Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղբը լցնում են եկեղեցու տարածք

Ապրիլ 23,2005 00:00

Բողոքում
է հայր սուրբը Երեւանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուն հաջողվել է ձեռք
բերել շրջակա կանաչ տարածքը ջրելու հնարավորություն: «Մենք կարող ենք հաճախակի շաբաթօրյակներ
կազմակերպել եւ մաքրել շրջակայքը: Սակայն Օղակաձեւ այգում գտնվող սրճարաններն իրենց
կենցաղային աղբը, տերեւները մաքրում-լցնում են եկեղեցու տարածք, որը ոչ միայն անթույլատրելի,
այլեւ տգեղ երեւույթ է: Եկեղեցուն հարող ոչ մի սրճարան աղբարկղ չունի եւ աղբահանություն
չի կատարում: Հետաքրքիր է, թե ինչ են մտածում համապատասխան կազմակերպությունները»,-
մեր թերթին իր մտահոգությունը հայտնեց եկեղեցու հոգեւոր տեսուչ Անուշավան վարդապետ
Ժամկոչյանը: Նորակառույց դատարանի շենքի հետեւում եկեղեցու նախաձեռնությամբ դրվել
է երկու աղբաման, որտեղ իրենց կենցաղային աղբն են լցնում շրջակայքի բնակիչները: «Եթե
այդ աղբամանները չլինեն, մարդիկ աղբը կթափեն գազոնների մեջ, քանի որ բավականին հեռու
են գտնվում այդ տարածքին հատկացված աղբամանները: Սակայն մեզ մոտ եւ՛ աղբամաններն
են քիչ, եւ՛ այդ խնդրին հատկացված ուշադրությունը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում
չենք հասցնի մաքրել, եթե նույնիսկ ամեն շաբաթ շաբաթօրյակ անենք»,- ասաց հայր Անուշավանը:
Հայր սուրբն ընդհանրապես ապշած է քաղաքի փնթիությունից: «Առավոտը» զրուցեց
նաեւ մերձակա սրճարանների ղեկավարների հետ: Եկեղեցու տարածքին առավել մոտ են գտնվում
«Խոլորձ» եւ «Ուսանող» սրճարանները: «Խոլորձ» սրճարանում ասացին, որ իրենք պայմանագիր
չեն կնքում եւ աղբը երեկոյան տուն են տանում (տեսնես սա քաղաքակրթության ո՞ր դարից
է- Ռ. Ա.): Քիչ այն կողմ գտնվող «Ուսանող» սրճարանից տեղեկացրին. «Մենք միշտ էլ պայմանագիր
ունեցել ենք եւ ամեն ամիս 5000 դրամ վճարում ենք: Սակայն աղբը ինքներս ենք թափում
դիմացի մայթին՝ Խանջյան փողոցում տեղադրված աղբամանում: Ճիշտ է, մեզ առաջարկեցին
աղբամաններ, սակայն այնպիսի թվեր են, որ ի վիճակի չենք գնելու: Մեզ էլ հաճելի չէ,
որ սրճարանի այցելուները նայում են դիմացի աղբակույտին»: Ցույց տվեցին նաեւ իրենց
կողմից խնամված գեղեցիկ կանաչ տարածքում «ԱրմենՏելի» դիտահորը, որը լիքն էր աղբով.
«Այդքան մաքրում ենք, խնամում, բայց մի փոքր փոս են տեսնում թե չէ՝ ձեռքների եղածը
մեջն են գցում»: Սակայն չի բացառվում, որ այդտեղ աղբ կարող են թափել նաեւ այլ սրճարանների
աշխատողներ: Այգում բնակելի շենքեր կամ գերատեսչություններ չկան: Քաղաքապետարանից
տեղեկացրին, որ այս հարցով զբաղվում է Կենտրոն թաղապետարանը եւ իրենք միայն վերահսկում
են այդ կառույցի աշխատանքը: Կենտրոնի կանաչապատման բաժնից տեղեկացրին, որ Օղակաձեւ
այգու ոչ բոլոր սրճարանների հետ պայմանագիր ունեն: Պայմանագրի առկայության դեպքում
աղբահանումը իրենց բաժինն է իրականացնում, եթե ոչ՝ այն կազմակերպվում է սրճարանի
տերերի կողմից: Այդ դեպքում ո՞ր կառույցն է իրավասու վերահսկելու, թե սրճարանի աշխատակիցները
աղբը լցնում են նախատեսվա՞ծ, թե՞ մոտակա ամենահարմար վայրը: Եթե պայմանագիրը պարտադիր
չէ եւ նույնիսկ այն ունենալիս էլ խնդիրը չի լուծվում, ուրեմն գուցե հարկ է գտնել
ա՞յլ մեխանիզմներ: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել