Մտորումներ
ապրիլի 24-ի նախօրեին Գետնին ընկածին խփում են, խփում են փորին: Ամեն հարվածից
ընկածը գոռում է՝ վայ, մեջքս: Բայց փորիդ են հարվածում. ապշում են ներկաները:- Եթե
մեջք ունենայի, փորիս չէին հարվածի,- հնչում է պատասխանը: Անցումս տարօրինակ
չթվա, մտորումներին բնորոշ են թռիչքները: Նպատակ կա՝ շտկվենք ու ապահովենք թիկունքներս.
խառն են ժամանակի հրամայականները: Հզոր ալիքներին դիմակայող Նավը մեկ աջ է
ճոճվում, մեկ ձախ: Բնության տարե՞րք է, թե՝ արհեստական փոթորիկ… Եթե վերջինն է,
կործանարար չէ, ուղղակի Նավը կամ առաջ կգնա, կամ հետ: «Հայոց երկիր»: Նավի անունն
է: Անափ օվկիանի ալիքների խաչաձեւ հարվածների տակ ձեւավորվում է հոգեբանություն,
տեսակ: Պահի ընդհանուր ձեւակերպումը հաստատ է՝ ԼԻՆԵԼ: Ոմանք հաշտվում են մահվան հետ,
շատերը ճգնում են ափ դուրս գալ՝ ապավինելով սեփական բազուկներին, կան անտարբերներ.
իրենց երթը շեղած, մեռնել – ապրելու սահմանը հատածներն են սրանք: Գցվում են փրկ«օղակները»
տարբեր ափերից, օդից, ցամաքից. զարմանահրաշ տեխնիկա, ենթադրյալ ծրագրեր, մարդկային
ռեսուրսներ, ինֆորմացիա, ֆինանս: Ոտքի է հանվում դարի հրետանին, անվանումն է՝ տեղեկատվական
տեխնոլոգիաներ: Նվաճումներ արձանագրած փրկիչների համար թույլ կամ քիչ զարգացած հարեւաններն
անցանկալի են, ուստի սկսում են համաշխարհային զարգացման գործընթացը՝ իրենց իսկ նվաճումները
չվտանգելու նպատակով: Գայթակղեցնող հնարքներն անկանխատեսելի են ամենապարզ տրամաբանության
իսկ պատճառով՝ թելադրում են քաղաքակիրթ հզորները: Շահի պայքար է, որի սկզբի ու վերջի
թելադրանքն էլ այս է լինում՝ մարդ, թող քո հայրենիքը եւ «գրավիր» ողջ աշխարհը: Փաստերը
ննջում են, պատմությունը զգաստ հիշեցնում է՝ նրանք քնած չեն: ՆԱՎԸ… Հայրենիք, առաջնորդ,
ժողովուրդ. Նավի, անձնակազմի, ուղեւորների փրկության համար այն կառավարելի են դարձնում:
Խարիսխ է պետք գցել: Սա պետությունների, ժողովուրդների, հասարակության պատմությունն
է, որը մշակվում է գենը ուսումնասիրելով եւ ներսից, եւ դրսից: Ազգի գենը: Մեթոդ է,
մանդատ հաստատելու քաղաքականություն: Ափ դուրս եկածները խոնարհվում են՝ ի
նշան երախտագիտության, փրկված են: Ցամաքում հայտնվածներից շատերի կեցվածքը արժանապատիվ
է, ասել է թե՝ նույն կերպ կվարվեին իրենք էլ: Փրկիչների եւ մաքառողների դիրքերի միջեւ
է տարբերությունը: Այսպիսի անհավասար իրավիճակներում հայտնված արժանապատիվներին «չեն
սիրում», բայց հաշվի են նստում հենց նրանց հետ: Ծնունդ է գրանցվել, բնության օրենքով
այն ցավոտ է լինում, վկան մոր եւ մանկան ճիչը՝ լույս աշխարհ դուրս գալու պահին: Առեղծվածային
ճիչը՝ վախի՞ց է, թե՞ լույսի հրճվանքից: Մոր մեջ ապահով էր, բայց՝ գերի: Գերի, ոչ
ստրուկ: Դուրս եկավ թե չէ՝ մայրն է դառնում գերի, եւ սարսափազդու է այն էգի մռնչոցը,
ում զավակը կքվելու է ոչ իր գործած մեղքերի բեռան տակ: Սա ազատ, անմեղք ապրելու բնական
ձգտումն է: Հողը դեռ ճաքեր է տալու, մեծ աշխարհի մեր Սիրո անկյունում աշխարհաքաղաքական
նոր զարգացումներին դիմակայելը հեշտերից չէ: Անհանգիստ են եղել ժամանակները, այդպիսին
կա այժմ, շատացել են միայն անցյալի դասերը՝ որպես զգուշացում ապագայի համար: Արհավիրքից
փրկված Նավը վերածնունդ է ապրում: Պահպանվելու մեխանիզմը ծանր է, բայց Փառքի ճանապարհ
է ենթադրում: Փարոսը Մայր Հայրենիքն է: Երկրագունդը դուրս է եկել իր շառավղից,
աշխարհը շտապում է, իր հետագծով գրանցելով հանրահայտ մի բանաձեւ՝ յուրաքանչյուրն
իր ժամանակի տերն է եւ գերին: Ժամանակի ընթացքի մեջ Հայրենիին տեր եւ գերի՝ ուղղվում
ենք առաջ, կոչը. մեջք-մեջքի՝ Հանունի ճանապարհով, պայմանը՝ միասնություն, պահանջը՝
ամուր պահել պաշարման մեջ գտնվող չհանձնված նավի «դարպասները»: Հրամայված
է ապրել: Մ. ԱՍԱՏՐՅԱՆՀՀ ԱԺ Տեղեկատվական վարչության պետ