Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 26,2005 00:00

ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ Վերջին ամիսներին մեր իշխանավորները տրամագծորեն հակառակ մտքեր են արտահայտում արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ։ Վերջերս ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երկու կարեւոր հայտարարություններ է արել: Մեկն այն է, որ Ս. Սարգսյանի համոզմամբ, «Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը ելնում է Հայաստանի շահերից»: Ըստ նրա, դառնալով ԵՄ անդամ՝ Թուրքիան չի կարող փակ սահմաններ ունենալ այդ կազմակերպության հետ «Նոր հարեւանություն» ծրագրի մասնակից պետության՝ Հայաստանի հետ: Հիշեցնենք, որ գրեթե միաժամանակ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն էր հայտարարել, թե «Թուրքիան դեռ չի հասունացել ԵՄ-ին անդամակցելու համար», ինչը ոչ դիվանագիտական խոսքերով նշանակում է՝ ՀՀ-ն դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Երկրորդ հայտարարությունն այն է, որ ԼՂ շուրջ անվտանգության գոտի հանդիսացող շրջանները, որպես ՀՀ կողմից փոխզիջման պատրաստակամության վկայություն, ըստ Ս. Սարգսյանի, կարող են վերադարձվել համարժեք զիջումների դիմաց՝ պայմանով, որ «ադրբեջանական կողմը տա պատերազմի չվերսկսման հստակ երաշխիքներ, որոնք հաստատված լինեն նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ պետությունների կողմից տրված երաշխիքներով»: Ավելին, ի պատասխան այն դիտարկումների, թե պաշտոնական Բաքուն ի տարբերություն Հայաստանի՝ չի խոսում փոխզիջումների մասին, Ս. Սարգսյանն ասել էր. «Դա իրենց խնդիրն է»: «Քանի որ Բաքուն այսօր ընդհանրապես չի խոսում զիջումների մասին, ապա մեր կողմից անիմաստ է խոսել այդ մասին: Կամ փոխադարձ զիջումներ, կամ ոչինչ»,- օրերս հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Առավոտը» խնդրեց մի քանի քաղաքական գործիչների մեկնաբանել բարձրաստիճան պաշտոնյաների այս տարակարծությունները։ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը նկատեց. «Ես կիսում եմ Արկադի Ղուկասյանի դիրքորոշումը, որովհետեւ միայն դա կարող է լինել մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է հայտարարություններում առկա հակասություններին, ապա, ըստ իս, նրանք, ովքեր իրենց իշխանությունն արդեն կորցնում են, խոսքը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի մասին է, ավելի շատ մտահոգված են ԼՂ հիմնախնդրով ակտիվորեն զբաղվող Արեւմուտքին եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նաեւ՝ ԵՄ երկրներին հաճոյանալու հարցում: Ինչ վերաբերում է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, ապա, կարծում եմ, բացատրությունը մեկն է. երբ երկիրը չունի ազգային անվտանգության եւ դրանից բխող արտաքին քաղաքականության հայեցակարգ, այդպես էլ պետք է լիներ: Հիմա ում գլուխն ինչ գալիս է՝ ասում է: Երբ իշխանություն վերցնելուց եւ կոալիցիա ձեւավորելուց այդ ուժերն ու գործիչները հուշագիր էին ստորագրում, այլ ոչ թե քաղաքականության վերաբերյալ համապատասխան դիրքորոշում հայտնում կամ ծրագիր մշակում, այդ դեպքում ի՞նչ կարելի է նրանցից սպասել: Այսօր ստեղծված իրավիճակը շատ նման է աջափսանդալի, ընդ որում, դա եփել է ոչ թե ընդդիմությունը, այլ հենց իշխանությունն ու նրա օղակները»: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ, «դա վկայությունն է այն բանի, որ իշխանության տարբեր խմբավորումների համար Ռոբերտ Քոչարյանն այլեւս կոնսոլիդացնող գործոն չէ, եւ բոլորը հնարավոր փոփոխություններն աչքի առաջ ունենալով՝ փորձում են սեփական քաղաքական խաղը խաղալ: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է փոփոխության դեպքում արեւի տակ իր տեղն ունենալ»: Նրա կարծիքով, դա վկայությունն է նաեւ այն բանի, որ իշխանության թեւերից մեկում նախընտրական կրքեր են բորբոքվում, եւ ոմանք պատրաստվում են ընտրությունների: «Այդուհանդերձ, կարծում եմ, իշխանության վերարտադրության որեւէ փորձ 2005-ին չի լինի եւ 1998-ի սցենարը չի կարող կրկնվել: Հասարակությունը պետք է համոզված լինի, որ ժողովրդավարական հեղափոխությունն ավելի շուտ է լինելու, քան՝ իշխանական որեւէ խմբավորում ռեաբիլիտացիայի փորձ կանի»: «Գործադիր իշխանության կարեւոր պաշտոնյաների՝ միմյանց հակասող հայտարարությունները նվազագույնը իշխանական ճգնաժամի նախանշաններ են: Բայց ես կրկին մնում եմ այն տեսակետին, որ տվյալ դեպքում կարեւորը վարչախմբի հոգեվարքի երկարաձգման պաշարը չէ: Էականն այն է, որ ներքին տարամետ ուժերի տեւական ճնշումներից փլուզվող իշխանական համակարգի փլատակների տակ կհայտնվի բուն ազգային, պետական շահը»,- կարծիք հայտնեց «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել