկրի իշխանությունները
պետք է ապահովեն ժողովների ազատությունը, տարբեր քաղաքական ուժերի հավասար մուտքը
էլեկտրոնային ԶԼՄ-ներ: Ադրբեջանի ընդդիմությունը բողոքում է, որ իշխանություններն
իրեն հնարավորություն չեն տալիս ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերը: Կարծում
եմ, որ ընդդիմության այդ պահանջներն արդարացի են: Ընտրությունները ժողովրդավարական
չի կարելի համարել, եթե բոլոր արտոնություններից օգտվում է միայն մեկ կողմը. դա արդար
չէ: Մարդիկ պետք է իրենց ընտրությունը կատարեն՝ պատկերացում ունենալով քաղաքական
ողջ խճանկարի մասին»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ զեկուցողը: Նա միաժամանակ կարծիք է
հայտնել, թե Ադրբեջանում սպասվող ընտրություններն ազատ եւ թափանցիկ անցկացնելը միայն
այդ երկրի նախագահից չէ, որ կախված է: Նրա ասելով, Ալիեւի թիմը նրան պետք է օգնի
այդ հարցում. «Բայց ես լսել եմ, որ այդ թիմը միատարր չէ»: Այդուհանդերձ, Գրոսսը նաեւ
ասել է, թե պետության պարտքն է ընտրություններն այնպես կազմակերպել, որ պարտվողները
դրանց արդյունքներն ու արդարացիությունը կասկածի տակ չառնեն: «Պետք է միայն ափսոսալ,
որ առայժմ Ադրբեջանում այդպիսի ընտրություններ չեն անցկացվել»: Անդրադառնալով
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցին՝ ԵԱՀԿ ԽՎ զեկուցողն ասել է, որ այդ ուղղությամբ
Ադրբեջանն էական քայլ է կատարել՝ վերջերս նրանց ներում շնորհելով: «Այդուհանդերձ,
ասել, թե այդ հարցն ամբողջովին լուծված է՝ դեռեւս վաղ է: Զգուշացնող է նաեւ այն,
որ ներում ստացած նախկին քաղկալանավորների վրայից դատվածությունը հանված չէ, ինչն
արգելում է նրանց առաջիկա ընտրություններում առաջադրել իրենց թեկնածությունը»,- եզրափակել
է Անդրեաս Գրոսսը: Պատրաստեց Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել