Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկական կոմպոզիտորական դպրոցի հաղթանակը

Ապրիլ 23,2005 00:00

Օբյեկտիվ
եւ սուբյեկտիվ պատճառներով հայ կոմպոզիտորները այնքան էլ հաճախ չեն մասնակցում արտերկրյա
միջազգային մրցույթների: Սուրեն Զաքարյանն էր առաջինը, որ 1990թ. մասնակցեց
Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացված կոմպոզիտորների միջազգային մրցույթին, ու նրա
Ջութակի ու նվագախմբի համար գրած կոնցերտը ճանաչվեց լավագույնը: Վերջերս էլ Շվեյցարիայի
Ցյուրիխ քաղաքում կայացել է երիտասարդ կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որին մասնակցել
են նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներն ու շրջանավարտները:
Երիտասարդ ստեղծագործողներ էին ժամանել Ալբանիայից, Ադրբեջանից, Բոսնիայից, Վրաստանից,
Սերբիայից եւ այլ երկրներից: Ի դեպ, առաջին մրցանակը շնորհվել է մեր հայրենակից
Արամ Հովհաննիսյանին, որը հայկական կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչ է եւ ներկայումս
սովորում է Շվեյցարիայում: Իսկ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի 5-րդ
կուրսի ուսանողուհի Սեդա Բաբայանը (դասախոս՝ Մարտուն Իսրայելյան) գրավել է երրորդ
տեղը: Մեր հայրենակից Արթուր Ակշելյանին էլ շնորհվել է խրախուսական մրցանակ: Սեդան
պատմեց, որ մրցույթին ներկայացել է իր՝ կամերային-գործիքային (դաշնամուր, ակորդեոն,
ֆլեյտա եւ հոբոյ) ստեղծագործությամբ: Ի դեպ, նոյեմբերին Սեդայի ստեղծագործությունը
կկատարվի Ժնեւում՝ հենց ժյուրիի անդամների կողմից: Ժյուրին գլխավորել են ճանաչված
երաժիշտներ Մատիաս Արտերը (հոբոյ), Վլադիմիր Բլակոեւիչը (ակորդեոն), Ռոլանս Մոսսերը
(կոմպոզիտոր) եւ այլք: Սեդայի կարծիքով, երիտասարդ կոմպոզիտորի համար այնքան
էլ հեշտ չէ ինքնադրսեւորվել Հայաստանում, արտասահմանում իրենց ավելի շուտ են նկատում:
«Ես առաջին անգամ էի մասնակցում արտասահմանում կազմակերպված մրցույթի, մինչ այդ Հայաստանում
մասնակցել էի Ա. Խաչատրյանի անվան երիտասարդ ստեղծագործողների մրցույթին ու ստացել
խրախուսական մրցանակ: Ես չեմ սահմանափակվի ցյուրիխյան մրցույթով, անպայման ուժերս
կփորձեմ այլ մրցույթներում եւս»,- ասաց երիտասարդ կոմպոզիտորը: Սեդան պատրաստվում
է անդամագրվել կոմպոզիտորների ու երաժշտագետների միությանը, հավատացած է, որ այդպիսով
արտասահմանի հետ կապեր ստեղծելու եւ ավելի ակտիվ ստեղծագործելու հնարավորություն
կունենա: Ս. Բաբայանը արդեն մի շարք ստեղծագործությունների հեղինակ է՝ ունի
դաշնամուրային 3 պիես, ջութակի եւ դաշնամուրի համար գրված սոնատ, լարային կվարտետ,
երգչախմբի համար գրված ստեղծագործություն՝ Մեծարենցի ու ռոմանս՝ Վահան Տերյանի խոսքերով
եւ այլն: Այժմ նա աշխատում է մեծակտավ ստեղծագործության վրա՝ Կոնցերտ թավջութակի
եւ նվագախմբի համար, որը նրա դիպլոմային աշխատանքն է: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել