Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր լեզուն մեր հայրենիքն է

Ապրիլ 23,2005 00:00

Բաց նամակ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Վ. Առաքելյանին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, ՀՀ վարչապետ
Անդրանիկ Մարգարյանին: Ինչպես հայտնի է, այս տարի համայն հայությունը տոնում
է Մաշտոցյան գրերի գյուտի 1600-ամյա հոբելյանը։ Նախատեսվել են տարբեր միջոցառումներ՝
ՀՀ պետության, Հայ եկեղեցու եւ հասարակական լայն մակարդակներով։ Սակայն հենց
ՀՀ կոչվող պետության մեջ, որտեղ ենթադրվում է, որ պետք է գոնե հարգվեն հայոց ազգային
սրբությունները, հայոց լեզուն այսօր արհամարհված վիճակում է։ Ամենուրեք խախտվում
են ՀՀ Սահմանադրության 12՟րդ հոդվածը, «Լեզվի մասին» ՀՀ օրենքը եւ հայոց լեզվի կիրառությանն
առնչվող այլ օրենսդրական փաստաթղթեր։ Տարիներ առաջ նկատած լինելով, որ «Հայփոստ»
ՓԲԸ անդորրագրերը բացառաբար ռուսաց (այսինքն՝ օտար) լեզվով են, նաեւ այն, որ այդ
անդորրագրում ասվում է, թե «Հայփոստն» առաջնորդվում է ԽՍՀՄ կապի կանոնադրությամբ,
այդ մասին ահազանգել էի ուր որ պետք է՝ թերությունը վերացնելու պահանջով։ Խնդրի մասին
հանդես եմ եկել նաեւ սփյուռքահայ մամուլում։ Տարիներ են անցել, իսկ այս այլանդակությունը
հաղթականորեն շարունակվում է Հայոց գրերի 1600-ամյակը պետականորեն նշող ՀՀ-ում: Անդորրագրում
ռուսերեն գրությունները տեղ են գտել ՀՀ պետական զինանշանի ներքո, այն տպավորությունը
թողնելով, թե ՀՀ պետական միակ լեզուն ռուսերենն է։ Ի՞նչ որակում կարելի է
տալ նման արտառոց երեւույթին։ Ներքոստորագրյալս՝ Լիբանանի Հանրապետության քաղաքացի,
տասնամյակներ առաջ եկել է Հայրենիքի այս՝ քիչ-շատ հայկական մնացած տարածքը, հույս
ունենալով, որ այնտեղ իրեն կզգա իր համար ամենից հարազատ վայրում։ Եթե «Հայփոստի»
անդորրագրերում եւ այլուր շարունակվելու են ԽՍՀՄ կոչված պետության «եղբայրական» ավանդույթները,
ապա կնախընտրեի ապրել Ռուսաստանում կամ այլ երկրում։ Սակայն սա իմ Հայրենիքի մի մասն
է, այսինքն՝ նաեւ ի՛մ սեփականությունը, ինչպես իմ սեփականությունն է նաեւ հայոց լեզուն։
«Հայփոստի» այս ռուսալեզու անդորրագրի շրջանառման շարունակումը իմ անձնական,
ազգային ու մարդկային արժանապատվության եւ իրավունքների, հայոց ազգային արժանապատվության
ամենակոպիտ խախտում է։ Հետեւաբար, դիմելով Ձեզ, ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ
անհապաղ ձեռք առնել այս այլանդակությունը վերացնելու համապատասխան քայլեր։ Զգուշացնում
եմ, որ այս հարցում մինչեւ վերջ եմ գնալու, հարկ եղած դեպքում՝ նույնիսկ իմ կյանքը
տալով։ Ինչպես մեծ բանաստեղծն է ասել՝ մեր լեզուն մեր Հայրենիքն է, այսինքն՝ հայրենի
հողի նման սրբություն է։ ՀՀ պետական միակ լեզուն հայերենն է։ Այս տարրական
ճշմարտությունը չհասկացողը չի կարող հայ կոչվել։ ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆպատմական
գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել