Մշակույթն՝ ընդդեմ ցեղասպանության Երեկ Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում բացվեց բուհի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացված էին գուաշով արված պաստառներ, նաեւ կոմպյուտերային գրաֆիկա եւ քանդակներ: Ջարդը ներկայացնող ընդամենը մի քանի պաստառ կար, որոնցում պատկերված էին արյունալի տեսարաններ, սպանվածներ, ինչը հանդիպում ենք ցեղասպանությունը նկարագրող յուրաքանչյուր նյութում: Իսկ մյուսները ներկայացնում էին ինչպես Թուրքիայի, այնպես էլ ողջ աշխարհի դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ: Ցուցադրությանը մասնակցում էին ակադեմիայի 2-4-րդ կուրսերի ուսանողները: Դիզայնի ամբիոնի դոցենտ Արմեն Բուբուշյանը նշեց, որ աշխատանքները լուրջ եւ պրոֆեսիոնալ են: Ցուցադրությունից հետո կընտրվեն երեք լավագույնները, որոնք կարժանանան դրամական պարգեւի: Պրն Բուբուշյանը նշեց, որ ընտրության ժամանակ հաշվի է առնվելու մտահղացումը, ճաշակը, պրոֆեսիոնալիզմը, արդիականությունը: Նա ավելացրեց, որ ուսանողների աշխատանքներում հնաոճ գրաֆիկա չկա: Շատ թեմաներ նույնիսկ վերածնունդ են խորհրդանշում: Ուշագրավ էր ուսանող Ռուբեն Բուբուշյանի պատրաստած պաստառը, որի վրա պատկերված գլոբուսը ներկայացնում էր աշխարհի տարբեր երկրների վերաբերմունքը ցեղասպանությանը՝ «Ոմանց՝ խիղճը անհասանելի է» մակագրությամբ: Հետաքրքիր էր նաեւ Նոնա Շիրոյանի պաստառը՝ ճեղքված նռներով: Երեկ մի ցուցադրություն էլ կազմակերպվել էր Հայաստանի ազգային պատկերասրահում՝ լուսանկարներ, գեղանկարներ, Ուրֆայի (պատմական Եդեսիայի)՝ ասեղնագործ աշխատանքներ եւ դրանց էսքիզները: Վերջիններս աչքի էին ընկնում յուրօրինակությամբ: Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ հայ արվեստագետները քիչ են դիմել եղեռնի թեմային, ինչը հասկանալի է. «Ստեղծագործող անհատի հոգին ինչպե՞ս պիտի ընկալեր, սիրտը՝ հանդուրժեր եւ ձեռքը՝ նյութին փոխադրեր Եղեռնի անմարդկային սարսափները: Պատահական չէ, որ ցեղասպանությունից փրկված գաղթականների խնամքով զբաղված հայ գեղանկարչության հսկան՝ Մարտիրոս Սարյանը այս թեմայով ոչինչ չի ստեղծել: Իսկ իրադարձություններին մոտ կանգնած Վարդգես Սուրենյանցը, որը 1890-ականների կոտորածներին անդրադարձավ «Ոտնահարված սրբություններ» եւ «Ջարդից հետո» կտավներով, 1915-ին Էջմիածին հասած գաղթականներին պատկերող ընդամենը մի քանի էսքիզ արեց»: Ցուցահանդեսին ներկա բոլոր մշակութային գործիչները անդրադարձան մինչ օրս իրականացվող մշակութային ջարդին: Պատմաբան, հնագետ Արմեն Հախնազարյանը նշեց, որ իսլամական Իրանում վերականգնվում են հայկական եկեղեցիներն ու վանքերը՝ ի տարբերություն իրենց եվրոպացի համարող որոշ ժողովուրդների. «Պատճառը շատ պարզ է՝ Իրանում ցեղասպանություն չի իրագործվել, ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի: Իրանցիները հետքեր վերացնելու որեւէ խնդիր չունեն, իսկ թուրքերը մշակութային սպանդով փորձում են վերացնել այն փաստը, թե այնտեղ երբեւէ հայեր են ապրել եւ ստեղծագործել»: Երեկ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնում էլ ներկայացվեց «Անվերջ վերադարձ» ներկայացումը՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ