Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԱՆՉԵՑԻՆ

Ապրիլ 23,2005 00:00

ԿԱՆՉԵՑԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հրավիրել են Երեւան քաղաքի դատախազություն՝ «ՀՀ օրենսդրության պահանջները խախտելու կապակցությամբ»՝ ձեւակերպված է քաղաքի դատախազի ավագ օգնական Վ. Մուրադյանի կողմից ստորագրված ծանուցագրում: Առավոտյան ժամը 11-14-ը պարոն Կարապետյանը գտնվել է դատախազությունում: Ավելի ուշ Արամ Կարապետյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ նրան հրավիրել էին նախազգուշացնելու, որ «եթե շարունակեք հեղափոխության մասին հակասահմանադրական կոչերը՝ կկիրառվեն դատախազական ավելի խիստ միջոցներ»: Թալինի եւ Սեւանի դեպքերի մասին խոսք անգամ չի եղել: «Իսկապե՞ս չեք վախենում նստելուց»,- նաեւ այսպիսի հարց է ուղղվել ՆԺ ղեկավարին: Ի դեպ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱԱԾ աշխատակից: «Ես որեւէ բանից չեմ վախենում, ես թավշյա հեղափոխությունների կողմնակից եմ, դեմ եմ ղրղզական տարբերակին եւ տեր եմ իմ բոլոր ասածներին»,- այսպիսի ամփոփ պատասխաններ է ներկայացրել Արամ Կարապետյանը իրեն ուղղված հարցերին, որոնք միտված են եղել ճշտելու, թե ի՞նչ է հասկանում Արամ Կարապետյանը՝ ասելով հեղափոխություն, բարիկադ եւ այլն: «Քրեական գործ հարուցված չէ, բայց գործի քննություն է գնում»,- «Առավոտին» ասաց ՆԺ ղեկավարը: Իսկ այս ամենին պարոն Կարապետյանի վերաբերմունքը հետեւյալն է. «Փորձ է արվում ցույց տալ, որ իշխանությունը վճռական է տրամադրված մեր հանդեպ. իմացանք պաշտոնապես՝ հետո՞»: Մի հարց էլ Ա. Կարապետյանն է ունեցել քննիչին. «Մինչ օրս մեր կուսակցությունը չարտոնված որեւէ քայլ արե՞լ է»: «Անդուր վիճակի մեջ ընկան»,- այսպես նկարագրեց իր հարցից հետո առաջացած իրավիճակը ՆԺ ղեկավարը: Ի դեպ, երեկ ՆԺ կուսակցությունը մի գրություն է ստացել Սեւանի ոստիկանությունից, որում հարցում է կատարվում, թե «Սեւանի մշակույթի պալատին հարող տարածքում ապրիլի 20-ին տեղի ունեցած արտոնված հավաքի ժամանակ Ձեր կուսակցության քանի՞ անդամներ են ժամանել Երեւանից»: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ օրը հանրապետական ոստիկանությունը այդ հանդիպումը չարտոնված էր որակել: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել