Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Ապրիլ 26,2005 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎԻ ԵԽԽՎ-ՈՒՄ Թեեւ ԵԽԽՎ Բյուրոն երեկ առավոտյան հավանություն էր տվել այս հարցն հրատապ ընթացակարգով վեհաժողովի նստաշրջանի օրակարգ ներառելուն, սակայն լիագումար նիստում վերջնական որոշում կայացնելու համար չբավականացրեցին ձայները: Հիշեցնենք, որ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ընթացքը քննարկելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ԵԽԽՎ 24 պատգամավորներ: Սակայն օրակարգում այս հարցը ներառելու համար անհրաժեշտ էր պատվիրակների առնվազն 2/3-ի համաձայնությունը: Երեկ այս հարցը քվեարկվեց երկու անգամ: Առաջին անգամ նախաձեռնությունը ստացավ 64 «կողմ», 37 «դեմ» եւ 6 «ձեռնպահ» ձայներ: Սակայն քանի որ մի շարք պատգամավորներ բողոքեցին, թե քվեարկության իրենց համակարգը չի գործել՝ ԵԽԽՎ նախագահը հարցը դրեց վերաքվեարկության: Նշենք, որ այս որոշման դեմ առարկեցին ինչպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, այնպես էլ ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Թադեուշ Իվինսկին: Երկրորդ անգամ նախաձեռնությունը ստացավ ավելի շատ կողմ ձայներ՝ 78 «կողմ», 47 «դեմ» եւ 9 «ձեռնպահ»: Սակայն միեւնույն է՝ դրանք չկազմեցին ձայների 2/3-րդը: Սահմանադրական փոփոխությունների քննարկումների դեմ մինչ այս քվեարկությունները հանդես եկավ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, ֆրանսիացի Ժորժ Կոլոմբիեն: Նա նշեց, թե հայ պատվիրակներն իրեն տեղեկացրել են, որ հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին սահմանադրական բարեփոխումների նախագիծը կդրվի հանրաքվեի: Հիշեցնենք, որ այս մասին Հայաստանում դեռեւս չի հայտարարել որեւէ պաշտոնյա: Կոլոմբիեն նաեւ հայտնեց, թե մայիսին ինքը եւ մյուս զեկուցողը՝ Երժի Յասկերնիան կայցելեն Երեւան՝ նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին տեղում ծանոթանալու համար: Ըստ նրա՝ մայիսին նաեւ նախատեսվում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հանդիպումը Հայաստանի շահագրգիռ շրջանակների հետ: Կոլոմբիեն առարկեց Մաթիաս Յորշին, որ Լիբերալ-դեմոկրատների խմբի ղեկավարն է, եւ նշեց, թե պետք չէ քննարկումը պայմանավորել համազեկուցողների եւ դիտարկման հանձնաժողովի այցելությամբ: Ահա թե քննարկումների տապալումն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում ինչպես գնահատեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը. «Էական ազդեցություն ունեցավ համազեկուցողի հայտարարությունը, որ դա նպատակահարմար չէ եւ մայիսին Հայաստան իրենց այցելությունից հետո կարելի է անդրադառնալ այդ հարցին: Ինքնին տարօրինակ փաստարկ էր. շատերն ավելի ուշ հասկացան եւ նույնիսկ հետո ինձ մոտեցան եւ ասացին՝ մի՞թե սահմանադրական փոփոխությունների նախագծերին եւ Վենետիկի եզրակացությանը ծանոթանալու համար անհրաժեշտ է գնալ-հասնել Հայաստան: Դա նրանք կարող էին վաղո՜ւց արած լինել տեղում: Վերջիվերջո՝ զեկուցողները նաեւ վաղուց պետք է լինեին Հայաստանում, քանի որ մեր բազմաթիվ պարտավորությունների ժամկետը սպառվել է դեռեւս հունվարի սկզբին»: Սակայն պրն Քոչարյանը բնավ այն կարծիքին չէ, որ այս հարցի քննարկման տապալումով խնդիրը դուրս է գալիս օրակարգից. «Այն հանգամանքը, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 24 ազդեցիկ պատգամավորների նախաձեռնությունը չանցավ՝ դեռ չի նշանակում, թե հարցն ընդհանրապես փակվեց: Հակառա՛կը: Այն արդեն գտնվում է ուշադրության կենտրոնում: Դրան առավել լուրջ ուշադրություն կդարձնի ԵԽԽՎ Բյուրոն: Եվ սա ավելի մեծ պարտավորություն դրեց Հայաստանի վրա՝ ունենալ նորմալ Սահմանադրություն: Իսկ եթե այն չբավարարի պահանջվող չափանիշներին, ապա բնական է, որ արձագանքը շատ ավելի խիստ կլինի այսպիսի քննարկումից հետո: Եվ երկրորդը. եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի՝ առավել խիստ կլինի արձագանքը»: Մի բնութագրական մանրամասն եւս. թեեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նախապես բավական հանդուրժողաբար էր խոսել սահմանադրական բարեփոխումների հարցի հնարավոր քննարկման մասին՝ երեկ նա, ինչպես եւ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, դեմ քվեարկեց այս հարցը օրակարգ ներառելուն: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել