Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

Ապրիլ 23,2005 00:00

ԴԱՏԱՐԱՆ ՈՒՆԵՆՔ՝ ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ Բոստոնցի Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների դատական գործը դրական ընթացք չէր ստանա, եթե դրան չհետեւեին ԱՄՆ Կոնգրեսն ու ԱՄՆ դեսպանատունը, մի շարք միջազգային կազմակերպություններ՝ «Եվրասիա» հիմնադրամը, «Թրանսփարենսի ինտերնեյշընլը» եւ այլն: «Առավոտն» արդեն անդրադարձել է նրանց խնդրին: Կարճ հիշեցում՝ 1996-2002-ը Ջորջ Նաջարյանը ավելի քան 500000 դոլար է ներդրել Երեւանում ֆոտոխանութ ձեռք բերելու (Աբովյան փողոցում) եւ երկու առանձնատուն կառուցելու (Ձորագյուղ ազգագրական թաղամասում) գործի մեջ: Ֆինանսական փոխանցումները կատարվել են Երեւանում Նաջարյանների արդեն նախկին ներկայացուցչի՝ թարգմանիչ Գրիգոր Իգիթյանի անունով: Սակայն նա, ըստ դատական վերջին որոշումների, տներից մեկը վաճառել եւ դրա դիմաց 600000 դոլար գումար է ստացել՝ առանց Ջորջ Նաջարյանին տեղեկացնելու, փաստորեն՝ նրանից գաղտնի տնօրինելով վերջինիս սեփականությունը: Բացի այդ, կրկին ըստ հիշյալ որոշումների, Գրիգոր Իգիթյանը շինարարական աշխատանքներ իրականացնելիս շինարարների հետ գործարքի մեջ մտնելով, ստացել է ակնհայտ կեղծ ստացականներ՝ կատարված աշխատանքների ծավալների եւ դրանց դիմաց պահանջվող գումարների մասին ուռճացրած տվյալներով, որպեսզի Ջ. Նաջարյանին ներկայացնի եւ իրական արժեքը զգալիորեն գերազանցող գումարներ ձեռք բերի: Նաջարյանների ընտանիքի մտերիմ բարեկամ Իգիթյանին հաջողվել է նաեւ իր անունով սեփականացնել եւ ամբողջությամբ յուրացնել ֆոտոխանութն ու երկու շենքերը: «Սա մեզ համար լավ ընկեր ու մտերիմ մարդն արեց: Կան բազմաթիվ բանկային թղթեր եւ մեզ էլ ասում էին, որ նա անընդհատ գումար է հանում եւ այլ նպատակներով օգտագործում, բայց մենք չէինք հավատում»,- երեկ հրավիրած ասուլիսին տեղեկացրեց Քերոլայն Նաջարյանը: 2002-ին նրանք դիմել են Երեւան քաղաքի դատախազություն՝ Գրիգոր Իգիթյանի կողմից կատարված խարդախությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու պահանջով: Սակայն գործը կարճվում է եւ փոխանցվում քաղաքացիական դատարան: Անցյալ տարվա մարտին գլխավոր դատախազությունը կրկին ուսումնասիրում է բողոքը: Հոկտեմբերին այն նորից կարճվում է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նաջարյանները բողոք են ներկայացնում առաջին ատյանի դատարան եւ դատավորը վերականգնում է քրգործը՝ չեղյալ համարելով հոկտեմբերին կայացրած որոշումը: Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնում, որը մերժվում է: Երեկ հերթական բողոքը լսվում էր վճռաբեկ դատարանում: Ելնելով ասուլիսին մասնակից Նաջարյանների փաստաբաններ Աշոտ Պողոսյանի եւ Հրայր Ղուկասյանի՝ դատական համակարգի մասին տված դրական գնահատականից եւ ընդհանուր բարձր տրամադրությունից, պետք էր ենթադրել, որ վճռաբեկ դատարանը կմերժի գլխավոր դատախազության հայցը եւ Նաջարյանների գործը կուղարկի նոր քննության: «Այսօր վճռաբեկից ստացած երկու բառը խիստ քաջալերական էր: Հավատացած ենք, որ գործի քննությունը կսկսեն նախաքննական մարմինները՝ արդեն ճիշտ գնահատական տալով եղած նյութերին»,- ասացին փաստաբանները: «Առավոտը» տիկին Քերոլայնից հետաքրքրվեց, թե գործի դրական ավարտից հետո, այն է՝ վերականգնելով իրենց կորուստը, ամուսինները կգա՞ն Հայաստան ապրելու, ինչպես նախատեսել էին: «Եթե մեր տունը վերադարձնեն՝ կմտածենք: Մինչ այդ ունեցած մտադրությունը՝ Բոստոնից գալ այստեղ եւ ժամանակ անցկացնել՝ դեռ ակտուալ է»,- պատասխանեց տիկինը: Մեր հաջորդ հարցը կապված էր Գրիգոր Իգիթյանի՝ ժամանակին «Առավոտին» ներկայացրած հակափաստարկների հետ, որով պարոն Իգիթյանը փորձում էր ապացուցել, թե Նաջարյաններից ստացած ողջ գումարը ծախսվել է բարեգործական նպատակով (ապացույց՝ ստացականները) եւ ողջ գույքը նա գնել է սեփական գումարով: «Այս սենյակում կգտնվեն մարդիկ, որոնք գիտեին Գրիգորին տասը տարի առաջ՝ նա չափազանց աղքատ էր, երբ դուրս էինք գալիս ընթրելու՝ մենք էինք վճարում նրա փոխարեն: Շարունակ խնդրում էր, որ մեքենա ու տուն առնենք իրեն, լավ էր, որ չառանք: Իսկ բարեգործական գումարները, համաձայն ԱՄՆ օրենքների, ուղարկել ենք բիզնեսի հաշվից առանձին հաշվեհամարով»,- ասաց տիկին Քերոլայնը: Իսկ պաշտպան Հ. Ղուկասյանը հավաստիացրեց, որ, ըստ քրգործի նյութերի, թարգմանիչ Իգիթյանը վերջին տասը տարում վաստակել է 10000 դոլար, ուստի եւ չէր կարող սեփական գումարով շենքեր կառուցել: Վերջում բոլոր ներկաները հոտնկայս ծափահարություններով ողջունեցին Նաջարյան ամուսինների հաղթանակը՝ շնորհիվ Հայաստանի արդար դատարանների: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել