Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միությունը 4 տարեկան է

Ապրիլ 23,2005 00:00

Միությունը
4 տարեկան է Արդեն 4 տարի է, ինչ գործում է Հայաստանի ճարտարագիտական
համալսարանի շրջանավարտների միությունը, որն այժմ ունի 2300 անդամ: Պոլիտեխնիկի կարոտը
շրջանավարտներին համախմբում է ոչ միայն Հայաստանում, այլեւ նույնիսկ հեռավոր արտասահմանում:
Պոլիտեխնիկի շրջանավարտների միության ԱՄՆ-ում գործող բաժանմունքին այս տարի միացել
է Մոսկվայի բաժանմունքը: «Պոլիտեխնիկի հավաքական ուժը եւ հարստությունը եղել
եւ մնում են բազմահազար շրջանավարտները»,- սիրում է հաճախ կրկնել ՀՊՃՀ ռեկտոր Յուրի
Սարգսյանը: Ու, իսկապես, տասնյակ տարիներ առաջ ավարտելով Պոլիտեխնիկը, շրջանավարտները
հավատարիմ են մնացել հարազատ կրթօջախին: Արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր
տարվա մարտի մեկին նշել Պոլիտեխնիկի ծննդյան օրը: Այդ օրը Պոլիտեխնիկի հայտնի ու
սիրելի ճաշարանում համախմբվում են տարբեր տարիների շրջանավարտները: Հատկանշական է,
որ նրանք միայն այդ օրը չէ, որ հիշում են հարազատ Պոլիտեխնիկին: Շրջանավարտներից
շատերը հնարավորության սահմաններում ամբողջ տարվա ընթացքում են օգնում, ներդրումներ
կատարում բուհի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում: Վերջերս նախկին
պոլիտեխնիկցի, այժմ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական
կազմին: Հանդիպումը 1-ին մասնաշենքի վերանորոգված դահլիճում էր, եւ ռեկտորը երախտիքի
խոսքեր հնչեցրեց այն բոլոր մարդկանց հասցեին, ում շնորհիվ օրեցօր ծաղկում է կրթօջախը:
Ի դեպ, հենց այդ նույն դահլիճը՝ Պոլիտեխնիկի խորհրդանիշ 1301-ը, վերանորոգվել է ամերիկահայ
բարերարներ Տիգրան Բարսամի եւ նրա եղբոր՝ Վարդգեսի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Մեկ այլ՝ 1969 թ. սփյուռքահայ շրջանավարտ, պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանի նախաձեռնությամբ
եւ անմիջական ղեկավարությամբ ամիսներ առաջ բացվեց «Տեխնոլոգիական գործընթացների եւ
էլեկտրաբանեցումների ավտոմատացում» լաբորատորիան: Այն նախատեսված է ոչ միայն ուսումնական
գործընթացի, այլեւ արդյունաբերության տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման,
պայմանագրային աշխատանքների կատարման համար: Իսկ բոլորովին վերջերս ամերիկահայ բարերար
Մայքլ Օհանյանի ջանքերով ՀՊՃՀ-ում բացվեց նոր գծիկային կոդերի եւ պատկերների նույնականացման
միջդեպարտամենտային լաբորատորիան: Պոլիտեխնիկցիները նվաճել են ոչ միայն գիտությունը,
տնտեսությունն ու քաղաքականությունը, այլեւ հումորը: Շուտով լույս կտեսնի «Կատակում
են պոլիտեխնիկցիները» ժողովածուի 4-րդ հատորը: ՀՊՃՀ պրոռեկտոր Խաչիկ Խաչատրյանը ժողովածուի
բանահավաքն է: Նա պատմում է դրանցից մի քանիսը: Ուսանողների հետ հանդիպման ժամանակ
ելույթի խոսք է խնդրում նույն ինքը՝ Խաչիկ Թովմասիչը (մասնագիտության բերումով նա
դասավանդում է ճարտարապետաշինարարական համալսարանում): Ռեկտորն ամենայն լրջությամբ
հայտարարում է. «Է՞ս ինչի ա խոսում, ինքը ուրիշ բուհի դասախոս չի՞»: Լ.
Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել