Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ՝

Ապրիլ 23,2005 00:00

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ՝ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՑ ԿԱՌՉԱԾ Իսկ բարեփոխումները պետք են՝ աշխարհից հետ չմնալու համար Այս օրերին Կրթության ազգային ինստիտուտը վերապատրաստման դասընթացներ է իրականացնում դպրոցական խորհուրդների անդամների համար: Գործընթացն սկսվել է 2000 թվականից: Կառավարության որոշումով կազմվել է գրաֆիկ, համաձայն որի՝ ամեն տարի մոտ 300 դպրոց կառավարման հին ձեւից անցնում է նորի: Եվ քանի որ համակարգում նորամուծությունները շատ էին, այդ պատճառով պարտադիր էր տնօրենների եւ դպրոցական խորհուրդների անդամների վերապատրաստումը: «Բացի տնօրենների եւ խորհուրդների անդամների համար առանձին դասընթացներից, կազմակերպվում են նաեւ 3-օրյա դասընթացներ, որտեղ միաժամանակ հանդիպում են դպրոցի տնօրենը, խորհրդի նախագահը եւ հաշվապահը: Կարեւոր էր, որ բոլոր կողմերի ներկայությամբ եւս մեկ անգամ տարանջատվեին լիազորությունները»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանը: Սկզբնական շրջանում արտասահմանյան մասնագետների կողմից վերապատրաստվել են տեղական դասախոսներ: Այնուհետեւ այդ գործում հմտացան նաեւ ԿԳՆ եւ մասնավորապես Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները, մարզպետարանների վարչության պետեր եւ այլն: Ըստ փոխտնօրենի՝ վերապատրաստման սովորաբար գալիս են բացասական տրամադրվածությամբ, դժգոհ: Եվ դրա պատճառը հենց նորամուծություններն են: «Որպես կանոն, տնօրենները չեն սիրում փոփոխություններ, դա մենք զգում էինք 4-5 տարի առաջ, երբ նոր էինք սկսել գործընթացը: Կարծիք կար, որ դարձյալ դպրոցը քանդելու պրոցես է գնում, ինչ-որ ուժեր դրսից գալիս են, որպեսզի միտումնավոր դպրոցը քանդեն: Կառչածությունը խորհրդային դպրոցից շատ ուժեղ է, եւ դասախոսներից մեծ ջանքեր էր պահանջվում ապացուցելու, որ բարեփոխումներն անհրաժեշտ են եւ ամբողջ աշխարհն է դրան դիմում: Մենք, իհարկե, այլընտրանք ունենք, կարող ենք հրաժարվել այդ նորամուծություններից, փակվել մեր մեջ, ասել, որ մեր երեխաներն ամենախելոքն են, մեր դպրոցն ամենալավն է: Բայց մենք հետ կմնանք աշխարհում ընթացող կրթական պրոցեսներից»: Վերապատրաստումը, փոխտնօրենի կարծիքով, հնարավորություն է ստեղծում, որ մեկ անգամ եւս պրոբլեմները քննարկվեն: «Խորհուրդների կազմում կան ծնողներ, գործարար մարդիկ, որոնց հետ սկսում ենք ա-ից, բ-ից: Հանրապետության 1400-ից ավելի դպրոցներ արդեն անցում են կատարել խորհուրդներով կառավարման, ֆինանսավորման նոր եղանակի, եւ անդամները վերապատրաստվել են: Իսկ հետագա վերապատրաստումները փոքր-ինչ էպիզոդիկ բնույթ կկրեն»: Մեզ հետ զրույցում վերապատրաստվող 3 կողմերն էլ (ուսուցիչ, ծնող, վերադաս. վերջինս կամ ԿԳՆ-ի ներկայացուցիչն է, կամ համայնքային կառավարման մարմնի) բացառապես դրական են գնահատում դպրոցական խորհուրդների դերը՝ գրեթե բացառելով այն բոլոր դեպքերը, որոնց մենք կյանքում հանդիպում ենք. դպրոցական խորհրդին վերադասի կողմից ճնշելու դեպքեր, քաղաքական ամբիցիաների դրսեւորում դպրոցում, խորհրդի անդամների ձայների գնում: Անահիտ Օդաբաշյան, ՀՊՃՀ կրթահամալիրի հենակետային վարժարանի խորհրդի անդամ, ուսուցչուհի. «Եթե խորհուրդը թափանցիկ աշխատի, ոչ մի ճնշում չի լինի: Տնօրենի ընտրության հարցում էլ մենք թվային մեծամասնություն ունենք: Բացի այդ, կարեւոր է, որ խորհուրդը մեծ դեր ունի ֆինանսատնտեսական գործունեության հարցում. կարող է չերաշխավորել բյուջեն, վերափոխումներ անել, եթե անհամաձայնություն կա հաշվապահի եւ տնօրենի միջեւ»: Ռուզաննա Միքայելյան, Աբովյանի կրթահամալիրի խորհրդի անդամ, ծնող. «Այս ձեւը դեմոկրատական կառավարում է ենթադրում, կվերանա միանձնյա կառավարումը, եւ ավելի թափանցիկ կլինի դպրոցի գործունեությունը: Իսկ վերադասի կողմից ճնշումներ չեն կարող լինել, նրանք ձայների փոքրամասնությունն են կազմում, իսկ ձայներ գնելը եզակի դեպքեր են: Օրենսդրական դաշտի իմացությունը մեզ թույլ է տալիս պատկերացում կազմել դպրոցավարության մասին, յուրաքանչյուրի իրավունքները ճանաչել՝ վստահությունը կամ անվստահությունը հայտնելու համար»: Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ, վերադասի ներկայացուցիչ Խաժակ Թոմոյանը խորհուրդ է տալիս հարցին հոռետեսորեն չվերաբերվել եւ կարծում է, որ նոր համակարգն ընդհանրապես ձեւական բնույթ չի կրում: (Ինչպես կարծում են հենց ոլորտի որոշ պատասխանատուներ): «Ճնշումը մանկավարժական կոլեկտիվի վրա՝ էապես թուլանում է, ինչը չես կարող ասել, երբ տնօրենի պաշտոնը նշանակովի էր: Այս դեպքում դպրոցում նվազում են կամայականությունները, այսինքն՝ ինչ-որ մեկն իր սենյակում նստած չի կարող հրամաններ արձակել՝ առանց հաշվի առնելու մանկավարժական կոլեկտիվի կամ ծնողկոմիտեի կարծիքը»: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել