Անցյալ
շաբաթ կառավարությունը որոշում է ընդունել «Հայֆիլմ» կինոստուդիայի եւ Երեւանի պետական
կրկեսի օտարման մասին: Ինչպես տեղեկացրել ենք, «Հայֆիլմի» գույքի վաճառքի
նվազագույն գինը 266,968 միլիոն դրամ է, Պետկրկեսինը՝ 40 միլիոն 800 000: Քանի որ
«Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանի տեսակետն այս հարցի մասին քանիցս հնչել է, «Առավոտը»
որոշեց ճշտել Երեւանի պետկրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի վերաբերմունքը: «Երբ լսեցի
կառավարության այդ որոշման մասին, անմիջապես դրա մեջ լավ բան տեսա: Մեր կոլեկտիվը
եւս հայտ է ներկայացրել մրցույթին մասնակցելու: Չգիտեմ եւ չեմ էլ ուզում իմանալ,
թե մյուս հայտատուներն ովքեր են կամ ովքեր են լինելու: Հույս ունեմ, որ կառավարությունը
նախապատվությունը կտա կրկեսի մարդկանց, այսինքն՝ կոլեկտիվին: Կոլեկտիվն ամեն ինչ
կանի համապատասխան գումարը ճարելու համար, որովհետեւ կրկեսը պետք է մնա կրկեսի մարդկանց
ձեռքում: Այնպիսի պայմաններում, ինչպիսին մեր կրկեսն է, որեւէ մեկը չէր համաձայնի
աշխատել: Մյուս կողմից էլ ես կրկեսի մարդ եմ, միլիոն էլ տան՝ ուրիշ տեղ չեմ գնա աշխատելու:
Ցավոք, «Լինսի» հիմնադրամը ամբողջ հանրապետությունով անցավ, ու 1962-ից շահագործման
հանձնված կրկեսը շրջանցեց: Չնայած այդ անմխիթար վիճակին, կրկեսը երբեք չի կանգնել,
ի տարբերություն թատրոններից մեկի, որ կտուրը կաթալու պատճառով չէր աշխատում: Մինուս
10 աստիճանի պայմաններում մեր աղջիկները (ակրոբատուհիները) վերեւում աշխատել են:
Ստանիսլավսկին զուր չէր ասում թատրոնի դերասաններին՝ նախ կրկես գնացեք կարգապահություն
սովորելու, հետո եկեք թատրոն»,- ասաց պրն Պետրոսյանը: «Ինչպե՞ս եք պատկերացնում կրկեսի
հետագա ճակատագիրը օտարումից հետո, չէ որ կարեւորը միայն գնելը չէ»,- հարցրինք կրկեսի
տնօրենին: «Հասկանում եմ, որ կարեւորը գնելը չէ, այլ նաեւ ներդրումներ անելը: Ես
այդքանը գիտակցում եմ: Բազմաթիվ հնարավորություններ ունեմ համատեղ ծրագրերի, ներդրումների,
ողջ կյանքս աշխատել եմ կրկեսում, բեմադրություններ արել նաեւ արտերկրում, տղաս էլ
հայտնի իմպրեսարիո է Գերմանիայում: Այնպես որ, կրկես աշխատեցնելու ու պահելու բոլոր
ճանապարհները գիտեմ: Ուզում եմ, որ մեր կրկեսն էլ նոր շունչ ստանա, ներկայացումը
դիտելու եկած փոքրիկները ձմռանը չմրսեն, ամռանն էլ չշոգեն: Նախանձով եմ նայում վերանորոգված
մշակութային օջախներին, իսկ մենք դեռ 1962թ. ջարդված աթոռներով ենք յոլա գնում»,-
ասաց պրն Պետրոսյանը: Ներկայումս էլ կրկեսում ստեղծագործական եռուզեռ է, իսկ
մայիսի 20-ից երեւանցիները հնարավորություն կունենան դիտելու ռուսական հանրահայտ՝
«Կրկես՝ սառույցի վրա» ծրագիրը: «Եթե հարկ լինի, պարտք կանեմ, բայց էդ գոստրոլը անպայման
կլինի, որովհետեւ ամբողջ կյանքումս երազել եմ այդ ծրագիրը տեսնել Երեւանում»,- ասաց
Սոս Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ շուտով կավարտվի «Գարնանային հրաշքներ» ծրագիրը,
մայիսի 5-ին կնշվի ՀՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 70-ամյակը:
Այնուհետեւ կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Իսահակյանին,
կանադահայ հայտնի ծաղրածու Հակոբ Ուզունյանին եւ այլ արվեստագետների: Ծրագրված է
Մոսկվայի կրկեսի տնօրեն Մաքսիմ Նիկուլինի, Լենինգրադի կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական
ղեկավար Գեորգի Գապանովի, Եկատերինբուրգի կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական
արտիստ Անատոլի Մարչեւսկու այցը Հայաստան: «Դիմել ենք ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին,
խնդրել, որ գոնե Ստեփան Իսահակյանին մի քանի օրով իր հյուրանոցում տեղավորի, հույս
ունենք, որ չի մերժի»,- ասաց պրն Պետրոսյանը: Ի դեպ, մշակույթի նախարարությունը 1,5
մլն դրամ է տրամադրել Լ. Ենգիբարյանին նվիրված միջոցառումներն իրականացնելու համար:
Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի դերասաններին Հայաստան հրավիրելու ծախսերը հոգալու
համար կառավարության պահուստային ֆոնդից 2 մլն դրամ է տրամադրվել: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ