Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺԸ ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՆ Է»

Ապրիլ 26,2005 00:00

Քոչարյանից սահմանազատվելու գործընթացը սկսվա՞ծ է

Անցած շաբաթ «Նոր ժամանակներ» կուսակցության՝ Սեւան կատարած այցը շրջադարձային եղավ հայաստանյան քաղաքական ուժերի համար: Հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպը առիթ դարձավ կուսակցությունների միավորման: Թե ընդդիմությունը, թե կոալիցիան խստորեն դատապարտեցին ՀՀ որեւէ կուսակցության կամ քաղաքացու դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն: Ավելին, պատկան մարմիններից պահանջեցին «անհապաղ համապատասխան միջոցների ձեռնարկում»: Սակայն եթե հասկանալի է ընդդիմադիրների միավորումն այս պարագայում, քանզի նրանք կասկածներ ունեն, որ այդ ամենի հեղինակը իշխանությունն է, ապա իշխանական կոալիցիայի միանալն այս հայտարարությանը, մեղմ ասած, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս առիթով «Առավոտին» իր մտահոգությունները փոխանցեց «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը: Նրա տպավորությամբ, հայաստանյան ներքաղաքական զարգացումները ղեկավարվում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Որպեսզի ապագա իշխանությունում որեւէ կուսակցություն չկորցնի իր դերը, ըստ մեր զրուցակցի, այսօր պետք է իր պահվածքով անպայմանորեն սահմանազատվի Ռոբերտ Քոչարյանի եւ նրա բուն շրջապատի վարքագծից: Ուստի՝ «Կոալիցիայի կուսակցությունները ստորագրելով այդ հայտարարության տակ՝ բնավ էլ չեն ելնում բռնությունների անթույլատրելիության սկզբունքից: Վերջին հաշվով, որպես իշխանության մասնակից, նրանք կարող են Ազգային ժողովի, կառավարության մեխանիզմներով պատասխանատվության կանչել ոստիկանությանը եւ պարզել, թե վերջապես ինչո՞վ է զբաղված այդ կառույցը: Հասարակ բան չէ, ի վերջո՝ կրակել են: Իմ կարծիքով՝ էստեղ խաղ է գնում, որին մասնակցում է հայաստանյան քաղաքական ուժերի մեծ մասը: Դա դրսից ղեկավարվող գործակալական գործունեություն է»: Պարոն Աբգարյանը չի բացառում այն հանգամանքը, որ որոշ ուժեր անտեղյակ եւ անմասն են այդ «խաղից» եւ հայտարարությունը ստորագրել են սկզբունքային, մարդկային մոտեցումներից ելնելով:

Մեր զրուցակցի դիտարկումներով, մայրաքաղաքում լայն թափով ընթացող շինարարությանը զուգահեռ՝ տեղի է ունենում սեփականության վերաբաշխման գործընթաց, որը միտված է հարստացնելու որոշակի քաղաքական ուղղություններ իրականացնելու հակումներ ունեցող անձանց: Մասնավորապես՝ «Ռուսական գաղտնի ծառայությունները Հայաստանում ստեղծում են տնտեսական-քաղաքական էլիտա, որը ամբողջովին յուրացնում է Հայաստանի ունեցվածքը, առաջին հերթին՝ Երեւանինը: Այսինքն՝ այնպես է արվում, որ անշրջելի դառնա ռուսամետ իշխանությունը Հայաստանում: Որ, ովքեր էլ լինեն հաջորդ նախագահները, ուզեն, թե ոչ, գործեն ռուսական կողմնորոշումով»,- ասում է Երջանիկ Աբգարյանը: Ի դեպ, ըստ պարոն Աբգարյանի, անգամ ռուսական հեռուստաալիքներով եւ թերթերով է այժմ հակաքոչարյանական պրոպագանդա արվում: Ռոբերտ Քոչարյանի՝ Ռուսաստանին այդքան ձեռնտու կերպարի դեմ սկսված այդօրինակ ակցիան մեր զրուցակիցը պատահական չի համարում: Ավելին, նա նույնիսկ չի բացառում, որ Քոչարյանն ինքնակամ հրաժարական տա, քանի որ հավանական է մայիսի վերջին պարզ դառնա, որ Ղարաբաղի հարցով նախնական արձանագրություն ստորագրելու անհրաժեշտություն կա: Իսկ պարոն Աբգարյանի կարծիքով՝ «Քոչարյանը դժվար թե դա ստորագրի»:

Այս առումով ներքաղաքական այս զարգացումները Ե. Աբգարյանը համարում է Քոչարյանից սահմանազատվելու գործընթացի սկիզբը եւ նախագահի աթոռի համար ուժեղ պայքար է կանխատեսում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հավանական թեկնածությանը՝ «Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան տանդեմը նույն մեդալն է: Սերժը մեդալի հակառակ կողմն է: Թե Սերժ Սարգսյանը ո՞ւմ կարող է համոզել, որ դա այդպես չէ՝ այլ հարց է: Բայց որ ժողովրդի աչքում նրանք երկուսով անքակտելի, անբաժանելի են՝ միանշանակ է: Հետեւաբար ես բացառում եմ, որ պալատական հեղաշրջման տարբերակն աշխատի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել