Երեկ ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանն իր աշխատասենյակում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Ալեքսանյանի հետ միասին ընդունեց հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականին:
Առիթը օրերս Վառնայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճված մեկական ոսկե եւ արծաթե մեդալ նվաճած մարզիկներին եւ նրանց նախապատրաստությանը մասնակցած մասնագետներին մեծարելն էր:
«Այսօրվա մեր հանդիպումը հաճելի առիթով է,- ասաց Ի. Զաքարյանը:- Մենք շարունակում ենք յուրովի նշել մեր մարզիկների նվաճումները միջազգային մրցումներում: Երբ օդանավակայանում դիմավորում էինք մեր ըմբիշներին, ես ասացի, որ Գագիկ Ծառուկյանը հարգելի պատճառով բացակայում է, սակայն հայտարարեցի նաեւ, որ ՀԱՕԿ-ը մեր այսօրվա հերոսների համար հաճելի անակնկալներ է պատրաստել: Կազմակերպված այս հանդիպումը դրանում ավանդ ներդրած մասնագետների հետ, որ մենք գնահատում ենք որպես ապագա ավելի մեծ նվաճումների սկիզբ, ձեզ շնորհավորելու նպատակ ունի: Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում նորանոր նվաճումներ ու ձայնը տալիս հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին»:
Լեւոն Ջուլֆալակյանը հակիրճ պատմեց հավաքականի յուրաքանչյուր անդամի մրցելույթի մասին: «Աթենքից առաջ եւ օլիմպիական խաղերում մենք, բնականաբար, դժգոհ էինք մեր ցույց տված արդյունքներից, բայց նաեւ ժողովրդի առջեւ մեր պարտքի զգացումը չէինք կորցրել,- ասաց նա:- Ու գիտակցում էինք, որ պարտք ունենք մարելու: Կարծում եմ, որ այս մեդալները այդ պարտքի մարման սկիզբն են: Սոֆիայում մեզ ու մեր ժողովրդի համար պարզեցինք, որ կարող ենք մեդալներ նվաճել ու այսուհետեւ աշխատելու ենք ուրախացնել մեր մարզասերներին»:
Այնուհետեւ խոսեց Գագիկ Ծառուկյանը: Նա նույնպես անկեղծորեն ոգեւորված էր: «Հեռուստատեսությամբ Իշխան Զաքարյանի եւ Սամվել Ալեքսանյանի հետ միասին էինք հետեւում ձեր մրցելույթներին,- ասաց ՀԱՕԿ-ի նախագահը:- Սպասում էինք եզրափակիչում Ռոման Ամոյանի հաղթանակին: Ափսոս, չստացվեց: Ոչինչ: Սա սպորտ է, որտեղ ամեն անակնկալ հնարավոր է: Կարեւորն այն է, որ Ռոմանը ցույց տվեց, որ ի վիճակի է ցանկացած մակարդակի մրցումում «ոսկի» նվաճել: Ու հենց դա էլ նրանից պահանջելու ենք սրանից հետո: Մնում է, որ նա ու հավաքականի մեր մյուս անդամները գիշեր-ցերեկ մարզվեն: Միայն այդ դեպքում Պեկինում մեր եռագույնը կբարձրանա ու օրհներգը կհնչի»: Իսկ Մովսես Կարապետյանի չեմպիոնական «ոսկուն», Գ. Ծառուկյանը հակիրճ անդրադարձավ՝ նշելով միայն նրա «մաքուր» հաղթանակը: Ու ասաց, որ նա այսուհետեւ բոլոր մրցումներում պետք է ձգտի առաջինը լինել: «ՀԱՕԿ-ը, Սպորտպետկոմը եւ ֆեդերացիան այսուհետեւ էլ անելու են առավելագույնը՝ ձեզ համար հաղթելու բոլոր պայմանները ստեղծելու ուղղությամբ: Եթե դուք ձեր կյանքը կապել եք սպորտի հետ, ուրեմն պետք է գնաք մինչեւ վերջ»: Եվ որպես գործադրած ջանքերի, թափած քրտինքի փոխհատուցում՝ Եվրոպայի չեմպիոնին որպես նվեր հանձնեց «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բանալի, իսկ Ռոման Ամոյանին՝ $1000 դրամական մրցանակ: Խրախուսական պարգեւների արժանացան նաեւ մեր մարզական հերոսներին նախապատրաստած մարզիչները, հավաքականի բժիշկը եւ Եվրոպայի առաջնությունն անմիջականորեն լուսաբանելու մեկնած մարզական լրագրող Կարեն Գիլոյանը: Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերոջը:
Պարգեւատրման արարողության մասին մանրամ
ասն՝ «Առավոտի» հաջորդ համարում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ