Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՄԱՆՔ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Ապրիլ 23,2005 00:00

ՈՄԱՆՔ ԳՈՐԾԱԿԱԼԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ Սա Շավարշ Քոչարյանի կարծիքն է, իսկ Արշակ Սադոյանը կարծում է, որ ցլամարտ է սկսվել ԱԺԴ կուսակցությունում երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրին, որ պատրաստ են բանակցել տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի ապահովվի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների նորմալ ընտրությունների ընթացքը: ԱԺԴ-ի կարծիքով՝ այժմ տարբեր թեկնածուների համար ստեղծվել են անհավասար պայմաններ, քանի որ թաղապետի պաշտոնները մենաշնորհված են որոշ կուսակցությունների կողմից, որոշ թեկնածուների կողքին էլ կան հզոր հովանավորներ: Այս ամենի արդյունքում Արշակ Սադոյանի գաղափարակիցների մեջ տպավորություն է ստեղծվել, որ ընտրությունների փոխարեն ցլամարտ է կազմակերպվում՝ «Ո՞ւմ ցուլն է ուժեղ» սկզբունքով: ԱԺԴ անդամների կարծիքով՝ ընտրական «բազառն» արդեն սկսվել է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: Իսկ ՀՅԴ-ի սկզբունքը, ըստ Արշակ Սադոյանի, այն է, որ որեւէ «բազառի» չի մասնակցում, սակայն մտնում է պայքարի մեջ նույն նպատակով՝ տեղական կառավարման մարմիններում ավելի շատ իշխանություն ձեռք բերելու: Արշակ Սադոյանը բոլոր կուսակցություններին կոչ արեց դառնալ «երեք հրացանակիրներ» եւ առաջնորդվել «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով, իսկ նրա երբեմնի կուսակցական ընկեր Շավարշ Քոչարյանը, վերլուծելով ընդդիմության ներսում կատարվող գործընթացները, կարծիք է հայտնում, որ իրականում այսօր իշխանություններն են մտահոգ եւ իրենք են ավելի շատ փորձելու աշխատել այդ սկզբունքով, որը, սակայն, նրանց չի հաջողվելու: Ի՞նչ է կատարվում ընդդիմության եւ իշխանության ներսում. այս հարցը օդի մեջ է: Շատերն այն կարծիքին են, որ ոչինչ էլ չի կատարվում, պարզապես ոմանք երազում են, որ ինչ-որ բան կատարվի: Ընդդիմության կարծիքով՝ իշխանական կոալիցիան ի զորու չէ ապահովել խորհրդարանական բնականոն աշխատանք, եւ նույն իշխանության բավականին ազդեցիկ ներկայացուցիչներ արդեն չեն էլ թաքցնում, որ նախագահական հավակնություններ ունեն: Ոմանք էլ մտածելով, որ եկել է գնացքից թռչելու ժամանակը, հավաքվում եւ ընդդիմության հետ համատեղ հայտարարություն են կազմում, որով իբր դատապարտում են ՆԺ կուսակցության առաջնորդի դեմ կատարված միջադեպը: Իշխանական կուսակցությունները այս քայլով բավականին լուրջ ապտակ հասցրին նույն ընդդիմությանը, քանի որ մեկ տարի առաջ այդ նույն կուսակցությունների մտքով չանցավ հանդիպել ընդդիմության հետ եւ խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժ գործադրածներին դատապարտել: Հիմա, ուրեմն, ի՞նչ է փոխվել: Մանավանդ անհասկանալի է, թե ո՞ւմ են դատապարտում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, չէ՞ որ իրենք են իշխանությունը եւ կարող են ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել, այլ որոշ պատասխանատու անձանց պարզապես պաշտոններից հեռացնել: Թե՞ չեն կարող: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունն այսօր սպառված է. «Ամբողջ մթնոլորտը ցույց է տալիս, որ իշխանությունը սպառված է: Իշխանությունները սպառված են Ղարաբաղի հարցում, ներքին եւ արտաքին կյանքում եւ այլուր»: Սակայն այս իրավիճակում ընդդիմության հետ էլ առանձնապես հույսեր չեն կապում, եւ նույն իշխանությունը փորձում է իր իրավահաջորդին փոխանցվել: Շավարշ Քոչարյանի կարծիքով, որեւէ նորմալ իշխանության համար սա այնքան էլ արտառոց ցանկություն չէ, սակայն մեզանում դա անհնարին է. «Ուղղակի նրանք այնքան են սպառված, որ նույնիսկ համապատասխան անձ չունեն: Եվ այս տեսակետից՝ ով էլ լինի այդ իրավահաջորդը, նույնն է լինելու, ինչ Ռոբերտ Քոչարյանն է»: Շավարշ Քոչարյանի համար ընդդիմության հետագա քայլերը հասկանալի են. «Եկեք հասկանանք, 2003-ին ժողովուրդն ընտրել էր Ստեփան Դեմիրճյանին, ու առնվազն պետք էր հարգել ժողովրդի ընտրությունը: Բայց, մյուս կողմից, նույն Ստեփան Դեմիրճյանը եւ դաշինքը ընտրություններից հետո կարող էին, չէ՞, ասել՝ իրականում Դեմիրճյանն է ընտրվել, թող իրենք հեռանան, մենք նստենք: Ստեփան Դեմիրճյանը երբեք այդպիսի բան չի ասել: Մեր մոտեցումը մնում է նույնը՝ պետք է ազատվել այս վարչախմբից, միացյալ ուժերով կազմակերպել ընտրություններ, ով ընտրվի՝ ընտրվի»: Մեր զրուցակցի կարծիքով, երկրում փոփոխությունների իրականացման գործընթացում բավականին չափազանցված է դրսի գործոնը: «Ես եւ Վրաստանում եմ եղել, եւ Ուկրաինայում, եւ կարող եմ հարյուր տոկոսով ասել, որ քաղաքական ուժերը այդ երկրներում դրսից գումար չեն ստացել: Այն, ինչ տարածել է ռուսական մամուլը, ճիշտ չէ, սակայն մերոնք դարձել են դրա գերին: Դրսի համար ընդհանրապես անընդունելի է քաղաքական ուժերին գումար տալը: Ընդամենը հասարակական կազմակերպություններին տրվել են գրանտներ: Դա բոլորովին այլ խնդիր է: Ընդդիմադիր դաշտում ինչ-որ մարդիկ կան, որ գրեթե գործակալի հոգեբանություն ունեն: Փորձում են մեկ անգամ շատ կտրուկ արեւմտամետ արտահայտություն անել եւ լրիվ փոխվել»: Անուններ, իհարկե, չտրվեցին: ԱԺԿ նախագահը վստահ է, որ փոփոխություններ երկրում կլինեն մինչեւ 2007-ը: «Երկրի ներսում շատ արագ հասունանում են այն հոգեբանությունը եւ մթնոլորտը, որ այս իշխանությունը երկար շարունակվել չի կարող: Եվ այս ամենը, իմ կարծիքով, իր արտահայտությունը կգտնի հենց այդ թավշյա հեղափոխության մեջ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել