«ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Կարծում է Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանը Մեծ եղեռնի 90-րդ տարելիցը առանձնակի հիշատակվեց նաեւ Արաբկիր համայնքում: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Մերգելյան ինստիտուտին հարող հրապարակում թաղապետ Լեւոն Հարությունյանի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի: Հրապարակում հավաքված հին ու նոր արաբկիրցիները, թաղապետի մասնակցությամբ, ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո ունկնդրեցին հատվածներ արձակագիր Հովհաննես Մելքոնյանի քարոզարանից, այնուհետեւ հոգեւոր այրերը հոգեհանգստի պատարագ մատուցեցին, որն ուղեկցվեց մոմավառությամբ: Լ. Հարությունյանը դատապարտելով դարի ամենադաժան ոճրագործությունը՝ հույս հայտնեց, որ այն այլեւս չի կրկնվի. «Մենք պարտավոր ենք հիշել մեր պատմության ամենաարյունալի էջը: Պարտավոր ենք հիշել եւ դատապարտել, որպեսզի հետագայում նման արհավիրքների առաջ չկանգնենք»: Միջոցառմանը ներկա էին նաեւ Արեւմտյան Հայաստանից տեղահանված արաբկիրցիներ ու նրանց հետնորդները, նրանց մի մասը հաստատվել է Արաբկիր համայնքում եւ հայրենիքի կարոտը սրտում փորձել է Արեւելյան Հայաստանում իրենց Արաբկիրը ստեղծել: Պատմական արաբկիրցիների հետնորդներից է նաեւ «Արաբկիր» հայրենակցական միության նախագահ Ֆիլիպ Ղազարյանը, որն իր շուրջն է համախմբել ոչ միայն եղեռնից փրկված արաբկիրցիների ու նրանց հետնորդների, այլեւ նոր արաբկիրցիների: Անցյալ տարի իր պապերի հայրենիք այցելած Ֆ. Ղազարյանը ցավով է պատմում, որ երբեմնի 20 հազար բնակչություն ունեցող պատմական Արաբկիրում 2 հայ է մնացել. «Այդ հսկայական քաղաքում ընդամենը երկու հայի հանդիպեցի: Թեեւ նրանք հայ էին, բայց թուրքի ազգանուն էին կրում»: Ըստ միության նախագահի, այսօր Արաբկիր համայնքում էլ եղեռնից փրկված արաբկիրցիներից մի քանիսն են մնացել: Նրանցից ամենաերիտասարդը 80 տարեկան է: Եղեռնը վերապրածները համայնքապետի կողմից չէին անտեսվել: Մեծ Եղեռնի 90-րդ տարելիցի առիթով թաղապետը նրանց դրամական աջակցություն է ցուցաբերել: Պարոն Հարությունյանն ասաց, որ ծրագրում է մի հուշարձան էլ Արաբկիր համայնքում կանգնեցնել, որը լուռ վկայությունը կլինի ցեղասպանության զոհերի հիշատակի: Ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդկանց թվում Մեծ եղեռնի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, զոհվածների հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու այցելեցին նաեւ Լ. Հարությունյանն ու թաղապետարանի աշխատակազմը: R