Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊՈԱԿ-Ը ՊԱՏՈՒՀԱՍ Է ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ

Ապրիլ 23,2005 00:00

Խնդիրներ անկատար օրենքի պատճառով

Մշակույթի գործիչները «Առավոտում» բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել Պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) մասին ՀՀ օրենքում տեղ գտած անհարթությունների մասին, որոնց արդյունքում մեր որոշ մշակութային օջախներում անպակաս են գեղարվեստական ղեկավարների ու տնօրենների միջեւ վեճերը: Մասնավորապես, մեր թերթի 24.03.2005թ. «Մյուզիքլի թատրոնը սեփականաշնորհո՞ւմ են» հրապարակման մեջ տեղեկացրել էինք Երեւանի երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի եւ թատրոնի հերթական տնօրեն Լեւոն Աբրահամյանի միջեւ ծագած կոնֆլիկտի մասին: Ի դեպ, մշակույթի նախարարությունը խոստացել էր ամենասեղմ ժամանակում լուծում գտնել, սակայն առայսօր հարցն առկախ է:

Այս առիթով զրուցեցինք նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի հետ: «Թեեւ սեփականաշնորհումը գեղեցիկ բառ է՝ ծախել բառի համեմատությամբ, սակայն համոզված եմ, որ ոչ մի թատրոնի գեղարվեստական ղեկավար իրեն թույլ չի տա նման գործարքի մասին անգամ մտածել: Պետք է ամեն ինչ անել՝ անհարկի սեփականաշնորհման մոլուցքը մեզանում կանխելու: Եվրոպան կարող է իրեն թույլ տալ սեփական թատրոններ ունենալ, մենք Եվրոպայի հետ առայժմ ոտք մեկնել չենք կարող»,- զրույցի սկզբում նշեց ԹԳՄ նախագահը: Ըստ պրն Ղազանչյանի. «Այս ամենի պատճառը ՊՈԱԿ կոչվածն է՝ իր անկատարությամբ… Ո՞վ է հիշում տնօրեններին, պատմությունը անմահացնում է միայն գեղարվեստական ղեկավարներին եւ հենց նրանց անուններով էլ զանազանում թատրոնները. օրինակ՝ Սիմոնովի թատրոն, Լյուբիմովի թատրոն եւ այլն: Մենք արդեն մի սեփականաշնորհված՝ Փոսի թատրոնի «քաղցրությունը» ճաշակել ենք: Տարածքը վաճառեցին, թատրոնն այժմ ծվարել է Գրողների միության շենքում»: Մեր դիտարկմանը՝ ի՞նչպես է նման դեպքերում սատար կանգնում ԹԳՄ-ն թատրոններին, պրն Ղազանչյանն ասաց. «Գոնե ես ավելի քան 10 տարի է խոսում եմ այն մասին, որ ստեղծագործական միություններին պիտի ուրիշ կերպ վերաբերվել, ի տարբերություն վարսավիրների, հրշեջների կամ ձկնորսների միավորումների: Այսօր մեր ոլորտում շատ բան (նկատի ունի օրենքը- Ս.Դ.) կիսատ-պռատ է: Օրինակ, մշակութային օջախի տնօրենին մեծ լիազորություններ տալը անհեթեթություն է: Պատկերացնո՞ւմ եք, ինչ տեղի կունենար, եթե ժամանակին տնօրենները աշխատանքից ազատեին գեղարվեստական ղեկավարներ եւ գլխավոր ռեժիսորներ Վարդան Աճեմյանին կամ Հրաչյա Ղափլանյանին: Վերջերս այս եւ նման այլ հարցեր բարձրացրել ենք ՀՀ նախագահին կից մշակույթի խորհրդի հերթական նիստում: Մեր խնդիրը բարձրաձայնելն է, լուծումը թող գտնեն համապատասխան մարմինները»:

Իսկ մի՞թե մեղավոր է Մյուզիքլի թատրոնի նորանշանակ տնօրեն Լեւոն Աբրահամյանը, նա խնդրել է մեռած թատրոն, որպեսզի սեփականաշնորհի, մշակույթի նախարարությունից առաջարկել են հիշյալ թատրոնը: Մեր այս դիտարկմանն էլ ի պատասխան, պրն Ղազանչյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում մեռած թատրոն, այդպես ասողներն իրենք են մեռած»: ԹԳՄ նախագահը շարունակում է մնալ ժամանակին «Առավոտում» հայտնած իր հետեւյալ կարծիքին. «Թատրոնի մասին օրենքը ֆինանսն է, պետությունը պետք է այն հատկացնի, փոխարենը պահանջի բարձրորակ ներկայացումներ»:

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, երեւանյան առաջնակարգ թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարը, որը նաեւ աշխարհահռչակ արվեստագետ է, իրենց ստեղծագործական խմբերի՝ օրերս հրավիրված ժողովում մատ է թափ տվել տնօրենի վրա, բողոքել, որ վատ կազմակերպիչ է, մի պահ մոռանալով, որ վերը նշված անհեթեթ օրենքով այդ նույն տնօրենը վաղը կարող է իրեն ազատել աշխատանքից:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել