Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրկեսն

Ապրիլ 26,2005 00:00

Կրկեսն օտարենք յուրայիններին Անցյալ շաբաթ կառավարությունը որոշում է ընդունել «Հայֆիլմ» կինոստուդիայի եւ Երեւանի պետական կրկեսի օտարման մասին: Ինչպես տեղեկացրել ենք, «Հայֆիլմի» գույքի վաճառքի նվազագույն գինը 266,968 միլիոն դրամ է, Պետկրկեսինը՝ 40 միլիոն 800 000: Քանի որ «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանի տեսակետն այս հարցի մասին քանիցս հնչել է, «Առավոտը» որոշեց ճշտել Երեւանի պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի վերաբերմունքը: «Երբ լսեցի կառավարության այդ որոշման մասին, անմիջապես դրա մեջ լավ բան տեսա: Մեր կոլեկտիվը եւս հայտ է ներկայացրել մրցույթին մասնակցելու: Չգիտեմ եւ չեմ էլ ուզում իմանալ, թե մյուս հայտատուներն ովքեր են կամ ովքեր են լինելու: Հույս ունեմ, որ կառավարությունը նախապատվությունը կտա կրկեսի մարդկանց, այսինքն՝ կոլեկտիվին: Կոլեկտիվն ամեն ինչ կանի համապատասխան գումարը ճարելու համար, որովհետեւ կրկեսը պետք է մնա կրկեսի մարդկանց ձեռքում: Այնպիսի պայմաններում, ինչպիսին մեր կրկեսն է, որեւէ մեկը չէր համաձայնի աշխատել: Մյուս կողմից էլ ես կրկեսի մարդ եմ, միլիոն էլ տան՝ ուրիշ տեղ չեմ գնա աշխատելու: Ցավոք, «Լինսի» հիմնադրամը ամբողջ հանրապետությունով անցավ, ու 1962-ից շահագործման հանձնված կրկեսը շրջանցեց: Չնայած այդ անմխիթար վիճակին, կրկեսը երբեք չի կանգնել, ի տարբերություն թատրոններից մեկի, որ կտուրը կաթալու պատճառով չէր աշխատում: Մինուս 10 աստիճանի պայմաններում մեր աղջիկները (ակրոբատուհիները) վերեւում աշխատել են: Ստանիսլավսկին զուր չէր ասում թատրոնի դերասաններին՝ նախ կրկես գնացեք կարգապահություն սովորելու, հետո եկեք թատրոն»,- ասաց պրն Պետրոսյանը: «Ինչպե՞ս եք պատկերացնում կրկեսի հետագա ճակատագիրը օտարումից հետո, չէ որ կարեւորը միայն գնելը չէ»,- հարցրինք կրկեսի տնօրենին: «Հասկանում եմ, որ կարեւորը գնելը չէ, այլ նաեւ ներդրումներ անելը: Ես այդքանը գիտակցում եմ: Բազմաթիվ հնարավորություններ ունեմ համատեղ ծրագրերի, ներդրումների, ողջ կյանքս աշխատել եմ կրկեսում, բեմադրություններ արել նաեւ արտերկրում, տղաս էլ հայտնի իմպրեսարիո է Գերմանիայում: Այնպես որ, կրկես աշխատեցնելու ու պահելու բոլոր ճանապարհները գիտեմ: Ուզում եմ, որ մեր կրկեսն էլ նոր շունչ ստանա, ներկայացումը դիտելու եկած փոքրիկները ձմռանը չմրսեն, ամռանն էլ չշոգեն: Նախանձով եմ նայում վերանորոգված մշակութային օջախներին, իսկ մենք դեռ 1962թ. ջարդված աթոռներով ենք յոլա գնում»,- ասաց պրն Պետրոսյանը: Ներկայումս էլ կրկեսում ստեղծագործական եռուզեռ է, իսկ մայիսի 20-ից երեւանցիները հնարավորություն կունենան դիտելու ռուսական հանրահայտ՝ «Կրկես՝ սառույցի վրա» ծրագիրը: «Եթե հարկ լինի, պարտք կանեմ, բայց էդ գոստրոլը անպայման կլինի, որովհետեւ ամբողջ կյանքումս երազել եմ այդ ծրագիրը տեսնել Երեւանում»,- ասաց Սոս Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով կավարտվի «Գարնանային հրաշքներ» ծրագիրը, մայիսի 5-ին կնշվի ՀՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 70-ամյակը: Այնուհետեւ կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Իսահակյանին, կանադահայ հայտնի ծաղրածու Հակոբ Ուզունյանին եւ այլ արվեստագետների: Ծրագրված է Մոսկվայի կրկեսի տնօրեն Մաքսիմ Նիկուլինի, Լենինգրադի կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Գեորգի Գապանովի, Եկատերինբուրգի կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Մարչեւսկու այցը Հայաստան: «Դիմել ենք ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, խնդրել, որ գոնե Ստեփան Իսահակյանին մի քանի օրով իր հյուրանոցում տեղավորի, հույս ունենք, որ չի մերժի»,- ասաց պրն Պետրոսյանը: Ի դեպ, մշակույթի նախարարությունը 1,5 մլն դրամ է տրամադրել Լ. Ենգիբարյանին նվիրված միջոցառումներն իրականացնելու համար: Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի դերասաններին Հայաստան հրավիրելու ծախսերը հոգալու համար կառավարության պահուստային ֆոնդից 2 մլն դրամ է տրամադրվել: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել