Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալի հորը լսող չկա

Ապրիլ 23,2005 00:00

Դատապարտյալի հորը լսող չկա ՀՀ նախագահին ուղղված դիմումները տեղ չեն հասնում Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով 25-ամյա որդիս՝ Ասպարիկ Առաքելյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Նա կալանքի տակ էր 2003 թվականի փետրվարի 6-ից: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 21-ի դատավճիռը նույնն էր, ինչ առաջին ատյանի դատարանինը. այն անփոփոխ մնաց, հետեւաբար մեր վերաքննիչ բողոքը մնաց առանց բավարարման: Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ թողեց 12 տարվա ազատազրկման դատավճիռը: Նախաքննության մարմինը որդուս՝ Ասպարիկին մեղադրանք է առաջադրել. իբր նա 2003թ. փետրվարի 4-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 18 շենքի բակում Նավասարդ Միրոյանի, Անդրանիկ Հակոբյանի, Վաչագան Իգիթյանի, մյուս տղայիս՝ Համբարձում Առաքելյանի ու Գագիկ Եղիազարյանի միջեւ տեղի ունեցող կռվի, հայհոյանքների ձայնից դուրս գալով շենքի բակ՝ հանդիպել է Բադիկյանին, քաղաքապետ Շավարշ Սեդրակյանին, Գագիկ Եղիազարյանին: Փոխադարձ կռվի ժամանակ սպանվել էին ինչպես Գագիկ Եղիազարյանը, այնպես էլ քաղաքապետի քրոջ որդին՝ Հարությունը: Ընդ որում, ինչպես Բյուրեղավանում նախաքննության ժամանակ, այնպես էլ դատական տարբեր ատյաններում շեշտվում էր, որ Հարությունին սպանել է Գագիկ Եղիազարյանի եղբայրը՝ գործով վկա Նորիկը (թաղային հեղինակություն, որը օրերս Անապայում սպանության փորձ է կատարել քեռորդու նկատմամբ): Մինչդեռ մեղադրվում է որդիս: Որդուս՝ իր եւ Նորիկ Եղիազարյանի հետ առերես հարցաքննելու մասին քննիչին ուղղված միջնորդությունը մերժվել է: Ասպարիկը նախաքննության ավարտման ժամանակ հայտնել էր, թե ինքը սպանություն չի կատարել: Քննիչը ոչ միայն Ասպարիկի հայտարարության հավաստիությունը չստուգեց, այլ անգամ այդ հայտարարության վերաբերյալ նրան չհարցաքննեց եւ միայն տղայիս ցուցմունքի հիման վրա նրան մեղադրանք առաջադրեցին եւ դատապարտեցին: Ի դեպ, տեղեկացնեմ, որ քննիչ Միհրան Մինասյանն այդ գործի նախաքննությունն ավարտվելուց հետո տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ: Թեեւ որոշման մեջ նշված է, որ «Քրեական գործով կատարվել է ծավալուն քննություն, ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ», սակայն դա այդպես չէ եւ որ ձեռք բերված «ապացույցներն» էլ պատշաճ չեն գնահատվել: Վկաների մի մասը իրենց նախաքննական ցուցմունքներում հայտնել են, թե լսել են, որ սպանություն իրականացրած անձը իբր եղել է Ասպարիկը, սակայն դատաքննության ընթացքում հայտնեցին, որ իրենք նման ցուցմունք չեն տվել, մի քանիսն էլ ասացին, որ «02» հաղորդաշարից են լսել, որ Հարություն Բադիկյանին որդիս՝ Ասպարիկն է ինքնաձիգով սպանել: Դատարանները բավականին հակասությունների առաջ կանգնեցին, չփորձելով գնահատել դրանք եւ փարատել կասկածները սպանությունն իրականացրած վկայի ու բոլորովին անմեղ տեղը դատապարտյալի աթոռին հայտնված Ասպարիկի մասով: Որեւէ տուժող եւ նրա ներկայացուցիչ չի եկել գոնե մեկ նիստի (այդ մասին նույնիսկ մամուլն է գրել), որովհետեւ երեք ատյաններով ավարտված դատաքննությունների ժամանակ անգամ 12 տարի ազատազրկման դատապարտած դատավորները հակված չեն եղել մտածելու, թե որդիս մասնակցություն է ունեցել սպանությանը: Դատաքննության ժամանակ ակնհայտ դարձավ, որ առանց Նորիկ Եղիազարյանի հարցաքննության՝ անհնար է Ասպարիկին դատապարտել սպանություն կատարելու համար: Դատարանում քաղաքապետ Շավարշ Սեդրակյանը (նրա գտնվելու վայրի մասին տեղյակ չեն Բյուրեղավանում) հայտարարեց, որ փոխհրաձգության ժամանակ իրեն թվացել է, թե իր դեմ են ուղղված կրակոցները եւ որ Ասպարիկը չէ իր քրոջ որդուն սպանողը, ինչը չտեսնելու տվեց ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը: Ասպարիկը անմեղ է, նա որեւէ կապ չունի եւ չի ունեցել Բյուրեղավանում տեղի ունեցած սպանության հետ: ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել