ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ ԶԳՈՒՇԱՑԻՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ Ահա էսպես ինձ, իմ անկապ հիշողություններով հանդերձ, Կարավանի վիլիսն ընդհուպ մոտեցնում էր իմ կյանքի նոր ու միանգամայն մշուշապատ հանգրվանին, եւ երբ մեր վիլիսը Սաքոյի վիլիսի հետքերով հասավ զորամաս ու կանգ առավ զորամասի միանգամայն լուսավոր մուտքի ու դարպասների առաջ, Կարավանն ասաց՝ «հասանք, քաջե՛ր», իսկ ավելի ճիշտ՝ Կարավանն ասաց՝ «դայեխալի, խլոպցի», եւ ես հիմա սկսում եմ հասկանալ, որ Կարավանի, Շկարուպետայի, ռուսների, վրացիների ու բոլորի ռուսերեն ասածները հետայսու պիտի մտովի թարգմանեմ ու թարգմանած գրի առնեմ, որովհետեւ, ինչպես տեսնում եք, այլ կերպ հնարավոր չի շարունակել, այսինքն՝ հնարավոր չի հայերեն վեպի մեջ թեկուզեւ հայերեն տառերով էդքան շատ ռուսերեն բառեր ու նախադասություններ գրել, մանավանդ որ՝ ես դեռ չգիտեմ, թե ինչքան կձգվի կյանքիս բանակային հատվածը ներկայացնող ու նկարագրող հատվածը, չնայած, ինչպես արդեն նկատում եք, ես կյանքիս էդ հատվածին բավական հեռվից ու միանգամայն խորքանց եմ մոտենում եւ եթե էս մանրամասնությամբ ու էս ոգով շարունակեմ, պիտի որ բավական երկար ու միանգամայն ընդգրկուն ստացվի կյանքիս, ինչպես նաեւ վեպիս բանակային հատվածը, եւ դա բնավ ցանկություններիս ու ձգտումներիս չի համապատասխանում, որովհետեւ ես տրամադրվել ու որոշել եմ գիտակցական կյանքիս գրեթե բոլոր ժամանակահատվածներն ընդգրկող վեպ գրել, իսկ կյանքիս բանակային հատվածը տակից-գլխից ընդամենը մի տարի է տեւել, ու էդ մի տարին, ինչքան էլ բովանդակալից լինի, չի կարող երկու տարի դառնալ, չնայած երկու տարին էլ մարդու կյանքում առանձնապես երկար ժամանակաշրջան չի, մինչդեռ դուք եւ ես մեր էս համատեղ ու ընդհանուր կյանքում շատ ենք հանդիպել մարդկանց, ովքեր ընդամենը երկու տարի բանակ ծառայելով՝ հետագա ողջ կյանքում իրենց էդ, ուրեմն, երկու տարիների բովանդակությունն են անընդհատ ու շարունակաբար պատմում՝ անընդհատ ու շարունակաբար ձանձրացնելով ու հոգնեցնելով իրենց ունկնդիրներին, եւ եթե իրենց ունկնդիրն իրենց շատ հաճախ նույնիսկ չի էլ լսում, էլի էդ, ուրեմն, հավերժական պատմիչները չեն դադարում հիշել ու մանավանդ հիշեցնել իրենց էդ երկու տարիների անհավանական արկածները, որոնք շատ դեպքերում հեչ էլ անհավանական չեն, քանի որ բանակ ծառայած անխտիր բոլոր մարդկանց ու հատկապես հայերի հետ են տեղի ունեցել, ու հենց էս նույն պատճառով դրանք նաեւ արկած չես անվանի: Ու ես, բանակիս էս հանգրվանին ընդհուպ ու վերջնականապես մոտենալով, պիտի որ փորձեմ չափս ճանաչել եւ չձանձրացնել առանց էդ էլ հատուկենտ ընթերցողներիս, ու էս առումով ամենահետաքրքիրն էն է, որ ես միշտ ձանձրացողների ու խրտնողների շարքերում եմ գտնվել, այսինքն՝ ես ոչ միայն չեմ սիրել ուրիշներին պատմել բանակիս կյանքը, այլեւ հեչ չեմ սիրել, երբ ուրիշներն են ինձ պարտադրել բանակային իրենց սխրագործությունների ձանձրալի ու միօրինակ շարանը, մանավանդ որ՝ էդ բոլոր սխրագործությունները տեղի էին ունենում պատերազմի բացակայության պայմաններում: Այսուհանդերձ, իմ ձգձգվող ու արդեն տեւական բնույթ ստացող էս պատմությունն ավելի շուտ մարդկանց մասին է, քան բանակային կամ, ասենք, ուսանողական կյանքի մասին, այսինքն՝ վտանգ կա, որ իմ էս պատմությունը կարող է եւ անվերջ շարունակվել, որովհետեւ, եթե կյանքն ու մանավանդ բանակի կյանքը խիստ ժամանակավոր երեւույթներ են, ապա մարդը հավերժ է, չնայած ճիշտ հակառակն էլ կարելի է ասել ու պնդել, նայած թե՝ տվյալ պահին քեզ ոնց է ձեռնտու, բայց, անկախ էս պահի իմ ու ձեր շահից, անձամբ իմ ու ձեր կյանքը հասկանալիորեն ու բնականաբար եւ, իհարկե, ցավոք սրտի, որոշակիորեն ժամանակավոր է, եւ որ ասում եմ «ցավոք սրտի», էդ հիմա՝ հենց էս պահին եմ էդպես ասում, որովհետեւ դեռեւս ահագին գրելիք ունեմ, թե չէ՝ կյանքում պարապ, անհեթեթ ու շատ ծանր պահեր են լինում, երբ մտածում ես՝ գլուխդ առնես ու չքվես էս կյանք կոչված խաղահրապարակից՝ ինչպես երբեմն բռնցքամարտի լարվածությանն ու անհեթեթությանը չդիմացող բռնցքամարտիկներից մեկն է շարունակ ականջը գոնգին պահում, բայց ինձ մոտ, փաստորեն, ճիշտ հակառակն է. ես միայն բացարձակ պարապությանս ժամերին եմ մահվանն ու ամեն ինչի ավարտին կարոտում, ու պարապությանս ժամերին ես երբեմն մահն էնպիսի մի անմարդկային մոլուցքով եմ տենչում, ինչպիսի մոլուցքով Հայրիկյանն ու մեր մյուս ազատատենչներն ազատություն են տենչացել, ու էդ իմաստով երեւի մահն ու ազատությունը միանգամայն համեմատելի են, այսինքն՝ երկուսն էլ հիմնականում պարապությունից են մոլուցքի վերածվում, ու եթե մահաբաղձ կամ ազատատենչ որեւէ մեկին որեւէ պաշտոնի են նշանակում, էդ որեւէ մեկն անմիջապես դադարում է մահ տենչալ կամ «ազատություն» բոռալ, այլ միանգամայն հանգիստ տոնով ասում է՝ այսօր իմ ընդունելությունների օրը չի,- եւ սա պարտադիր չէ՝ որ անձամբ ինձ հետ պատահած լինի, որովհետեւ ես գրում եմ ոչ թե այն, ինչ ինձ հետ է պատահել, այլ՝ միայն ու միայն այն, ինչ կարող էր նաեւ ինձ հետ պատահել: Ազատությունն ու մահը միանգամայն համեմատելի են նաեւ այն իմաստով, որ, փաստորեն, մարդու ազատատենչությունն առավել բորբոքվում է ճաղերի հետեւում, երբ, հասկանում եք, մարդուն կիսով չափ արդեն սպանած են լինում, իսկ բացարձակ ազատությունը վրա է հասնում միայն էն ժամանակ, երբ մարդը ֆիզիկապես ու վերջնականապես արդեն մահանում է, եւ այս ամենն, իհարկե, իմ կողմից ընդամենը ենթադրություններ են, որովհետեւ երբեւէ ո՛չ ճաղերի հետեւում եմ հայտնվել եւ ոչ էլ, ուրեմն, մահվան մահճում, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք պիտի ձեռներս ծալած նստենք եւ, ուրեմն, չնախապատրաստվենք դիմավորել անխուսափելին, եւ խոսքս այստեղ արդեն ճաղերին բացարձակապես չի վերաբերում, այլ միայն՝ մահվանը, ընդ որում՝ միմիայն իմ մահվանը, որովհետեւ հազար ինը հարյուր յոթանասունչորս թվականի դեկտեմբերի մեկի երեկոյան, երբ հասանք զորամասի դարպասներին, եւ փոխգնդապետ Կարավանն ասաց՝ «հասանք, քաջեր», ես էդ ժամանակ վիլիսի հետեւի նստարանին դանթած՝ միանգամայն ինձ անհայտ պատճառներով անձամբ իմ մահվան մասին էի մտածում ու անձամբ իմ մահն էի կարոտում, եւ երբ Կարավանն ասաց՝ «հասանք, քաջե՛ր», իմ պարապ ժամանակն ավարտվեց, ու սկսվեց իմ, ուրեմն, բանակային կյանքը, որի մասին մարդիկ սովորաբար ձանձրալի ու անվերջանալի հեքիաթներ ու առասպելներ են հյուսում, ու էդ առասպելների հերոսականությունը կապված չէր էն հանգամանքի հետ, որ սովետական բանակը հենց էն բարեբեր ու պարարտ հողն էր, որի վրա ցանկացած հերոսություն կարող էր լիակատար դրսեւորում ունենալ, ընդ որում՝ միանգամայն օրինական ու միանգամայն օրինակելի դրսեւորում, ավելին՝ բանակային օրինականությունը ծառայողից հենց հերոսություն ու հերոսականություն էր պահանջում, այսինքն՝ ծառայողից պահանջվում էր ոչ թե սովորական մարդ լինել, այլ իսկական հերոս՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ու եթե հերոս չէիր հաջողացնում դառնալ ու լինել, դա դեռ չէր նշանակում, որ սովորական ու նորմալ մարդ պիտի լինեիր ու մնայիր. ճիշտ հակառակը՝ եթե հերոս չէիր հաջողացնում դառնալ ու լինել, էդ դեպքում արդեն պարտադիրն ու ցանկալին հակահերոս լինելն էր, եւ շատ դեպքերում ու մանավանդ կովկասցիներիս մտայնության մեջ առավել հարգվածն ու առավել գնահատվածը հենց հակահերոսի կերպարն էր, եւ, չնայած հերոսն ու հակահերոսը միանգամայն հակառակ ու հակադիր արժեքներ էին, այդուհանդերձ, բանակային կյանքում երկուսն էլ միաժամանակ ու զուգահեռաբար հարգված էին, եւ առաջին հերթին, իհարկե, հակահերոսները՝ այսինքն նրանք, ովքեր աջուձախ ոտնահարում էին բանակային ուստավն ու զանազան ենթաօրենքները, այսինքն նրանք, ովքեր հրթիռային մեր հույժ գաղտնի զորամասում որեւէ առնչություն չունեին հրթիռների հետ, այլ միայն՝ խոհանոցի, մթերային ու շորերի պահոցների եւ բանակային բուն ռեժիմի հետ որեւէ կապ չունեցող նմանատիպ այլ բաների հետ, եւ նրանց դարս-դարս ծալված սապոգներն իսկական գարմոշկա էին, եւ նրանց կաշվե գոտիները թուլացած՝ նրանց փորերի տակ կախ էին ընկած, եւ իրենց էդ կաշվե գոտիները կախ էին ընկած նույնիսկ էն դեպքերում, երբ իրենց կրողը չոփ ու նիհար էր, չնայած շատ քնելուց ու ոչինչ չանելուց նրանց մեծ մասն առնվազն թեթեւակի փոր գցում էին, եւ նրանց պանամաներն իսկական կովբոյների պանամաների պես կողքերանքից ոլորված էին եւ ոչ թե գլուխներին ուղիղ էին դրված, այլ թեք իջնելով՝ քսվում էին նրանց քթերին՝ մշտապես փակելով նրանց աչքերն ու տեսադաշտը, ու դրանից նրանք առանձնապես չէին նեղվում, որովհետեւ նրանք փակ աչքերով էլ անգիր գիտեին զորամասի բոլոր ծակուծուկերն ու տեսնելու նոր բան առանձնապես չունեին, չնայած հենց իրե՛նք էին, էսպես ասած, չաստը նայողները, բայց, էլի եմ ասում, նայելու ու տեսնելու ո՛չ ցանկություն ունեին եւ ո՛չ էլ, ուրեմն, պահանջ, որովհետեւ իրենց ծառայության տարիուկեսում իրենք իրենց փայ հերոսությունն արդեն ավելցուկով արել-պրծել էին, ու հիմա արդեն հակահերոսության իրե՛նց հերթն էր, ու հիմա արդեն իրե՛նք իրենց գոտիները պիտի թուլացնեին եւ խստագույնս պատժի ենթարկեին գոտիները ձիգ չկապած ուրիշներին, եւ նմանապես պիտի էդպես՝ փակ աչքերով ուշադիր հետեւեին, որ ուրիշներն իրենց սապոգները գարմոշկա չսարքեին ու կլոր պանամաներն էլ ձվաձեւ չդարձնեին, ու էդ հակահերոսներն իրենց մազերը չափից ավելի երկարացնելով՝ պիտի մշտապես տեսնեին ու նկատեին ուրիշների՝ չափից ավելի աճած ու երկարած մազերն ու թրաշները եւ, տեսնելով ու նկատելով, պիտի, ուրեմն, խստագույնս պատժեին վաղաժամ ու անժամանակ կարգազանցներին: Ես բանակային կյանքի էս տարրական մանրամասների մեջ խորանում եւ էս հանրահայտ բաների մասին խոսում ու գրում եմ հիմնականում էն պատճառով, որ ընթերցողներիս մի մասը կանայք ու աղջիկներ են եւ, բնականաբար, անտեղյակ են բանակային էս տարրական հարցերից, եւ սա երեւի ինձ ու իրենց համար եզակի առիթ է, որպեսզի իրենց գոնե ընդհանուր առմամբ տեղեկացնեմ, թե կյանքի ինչպիսի բովով են անցել ու անցնում իրենց հայրերը, եղբայրները, ամուսիններն ու ապագա ամուսինները, ու ես ապագա ամուսիններին էլ եմ նշում ու շեշտում, որովհետեւ լսելով ու պատկերացնելով գիտեմ, որ մեր անկախացած երկրի բանակի ռեժիմն ու էությունն էլ ընդհանուր առմամբ նման են երեսուն տարի առաջ իմ տեսած ու իմ ապրած բանակի ռեժիմին ու էությանը, որովհետեւ երկրների ռեժիմներն ու էությունը ժամանակ առ ժամանակ կարող են փոխվել, իսկ բանակներինը՝ երբեք, եւ սա ընդամենն իմ անձնական կարծիքն է, եւ իմ զուտ անձնական կարծիքը նաեւ այն է, որ, ի տարբերություն Աստծո մտոք ու ձեռամբ ստեղծված ու արարված կյանքի, մեր տեսած ու ապրած բանակային կյանքն արհեստականորեն ստեղծված է մահկանացուներիս խելքով ու ձեռքով՝ ինչ-որ իմաստով նաեւ ի հակադրություն Աստծո մտոք ու ձեռամբ արարվածի, ու եթե մեզ հաջողված լիներ անաղարտ պահել Աստծո մտոք ու ձեռամբ արարվածը, ապա ամենեւին անհրաժեշտություն չէր առաջանա մեր իսկ կեղտոտված ձեռքերով ստեղծել ու արհեստականորեն ուռճացնել բանակային կյանքն ու բանակն ընդհանրապես, ու այսքանից հետո դեռ քաղաքակիրթ ժողովուրդներն ու երկրներն էլ մի գլուխ իրար հետ մրցակցում են՝ թե ում բանակն է ավելի գերհզոր, ու ինչքան երկրներն ավելի քաղաքակիրթ են, էնքան ավելի թեժ է ստացվում էդ, ուրեմն, մրցակցությունը: Ինչ վերաբերում է աղջիկ ու կին ընթերցողներին, ապա, պետք է ասեմ, որ երկուսից էլ ունեմ, ու դրանում վերջերս վերջնականապես համոզվեցի իմ համակուրսեցի Վարդանյան Սերգեյից մի իրական պատմություն լսելուց հետո միայն, եւ իմ ընկեր Սերգեյի տեսածն ու պատմածը հետեւյալն էր: Ինքը վերջերս մտել է «Նորք» գրատուն, եւ, իր ասելով, մի քիչ հետո էլ նույն գրախանութ է մտել մի չքնաղագույն աղջիկ, էնքան սիրուն, որ էդ պահին գրախանութի անձնակազմն ու այցելուները հիացմունքից ուղղակի քարացել են, եւ, Սերգեյի ասելով, էդ, ուրեմն, բացառիկ գեղեցկուհին ու վերերկրային արարածը հանկարծ մարդկային լեզու է առել եւ մարդկային ու երկրային սովորական հայերենով վաճառողուհուն ասել է. «Արմեն Շեկոյանի «Մետաքսի ճանապարհը» ունե՞ք»: Իմ ավելի քան երեսուն տարիների ընկեր Սերգեյն ահավոր հումորի տեր մարդ է, բայց էս անգամ, համոզված եմ, չէր կատակում ու էդ օրը հենց հասել էր տուն, տնից անմիջապես ինձ էր զանգել, եւ երբ իրեն հարցրի՝ «շատ է՞ր սիրուն», ասաց՝ «սիրունը էն խոսքը չի», եւ երբ հարցրի՝ «Նաոմի Քեմփբլից էլ է՞ր սիրուն», ասաց. «Էրեխա ե՞ս, արա՛. Նաոմի Քեմփբլի համար կարող ա՞ ծանր տեղս թեթեւացնեի ու զանգեի քեզ»: Ես Սերգեյին չհավատալու որեւէ հիմք չունեի, մանավանդ որ՝ իր էդ պատմածն ավելի քան ձեռնտու էր ինձ, ու հիմա հիշեցի, որ իմ էս երկար-բարակ պատմության առաջին էջերում, ճիշտ է, որոշ չափով անդրադարձել եմ Սերգեյին, բայց, կարելի է ասել, որ իր մասին դեռեւս ոչինչ չեմ ասել, որովհետեւ Սերգեյը ոչ միայն մեր կուրսինն էր, այլեւ՝ ողջ քաղաքինն ու հատկապես կինո «Նաիրիի» շրջակայքինը, եւ իմ ու Սերգեյի ընկերությունը հատկապես խորացավ երրորդ կուրսից հետո, ու երրորդ կուրսում ես ու ինքը դասերից անմիջապես հետո գնում էինք «Սկվազնյակ» ու «Պապլավոկ» ու էնտեղ էինք շարունակում մեր օրը, ու էդ էն թվերն էր, երբ Երեւանում հիպիներ կային, ու, չնայած Սերգեյը հիպի չէր, բայց հիպիների կողմից միանգամայն ճանաչված ու հարգված էր, ու Սերգեյը կինո «Նաիրիի» խառոշիների ու գողականների կողմից էլ էր ճանաչված ու հարգված, չնայած ինքը ո՛չ գողական էր եւ ո՛չ էլ, ուրեմն, խառոշի, ու հիմա նաեւ մտածում եմ, որ երեւի նաեւ Սերգեյի շնորհիվ էր, որ էդ տարիներին մայրաքաղաքի էդ հատվածում գողականներն ու հիպիներն ահագին ժամանակ լավ էլ կողք-կողքի խաղաղ գոյակցում էին, ու էդ երկու խավի հետ կողք-կողքի ու խաղաղ գոյակցում էին նաեւ արվեստագետներն ու գրողները, որոնցից մի քանիսին Սերգեյի շնորհիվ արդեն անձամբ էի ճանաչում: Այդ ամենից բացի, Սերգեյը մեր կուրսի ամենակարդացածն էր, ու մենք առաջին անգամ հենց իրենից լսեցինք Սարտր, Քամյու եւ բոլոր մյուս մոդայիկ անունները, եւ եթե էն ժամանակ ինձ ասեին, որ երեսուն տարի անց Սերգեյն ամենաճանաչված բանահավաքն ու հայագետն է դառնալու, ես դժվար թե հավատայի: Ես Սերգեյին հիշեցի Նաոմի Քեմփբլի էդ, ուրեմն, հնարավոր մրցակցուհու առումով, բայց հիմա նաեւ հիշեցի, որ Սերգեյն ընկերներիցս միակն էր, ում ես բանակից նամակներ էի գրում, ու հիմա նաեւ հիշեցի, որ ես, պատմելով ու հիշելով, եկել ու հասել էի կյանքիս բանակային հատվածին ու հանկարծակի թռիչք կատարեցի մինչեւ յոթանասունականների «Պապլավոկ», ու, կարծում եմ, էս ամենը միանգամայն բնական ու նույնիսկ բանական էլ է, որովհետեւ մեր էս կյանքը, ի վերջո, հիշողությունների մի անվերջ շարան է, ու հիմա նաեւ քիչ-քիչ սկսում եմ հասկանալ, որ հիշողությունները կանոնավոր հերթագայություն չեն հանդուրժում ու իրարից առաջ ընկնելով՝ մանրից սերտաճում ու խառնվում են ներկայիդ հետ, ու տարիքիդ առաջընթացով իրենց ներկայությունն ավելի ու ավելի շոշափելի է դառնում, եւ սկսում ես հիշողությանդ մեջ էնքան իրական ու բնական ապրել, ինչպես ներկա ու բուն կյանքն ես ապրում, եւ ահա հենց էդ ժամանակ է, որ անցյալդ ու ներկադ ու ամեն ինչ խառնվում են իրար: Այսինքն, իմ էս գրվածքի տարօրինակությունն ու խառնիփնթորությունը ոչ թե ինչ-որ գրական ոճ է կամ գեղարվեստական մտածողության ինչ-որ տարբերակ, այլ ընդամենը՝ տարիքային պսիխոզի կամ, երեւի, սկլերոզի որոշակի ու վաղաժամ դրսեւորում, եւ հիշողության ու բուն կյանքի էս տարօրինակ ու շարունակական կոկտեյլն առաջին անգամ ինձ սկսեց դուր գալ հիսունիցս հետո, ու էս առիթով հենց հիմա նաեւ հիշեցի, որ իմ մորական պապ Մեսրոպը մշտապես կրկնում էր, որ եթե մարդ արարածը հիսունից մի օր էլ ավել ապրի՝ էդ արդեն քյար ա, եւ իմ միջնեկ քեռի Ֆրեդն ամենից շատ էր կրկնում իր հոր էդ խոսքերը, եւ երբ իմ մորական Մեսրոպ պապն իր յոթանասունհինգ ամյակի օրը հանդիսավոր կրկնեց իր էդ իմաստությունը, իմ ամենափոքր քեռի Գագոն, որ ինձանից ընդամենը մի տարով է մեծ, զարմացած նայեց իր հայր ու իմ պապ Մեսրոպին ու ասաց. «Ա՛յ պապ, փաստորեն դու արդեն քսանհինգ տարի ա՝ քյար ես ապրում»: Ինչ վերաբերում է Ֆրեդին, իմ միջնեկ քեռին իր կյանքում գեթ մի օր քյար չապրեց ու չհասցրեց համտեսել հիշողությունների ու ներկայի իր բաժին կոկտեյլը. նա ավտովթարի զոհ դարձավ ութսուներեքին՝ քառասունչորս տարեկանում, եւ կասկածներ կային, որ նրան սպանեց մայրաքաղաքի խինկալու մաֆիան, որովհետեւ իմ միջնեկ քեռի Ֆրեդը հանրահայտ խոհարար էր ու երեսուներեք տարեկանում արդեն իսկ արժանացել էր ԽՍՀՄ խոհարարների առաջնության արծաթե մեդալին, եւ, ասում էին, ոսկուն արժանացած ուզբեկն ահագին փող էր նախապես ընկել, որպեսզի իմ քեռի Ֆրեդից խլի էդ, ուրեմն, ոսկին, բայց Ֆրեդի ու մեզ համար իր էդ արծաթը հազար ոսկի արժեր, որովհետեւ մենք մեր քիմքերի ու մեր ստամոքսների միջոցով անձամբ ու խորքանց էինք հաղորդակից ԽՍՀՄ խոհարարների առաջնության արծաթե մեդալակիր Փարվանյան Ալֆրեդի խոհարարական բազմաբնույթ տաղանդին, եւ «բազմաբնույթ» եմ ասում, որովհետեւ իր մահից ու մութուլուսի էդ ահավոր ավտովթարից ընդամենը մի տարի առաջ իմ քեռի Ֆրեդն ազատվել էր «Ծովինար» ռեստորանի շեֆ խոհարարի պաշտոնից ու տեղափոխվել էր Աշտարակի ճամփին հատուկ Ֆրեդի համար ինչ-որ մեկի հապշտապ սարքած խինկալիանոցը, եւ շատ շուտով Աշտարակի տրասսի էդ խինկալիանոց տեղափոխվեց մայրաքաղաքի խինկալիասեր ու իսկական խինկալու ղադրն իմացող ողջ չափահաս կոնտինգենտը, եւ մայրաքաղաքի մյուս բոլոր խինկալիանոցները մեկից դատարկվեցին իսկական խինկալու ղադրն իմացող իսկական տղամարդկանցից, որովհետեւ Ֆրեդի սարքած խինկալին միանգամայն նորություն էր ու համեմատության եզր չուներ մյուս տեղերում տրվող խինկալու հետ, եւ, ըստ երեւույթին ու ըստ ամենայնի, իմ քեռի Ֆրեդին հենց խինկալու մաֆիան էլ սպանեց, եւ Ֆրեդը, չնայած վերուստ որոշակիորեն նախազգուշացված էր, չկարողացավ խուսափել ճակատագրի ու մաֆիայի էդ, ուրեմն, դաժան ու անմարդկային հարվածից, եւ որ ասում եմ՝ նախապես նախազգուշացված էր, նկատի ունեմ Ֆրեդին ողջ կյանքում հետապնդած եւ ուղեկցած միանգամայն որոշակի վախն ու ավտովթարի սաստիկ կանխազգացումը: Իմ միջնեկ քեռի Ֆրեդն էն գլխից Մետաքսի ամենաքաջ տղերքից էր, եւ իր գիտակցական կյանքում միայն ավտովթարից էր զգուշացել ու զգուշանում երեւի նաեւ այն պատճառով, որ իր հորեղբոր աղջիկ բժշկուհի Էմման երեսուն տարեկանում հենց ավտովթարից էր մահացել, ինչպես նաեւ իր հայր ու իմ մորական պապ Մեսրոպն էր ութսուն տարեկանում ավտովթարի զոհ դարձել, ու դրանից հետո իմ Ֆրեդ քեռին է՛լ ավելի էր զգուշանում ավտոմեքենայից, ու նախ եւ առաջ հենց իր էդ վախն էր պատճառը, որ, թեեւ հնարավորությունները ներում էին, ինքը երբեւէ ավտոմեքենա չառավ ու չքշեց, ու ավտոմեքենայից իր էդ վախն ու զգուշությունն էին պատճառը, որ երբ Ֆրեդն ընտանյոք տաքսիով որեւէ տեղ էր գնում, միանգամից երկու տաքսի էր վարձում եւ կնոջը, մի աղջկան ու որդիներից մեկին նստեցնում էր մի տաքսու մեջ, իսկ ինքը մյուս դստեր ու մյուս որդու հետ նստում էր երկրորդ տաքսին, ու էդպես իր ողջ կյանքում իմ քեռի Ֆրեդը երկու տաքսիներով տեղաշարժեց իր ընտանիքը, որ բան է՝ եթե տաքսիներից մեկը վթարի ենթարկվեր, իր ընտանիքն առնվազն կիսով չափ անվնաս մնար: Այդուհանդերձ, իմ Ֆրեդ քեռին, ամեն զգուշություն բանեցնելով հանդերձ, չկարողացավ խույս տալ իր իսկ ճակատագրի դաժան հարվածից, ու ես հենց հիմա ցավով ու կսկիծով հասկանում ու գիտակցում եմ, որ մեր էս կյանքում չնախորոշված ու պատահական որեւէ բան չի լինում, ու հենց հիմա նաեւ հասկացա, որ ենթագիտակցորեն իմ բանակային նորամուտից շեղվելով՝ եկա ու հասա իմ ընկեր Սերգեյին ու Սերգեյից էլ՝ Ֆրեդ քեռուս, որովհետեւ հենց Սերգեյի ու իմ ընկեր Ֆիլյան Ռուբոյի թաղման, ավելի ճիշտ՝ վերաթաղման ու հողին հանձնելու պահին զգացի իմ քեռի Ֆրեդի վախճանը, ավելի ճիշտ՝ էդ պահին ոչ թե կոնկրետ Ֆրեդի, այլ հարազատներիցս մեկնումեկի վախճանը պարզորոշ զգացի, որովհետեւ, երբ Հնդկաստանի ջունգլիներից տեղափոխած Ռուբոյի մարմինը Զեյթունի գերեզմանատանը վերաթաղում էինք, հանկարծ սարսափով նկատեցի իմ քեռիներից Գոքորի ահավոր բացակայությունը, որն ավելի քան անհամոզիչ ու շշմեցուցիչ էր, որովհետեւ քեռիներիցս Գոքորը Ֆիլյան Ռուբոյի ամենամոտ ընկերներից էր եւ ինքը ոչ միայն պարտադիր պիտի ներկա գտնվեր էդ, ուրեմն, վերաթաղման արարողությանը, այլեւ հենց ի՛նքը պիտի լիներ էդ ամենի կազմակերպիչն ու ղեկավարը, մանավանդ որ՝ նախորդ օրվա հոգեհանգստի ողջ արարողությունն էլ հենց ինքն էր ղեկավարում, ու ես էդ պահին էնքան պարզորոշ զգացի հարազատներիցս մեկնումեկի մահը, որ չսպասեցի՝ մինչեւ Ռուբոյին մայր հողին հանձնեին, ու նույնիսկ ռիսկ չարի մոտենալ էդ պահին գերեզմանափոսի մոտ կանգնած Գոքորի ամենամոտիկ ընկեր Հակոբիկին, որովհետեւ ավելի քան համոզված էի, որ Հակոբիկից մի ահավոր բան եմ լսելու ու իմանալու, մանավանդ որ՝ Հակոբիկը մի քանի անգամ արդեն զարմացած ինձ էր նայել, ասել է թե՝ դո՞ւ ինչ գործ ունես էստեղ, ու էդպես, Հակոբիկին չմոտենալով ու իր հայացքից հայացքս մի քանի անգամ փախցնելով, փաստորեն արհեստականորեն հետաձգում էի բոթի ու վերջնական սարսափի պահը, ու, մինչ առաջին պատահած տաքսիով կիջնեի քաղաք, բոթն ու արհավիրքը հարազատներիցս բոլորի գլխներին պտտվում էին, ավելի ճիշտ՝ իմ մորական կողմի մարդկանց գլխներին էին պտտվում, որովհետեւ դեռեւս լրիվ չէի ցնորվել եւ պարզորոշ հասկանում ու գիտակցում էի, որ եթե իմ հորական կողմից որեւէ մեկին որեւէ բան պատահած լիներ, Գոքորն, այնուամենայնիվ, ոնց էլ լիներ՝ էդ օրն անպայման գոնե մի քանի րոպեով կհայտնվեր Զեյթունի էդ, ուրեմն, գերեզմանատանը, ու, մինչ տաքսիով կհասնեի Կրիվոյի մեր տուն, էդ ողջ ընթացքում անգութ մահն իմ մորական կողմին հերթով ու մեկ առ մեկ հնձում էր, ու իմ մորական կողմից ընդամենը Գոքորն էր ապահովագրված, որովհետեւ վերջնականապես չէի ցնորվել եւ միանգամայն հստակ հասկանում ու գիտակցում էի, որ եթե անձամբ Գոքորին բան պատահած լիներ, Հակոբիկն էլ հաստատ Ռուբոյի վերաթաղմանը չէր մասնակցի, քանի որ՝ Հակոբիկը Գոքորի ամենամոտ ընկերն էր եւ Ֆիլյաններին ու անձամբ Ռուբոյին էլ հենց Գոքորի միջոցով էր ճանաչում, ու, մինչ ահաբեկված կմոտենայի Կրիվոյի մեր տանը, անգութ մահն արդեն գերանդիով աջուձախ հնձել էր իմ մորական կողմին, ու ամենաահավորն այն էր, որ արդեն ութսուներեք թվականն էր, ու մեր տոհմի բոլոր մեծերն արդեն չկային, այսինքն՝ տաքսու մեջ ու ողջ ճանապարհին անգութ մահը հնձում էր իմ մորական կողմի ջահելներին ու համեմատաբար ջահելներին, եւ երբ շնչակտուր մեր տուն մտա ու հեռախոսի կողքին տեսա մորս ձեռագրով գրված գրությունը՝ «Արմե՛ն, շտապ արի Ֆրեդենց», ահավորը միանգամայն պարզ դարձավ: Ես էդպես հստակ ու պարզորոշ կանխազգացի քեռիներիցս ամենաժպտադեմի ահավոր բացակայությունն էս կյանքից, ու էդ օրը ես վերջնականապես ընկալեցի մեր կյանքի ժամանակավոր բնույթն ու էությունը, ու երբ մտա Ֆրեդենց ու Ֆրեդից բացի բոլորին ներկա գտա, հասկացա նաեւ, որ մեր էս երկրային թոհուբոհում ամեն ինչ ոչ միայն ժամանակավոր է, այլեւ՝ հարաբերական, ու մինչեւ իսկ զգուշությունն ու զգուշավորությունն են հարաբերական, ու նմանապես իմ միջնեկ քեռու զգուշավորությունն ու զգուշությունն էին միանգամայն հարաբերական, ու որ էս ընթացքում Ֆրեդին շարունակ ասում եմ «միջնեկ», իր էդ միջնեկությունն էր նույնիսկ հարաբերական, որովհետեւ իմ ավագ քեռին Ռաֆիկն էր, ու կրտսերը՝ Գագոն, իսկ Ֆրեդը, Գոքորն ու Վարդանը հավասարապես միջնեկ էին, եւ ահա ութսուներեքի ձմռան էդ սրթսրթան օրն իմ միջնեկներից ավագը միանգամայն հանկարծակի պակասեց էս կյանքից ու մեզանից: Գլուխ տասներեքերորդԳլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ